Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռուհանին պայմանավորվածություն են ձեռք բերել գազային ոլորտում համագործակցության հարցով:
Համապատասխան հուշագիրը «Գազպրոմ»-ը և Իրանի նավթային ազգային ընկերությունը ստորագրել են մարտի 28-ին երկու նախագահների հանդիպմանը: Ընկերությունները նաև ստորագրել են գաղտնիության մասին համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, «Գազպրոմ»-ը մտադիր է Հայաստանի Հրազդան ՋԷԿ-ում մշակված էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Վեդոմոստի» ռուսական պարբերականը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, ընկերությունը հայկական շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժ է տեսնում՝ իրանական գազը Հրազդան ՋԷԿ-ում մշակված էլեկտրաէներգիայով փոխանակելու հաշվին: