Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի պատմության ուսուցչուհի Կարինե Քոչարյանի եւ տնօրեն Ռիտա Արսենյանի հակամարտությանն Aravot.am-ն ավելի վաղ էր անդրադարձել:
Տիկին Քոչարյանը պնդում էր, թե ամեն ինչ սկսվել է նրանից, որ ինքը «հանդգնել» է գործող տնօրեն Ռիտա Արսենյանի հետ մասնակցել դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթին: Տնօրենը, բնականաբար համաձայն չէր նրա բերած փաստարկների հետ:
Պատմության ուսուցչուհին երեկ էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման 3 դիմում է ներկայացրել, սակայն տնօրեն Ռիտա Արսենյանը հրաժարվում է իրեն ազատել:
Կարինե Քոչարյանն ասաց, որ իր համար դպրոցում անվտանգ չէ, քանի որ ուղղորդված երեխաները դասերը խանգարում են, իսկ իր ինքնազգացողությունը նյարդային լարված վիճակի պատճառով այնքան է վատացել, որ ստիպված է եղել դիմել բժշկի, դրանից առաջ էլ իր հաշվին արձակուրդ էր վերցրել մինչեւ կրքերի հանդարտվելը, բայց ապարդյուն: Կարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ իր խնդրի մասին հայտնել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:
Կարդացեք նաև
Մեկնաբանության համար կապվեցինք նաեւ դպրոցի տնօրեն Ռիտա Արսենյանի հետ: «Ես իրեն ոչ թե չեմ ազատում աշխատանքից, այլ իր պահանջած հոդվածով չեմ ազատում: Իր պահանջն անհիմն է, ուզում է, որ Աշխատանքային օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասով ազատվի, ինչին դեմ եմ, ես որպես գործատու իմ բոլոր պարտականությունները կատարել եմ, իրեն ազատ օր եմ տվել, դասաժամերով ապահովել եմ, իրեն մյուս ուսուցիչների հետ դեկտեմբեր ամսին պարգեւատրել եմ, ի հակառակ իր որոշ պարտականությունների չկատարման: Իր պահանջը քննարկվել է նաեւ արհկոմի նիստում:
Ես կդիմեմ իմ վերադասին, ու թող վերադասը որոշի, թե որ հոդվածի համաձայն իր հետ պայմանագիրը լուծարեմ: Բացի դրանից, ես դեռ պետք է իրեն փոխարինող գտնեմ, ինչի համար ինձ ժամանակ է անհրաժեշտ: Այո, ինքը 3 դիմում է գրել՝ 3-ն էլ նույն բովանդակությամբ, ես բոլոր դիմումներն էլ ընդունել եմ, մուտքագրել, բայց ինքը հրաժարվում է իմ պատասխանը ստանալուց»,-հայտնեց տնօրեն Ռիտա Արսենյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ my-family.club կայքից