«Ոգեւորություն զգում եմ երիտասարդների հետ շփվելիս: Տեսնում եմ, որ նրանք ունեն իղձեր, նպատակներ, ծրագրեր եւ շատ ու շատ բան են կապում իրենց հայրենիքի հետ հենց այսօր»,-այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անահիտ Հարությունյանը:
Նրա խոսքերով` միջին տարիքի եւ ավելի տարեց սերունդը հիասթափված է. «Իսկ երիտասարդները լավ են տրամադրված: Ես համոզված եմ, որ ինչքան ազնիվ ձայներ լինեն, դրանք երիտասարդների ձայներն են»:
«Հայկական վերածնունդ»-ի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու Մարիաննա Ֆրունջյանն էլ ասաց, որ քարոզարշավի ժամանակ որքանով որ հասցրել է շփվել մարդկանց հետ, նկատել է, որ անվստահություն կա, որ իրենց ձայնը տեղ կհասնի` իրազեկության խնդիր կա. «Ոչ մեկը չի կարող ստիպողականության կոմպոնենտով հանդես գալ եւ ոչ մի տեսախցիկ չի կարող նկարել, թե անձը իր ձայնը ում է տվել»:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը, որն էլ ասաց, որ գոյություն չունի արդար ընտրություն. «Իշխանությունը բացեիբաց իր լծակները օգտագործում է ընտրությունները կեղծելու համար, սա ակնհայտ փաստ է»:
Կարդացեք նաև
Ընտրությունների արդար անցկացման պարագայում, պարոն Սարգսյանը նշեց, որ այսօրվա 9 ուժերից առնվազը 3-4 ուժերը չեն մասնակցի դրանց:
«Կոնգրես-ՀԺԿ» ներկայացուցչին լրագրողներից մեկը հարցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը անընդհատ շահարկում է խաղաղության հարցը, որին ի պատասխան Նարեկ Սարգսյանը ասաց. «Հայաստանը 1990 թվականից պատերազմի մեջ է եւ խաղաղությունը այսօր մեր օրվա հացն է, որ ուզում ենք ունենալ: Ով չխոսեց խաղաղության մասին, նա իրականությունը չգիտի»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ