Արագածոտնում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանի գնահատմամբ, բավականին ակտիվ քարոզարշավ է ընթանում, չնայած, որ ըստ նրա, մարդիկ հոգնել են պոպուլիզմից, սուտ խոստումներից:
«Ընտրողների հետ բավական լուրջ բանավեճեր են ծավալվում, լսում ենք մարդկանց բարձրացրած խնդիրները: Այս ամենի արդյունքում մի բան եմ նկատել. ժողովուրդը հոգնել է պոպուլիզմից, չեղած բաներից: Դրա համար էլ նրա հետ պետք է լինել առավելագույնս բաց և ազնիվ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորի թեկնածուն:
Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու լուրերին, պարոն Ախոյանն ասաց. «Ընտրակաշառքը հորինել է ընդդիմությունը: Երբ ասում ենք՝ տեղը ասեք, գնանք, մենք էլ հերթագրվենք, ստանանք, ոչ ոք կոնկրետ ոչինչ չի ասում»:
Արագած Ախոյանի խոսքով, պատգամավորների այսքան շատ թեկնածուների առկայությունը բերել է քաոսային վիճակի. «Մարդիկ ձայն են տալիս «մորաքրոջս տղան ա» սկզբունքով, ոչ թե ծրագրով: Պատահական մարդիկ շատ կան այդ թեկնածուների մեջ, փողոցից բռնել լցրել են»:
Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում փորձ արվեց միմյանց միջեւ կենցաղային վեճերը, դանակահարությունները վերածել քաղաքական բախումների, բայց լավ է՝ պարզվեց, որ դրանք քաղաքական չեն:
Արագած Ախոյանը նաեւ վստահեցրեց, որ ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ-ի հաղթելու շանսերը շատ բարձր են: «50+3»,- կատակեց պատգամավորի թեկնածուն:
Կարդացեք նաև
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարինե Հակոբյանն էլ ասաց՝ այս ընտրությունները Ընտրական նոր օրենսգրքի փորձարկում են. «Հույս ունեմ, որ հաջորդ ընտրություններին մենք ավելի լավ Ընտրական օրենսգիրք կունենանք: Այլապես, տպավորություն է, որ պղտոր ջրում որոշ ուժեր ցանկանում են ձուկ բռնել: Հայ հասարակությունը, լինելով խելամիտ, կկատարի ճիշտ ընտրություն, կընտրի այն մարդկանց, որոնք պետք է լինեն խորհրդարանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ