Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևի տնօրեններն ասել են մամայի-պապայի արև աշխատանքի ժամին չենք արել». Վարուժան Հոկտանյան

Մարտ 29,2017 14:41

«2017թ. խորհրդարանական ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի արդյունքները» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ իրենց մոնիտորինգի արդյունքում գրանցվել է վարչական ռեսուրսի սպառնալիքի 9 դեպք. դրանք հիմնականում կիրառվում են շարքային քաղաքացիների և պետական համայնքային պաշտոնյաների նկատմամբ ու համայնքային ենթակայության հիմնարկներում՝ մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ: Տարածված խախտումներ են անձնագրերի հավաքումը բարեգործության նպատակով՝ 20 դեպք, 45 դեպք ընտրակաշառքի բաժանում կամ խոստումներ, 8 դեպք էլ ցուցակագրում քվեարկության ուղղորդելու նպատակով: Արձանագրվել են նաև աշակերտների, ծնողների վրա ճնշումների դեպքեր:

Վարուժան Հոկտանյանը վստահեցրեց, որ իրենց մոնիտորինգի ընթացքում ներառել են բացառապես փաստարկված դեպքերը, ոչ թե հիմնվել են պարզապես այնպիսի խոսակցությունների վրա, թե դպրոցների ծնողներին բերել են քարոզարշավի և այլն:

Ըստ պարոն Հոկտանյանի՝ ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահում եզրույթը, ուսումնասիրությունները գալիս են ավտորիտար, տոտալիտար երկրներից: Նա խորհուրդ տվեց տարբերակել վարչական ռեսուրսի օգտագործում և չարաշահում եզրերը:

Հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչություն է անում աշխատանքային մարզային այցերի շրջանակներում արդյոք դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞, պարոն Հոկտանյանը պատասխանեց, թե դա, եթե անգամ աշխատանքային ժամին էլ չէ, ու եթե վարչական ռեսուրսի չարաշահում չէ, ապա այդ ռեսուրսի օգտագործում է. «Դա վարչապետի և նախարարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է, քանի որ նրանք արձակուրդում չեն գտնվում: Եթե շաբաթ-կիրակի է քարոզչություն անում վարչապետը, դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այլ օգտագործում: Այստեղ ավելի կարևոր է, թե նրա հետ հանդիպումներին մարդիկ ինչպես են գալիս. նրանք բերմա՞ն են ենթարկվում, թե՞ իրենց կամքով են գալիս: Իսկ եթե բերման են ենթարկվում, ապա դա արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է անկախ նրանից, որ ժամին է դա եղել»:

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է նաև տեղական և տարածքային հանձնաժողովների անդամների մասնակցությունը քարոզարշավին: Գրանցվել է այդպիսի 24 դեպք, 22 դեպքերում պաշտոնյաները մասնակցել են քարոզարշավին, 6 դեպքերում էլ գրանցվել է ուժային կառույցների մասնակցություն քարոզարշավին: 24 խախտում է գրանցվել, երբ համայնքային մարմինների աշխատակիցները մասնակցել են քարոզարշավին, 39 դեպքերում էլ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն են մասնակցել քարոզարշավին:

Ըստ պարոն Հոկտանյանի՝ տարածված խախտում է պաշտոնական այցերի զուգակցումը քարոզարշավին, կամ այս կամ այն թեկնածուին անուղղակի կերպով տարածք չտրամադրելը քարոզչության նպատակով, իշխանության ներկայացուցչի կողմից բարեկարգման աշխատանքները, զանգվածային միջոցառումների ընթացքում քարոզչությունը և այլն:

Վարուժան Հոկտանյանն անդրադարձավ նաև դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրություններին ու վստահեցրեց, որ դա վարչական ռեսուրսի անուղղակի չարաշահման հստակ դեպք է: Ըստ պարոն Հոկտանյանի, եթե ցուցակագրվում են ստիպողական ձևով, դա արդեն հանգիստ կարող է համարվել վարչական ռեսուրսի չարաշահում:

Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ կոնկրետ այս հարցում իրավապահները պետք է ավելի նախաձեռնող լինեին ու ճշտեին, թե ովքեր են հրահանգել տնօրեններին այդ գործն անել. «Դա որպես կանոն գալիս է մարզպետարանների, համայնքապետարանների, պետական այլ մարմինների ցուցումներով: Շատ քիչ դեպքերում նրանք կարող են ինքնագլուխ նման բաներ անել, ծայրահեղ դեպքում, եթե իրենք են կամ իրենց բարեկամներն են, ինչպես Արման Սահակյանի կինն էր անում»:

Պարոն Հոկտանյանը կասկածի տակ է դնում նաև այն հիմնավորումը, թե այդ ցուցակագրումն արվել է ոչ աշխատանքային ժամին ու հեգնում. «Երևի ԿԸՀ-ն նրանց հարցրել է աշխատանքային ժամի՞ն եք արել, թե՞ ոչ, նրանք էլ ասել են մամայի, պապայի արև, աշխատանքային ժամին չենք արել: Մինչդեռ լուրջ գործողություններ են պետք սա ապացուցելու համար, քան տնօրեններին հարցնելը: Հակափաստարկ է բերվում, թե ցուցակագրումն օրինական է, մինչդեռ եթե դա վերադասն է անում իր աշխատավայրում, դա ինքնին վարչական ռեսուրսի չարաշահում է անկախ նրանից, թե որ ժամին է արվել»:

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի՝ ընտրակաշառք բաժանվում ոչ միայն իշխող կուսակցության կողմից, այլ դա կիրառում են նաև մյուս ուժերը:

Այս առիթով պարոն Հոկտանյանը հստակեցրեց. «Երբ խոսում ենք վարչական ռեսուրսի չարաշահման մասին, ապա այդ չարաշահումը կարող է լինել միայն իշխող ուժի կողմից, քանի որ միայն նա է տիրապետում վարչական ռեսուրսի, մյուս ուժերի պարագայում դրանք ուղղակի ընտրախախտումներ են կոչվում»:

Գրանցվել են նաև մի շարք դեպքեր, երբ Արարատի մարզի Այգավան գյուղում Արարատի ոստիկանության ճնշման հետևանքով «Ելք» դաշինքի թեկնածուին մասնավոր կառույցը չի տրամադրել շտաբի տարածք, Արտաշատում ակնոցների բաժանում և աչքերի անվճար ստուգում են իրականացրել, Եղեգնաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը ընտրողների հետ հանդիպմանը ուղղակի պահանջել է, որ իր համար պետք է ապահովվի 400 ձայն, Արմավիրում՝ Մրգաշատ համայնքում, ՀՀԿ-ն նախընտրական շտաբ է դրել հիվանդանոցում:

Պարոն Հոկտանյանի համար իրավապահ մարմինների ոչ ակտիվ գործունեության արձանագրում է նաև այն, որ ընտրախախտումների՝ 176 հաղորդումներից միայն 3-ի մասով է իրականացվում հետաքննություն. «Սա արդեն նշան է, որ պետություն կուսակցություն սերտաճումը մեծ չափերի է հասել: Ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ իշխանությանն են ծառայում և վստահ եմ, որ նոր իշխող ուժին էլ են ծառայելու»:

Ամփոփելով՝ պարոն Հոկտանյանը կանխատեսեց, թե իշխանությունները կփորձեն սահմանափակվել փափուկ խախտումներով՝ հիմնականում կաշառելով, ու առանձապես չեն լինի բռնություններ, քվեատուփեր փախցնելու դեպքեր: Այսինքն՝ կփորձեն ամեն ինչ անել, որ քվեարկության օրն աննախադեպ մաքուր ցույց տան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031