«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունն իրականացրել է ծրագիր` Արցախում բնակվող, պատերազմի ազդեցությունն ուղղակիորեն կրող կանանց, նրանց խնդիրներին եւ հակամարտության ու դրա լուծման վերաբերյալ պատկերացումներին ծանոթանալու նպատակով: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀԿ-ի անձնակազմն այցելել է Ստեփանակերտ, Շուշի քաղաքներում եւ Վանք գյուղում բնակվող, ինչպես նաեւ Թալիշից, Մարտակերտից եւ Մատաղիսից ապրիլյան հակամարտությունից հետո վերոնշյալ տարածքներ ներքին տեղահանված կանանց, որոնցից 30-ի հետ անցկացվել է խորքային հարցազրույց: Հարցազրույցների արդյունքները ցույց են տվել, որ ռազմական թոհուբոհի մեջ կանայք եւ նրանց խնդիրները շարունակաբար անտեսվում են: Հարցազրույցների արդյունքում վեր են հանվել կանանց առողջական, հոգեբանական եւ սոցիալական տարբեր հիմնախնդիրներ:
«Հարցազրույցներից հետո ունեցած արդյունքները ստիպեցին մեզ իրականացնել ծրագիր, որի միջոցով կբարձրաձայնվեին պատերազմի մեջ ապրող կանանց խնդիրները, եւ կլուսաբանվեր խաղաղաշինական գործընթացներում նրանց ներգրավվածությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը: Ծրագրի շրջանակներում դասընթաց է անցկացվել «Կանանց ներգրավվածությունը խաղաղաշինության գործընթացում» թեմայով, որի ավարտից հետո 5 լրագրող եւ լուսանկարիչ հնարավորություն է ստացել այցելելու Արցախ եւ պատրաստելու 5 հոդված ու ֆոտոպատմություն, որոնք էլ ներկայացված են ցուցահանդեսում, ինչպես նաեւ զետեղված են ժողովածուում:
Ֆոտոպատմությունների հերոսներն ընտրվել են հեղինակների ուսումնասիրությունների, այցի եւ փնտրտուքների արդյունքում:
Կարդացեք նաև
«Արցախում բոլոր կանայք ինչ-որ մասով առնչվում են պատերազմի, խաղաղության համար պայքարի հետ: Իմ եւ գործընկերոջս համատեղ աշխատանքը կանանց առողջության վերաբերյալ էր, թե ինչպես շատ հաճախ կանայք ետին պլան են մղում իրենց առողջությունը»,- մեզ հետ զրույցում հավելեց լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը:
Բացման արարողության ժամանակ այցելուները հնարավորություն ունեցան քվեարկելու իրենց նախընտրած լրագրողի եւ լուսանկարչի օգտին, քվեարկել հնարավոր է նաեւ փակման արարողության օրը: Երկու օրերի քվեարկություններին կգումարվի նաեւ ժյուրիի ձայնը, եւ արդյունքում կընտրվեն ծրագրի հաղթողները, որոնք էլ կարժանանան հատուկ մրցանակի «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից:
Ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:
Մերի ԻՍԱՅԱՆ