Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները

Մարտ 29,2017 15:32

Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանին նշանակալի ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն են ապահովել, այդ թվում՝ սարքավորումներ, որոնք կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ապրիլի 2-ին: Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:

Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը և կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու փակ և որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն: Մենք ողջունում ու պաշտպանում ենք վստահելի տեղական ու միջազգային դիտորդական նախաձեռնությունները, որոնց միջոցով Հայաստանի գրեթե բոլոր 2009 տեղամասերում կապահովվի դիտորդական ներկայություն՝ նպատակ ունենալով ապահովել ընտրությունների անցկացման վերաբերյալ հավասարակշռված և օբյեկտիվ վերլուծություններ:

Հարկ է նշել, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Մենք տեղյակ ենք և մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն և կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները:

Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն և առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Բրիտանական դեսպանատուն Երևանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031