Մարտի 29-ին «Տեսակետ» ակումբում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու ճարտարապետ Աշոտ Հակոբյանն անդրադարձան քարոզարշավի ժամանակ տարբեր ուժերի՝ Արցախի հարցի ու տարածքների վերադարձի վերաբերյալ դիրքորոշմանը:
Սամվել Կարապետյանը լկտի որակեց քարոզարշավը, իսկ փոխզիջման մասին խոսակցությունները բարբաջանք. «Եթե փոխզիջում են բարբաջում, թող իմանան, որ ի դեմս Հյուսիսային Արցախի կորստյան՝ փոխզիջումն արդեն եղել է: Այս միտքն ինչո՞ւ երբեք չի արծարծվում: Մենք ազգային պետությո՞ւն ենք, թե՞ ոչ…»:
Հուշարձանագետը կոչ արեց օգտվել Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների բնաջնջումը ներկայացնող իրենց գրքերից, նաեւ ափսոսանք հայտնեց, որ մեր պետությունը չի ցանկանում օգտվել նման «զենքերից», իսկ ՀՀ արտգործնախարարությունը դեռ մի բան էլ «հայկական ուժերի վերահսկողության տարածքի ներքո գտնվող հուշարձաններ» ձեւակերպմամբ խմբագրումներ է անում:
«Հայկական տարածքները ազատագրվել են ադրբեջանական գաղութատիրությունից, եւ ես տարակուսանք եմ ապրում, որ կան ուժեր, որոնք հեգնում են ազատագրված հայրենիք եւ սրբազան հող որակումները: Դա պարտվողական քաղաքականություն է…Մինչեւ հիմա ականջս ծակում է նաեւ ժամանակին Բաքու գնացած ու վերադարձած Աշոտ Բլեյանի այն հայտարարությունը, թե Բաքվի հյուրանոցի իր համարից ինչպես է նայել ծովում լողացող օվկիանոսային նավերին, ու ասել՝ մենք ո՞վ ենք, որ սրանց հետ ոտք մեկնենք»:
Կարդացեք նաև
Ճարտարապետ Աշոտ Հակոբյանն էլ տարակուսանք հայտնեց, որ ժողովուրդն անտարբեր է տարածքների վերադարձից խոսող ուժերի հայտարարությունների հանդեպ: Նա հիշեց, թե ինչպես ժամանակին Գյումրիում լոլիկներով դիմավորեցին Գորբաչովին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ