Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռվով սկսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր էլ խաղաղություն է քարոզում, դա միայն լոզունգ է դրանց համար». Ասյա Օթարյան

Մարտ 29,2017 13:57

Կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Ասյա Օթարյանն ամփոփում է քարոզարշավը. ըստ նրա, միջակություն, ոչ մի գեղեցիկ ու ճշմարիտ խոսք ինքն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ չլսեց:

«Մանավանդ ստահոդությունն էր ընդգծված, զարմացած եմ, մտահոգված, որ դարձյալ կդոփենք տեղում, էլի կլինեն նույն բաները, նույն խորհրդարանը, մեր ժողովուրդը դրանց ոչ էլ հավատում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Օթարյանը:

Մեր հարցին՝ իսկ Կոմունիստական կուսակցությանը հավատո՞ւմ են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոմունիստական կուսակցությանը ես եմ հավատում, որովհետեւ այն ժամանակահատվածում եմ ապրել ու լավ եմ ապրել երեխա ժամանակից, դպրոցն արտակարգ կրթություն է տվել, բարձրագույն ընդունվել ենք մրցույթով, առողջապահությունը չի եղել վճարովի, կրթությունը եղել է անվճար: Կրթություն բոլորը չպետք է ստանան, բանվորը պետք է բանվոր մնա, գյուղացին գյուղացի մնա, կրթվածն էլ իր գիտությունով ճախրի, բայց հիմա բոլորը համալսարանական դիպլոմներ ունեն, աշխատանքի տեղ չունեն: Մեր ժամանակաշրջանում դեռ չորրորդ կուրսից աշխատանքի էինք նշանակվում ու ուրախ էինք, որ աշխատանք ունենք՝ դեռ չավարտած: Հավատում եմ Կոմունիստական կուսակցությանը, որովհետեւ մենք ստահոդ բաներ չենք ասում, ասում ենք՝ աշխատանք, սոցիալիզմ, հայրենիք: Հայրենասիրությունն էլ սովորել ենք դպրոցից, իսկ հիմա դպրոցներում չկան այն հասարակական կազմակերպությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորը վերացրեց, տեղը ոչինչ չստեղծեցին դպրոցներում»:

Մեր հարցին, իսկ քարոզարշավի ընթացքում հասցրի՞ք մարդկանց մեջ վստահություն ներշնչել կոմկուսի հանդեպ, տիկին Օթարյանը պատասխանեց. «114 տարվա կուսակցություն է Կոմունիստական կուսակցությունը, մենք թերություններ էլ ենք ունեցել, բայց առավելություններն այնքան շատ են եղել, որ կարող ենք ժողովրդի մոտ պարզ ճակատով մեր կուսակցության անցյալ ուղու մասին խոսել, մենք ոսկե դար ենք ապրել, Հայաստանը ծլել, ծաղկել է, դպրոցները շատացել, երիտասարդները ժամանակին ամուսնացել, բնակարաններ են ստացել, բոլոր պայմաններն եղել են լավ ապրելու համար, չեմ ասում՝ վատ ապրող չի եղել, վատ ապրողն էլ վատ է ապրել իր խելքից: Բոլորն էլ աշխատել են, ոչ մի պարապ-սարապ մարդ չեմ տեսել, միայն ներկա սերունդը մեզ չի հավատում, մնացածներն ասում են՝ երանի այն ժամանակ, երանելիության տարիներ էին… շենշող Հայաստան էր վերցրել ՀՀՇ-ն, որ քանդեց Հայաստանի տունը, առաջին նախագահը գործարանները տվեց, բոլորը քանդուքարափ արին, տարան, այսօր էլ ինչ երեսով են ժողովրդից քվե խնդրում, որ նորից անցնեն, որ էլի քայքայվի՞ Հայաստանը: Այդ ՀՀՇ-ն, որ հիմա ՀԱԿ է դարձել ու ասում է խաղաղություն, ո՞ր հայ մարդը չի ցանկանա խաղաղություն, բայց խաղաղությունը միայն ցանկանալով չէ, կռվով սկսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր էլ խաղաղություն է քարոզում, դա միայն լոզունգ է դրանց համար, դրանց պետք է այս երկրից վռնդել օրենքով»:

Տիկին Օթարյանը դժգոհեց, որ մարզերում գյուղապետերն ու քաղաքապետերը խոչընդոտներ են ստեղծում իրենց համար քարոզարշավի ժամանակ. «Այնինչ այսօր, որ մարզպետարանում նստում են, մեր ՝ կոմունիստներիս, սարքածն է»:

Տիկին Օթարյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող որեւէ քաղաքական ուժի կամ դաշինքի կոմկուսի մրցակից չի տեսնում, որովհետեւ ոչ մեկ չունի իրենց գաղափարախոսությունն ու չեն կարող իրենց հետ մրցակից լինել. «Կարող է թվաքանակով խնդրանքով, աղաչանքով շատ ձայներ հավաքեն, բայց մեր գաղափարախոսության նման գաղափարախոսություն չունեն, ստահոդ գաղափարախոսություն է իրենցը»:

Տիկին Օթարյանից հետաքրքրվեցինք՝ կոմկուսը ընտրակաշառք չի՞ բաժանում այլ ուժերի պես, ի պատասխան ասաց. «Բոլորովին, նույնիսկ մեր վստահված անձինք, որ ուրիշ ուժերը փող են տալիս իրենց վստահված անձանց՝ 50.000 թե 55.000 դրամ, մենք բոլորս անկաշառ աշխատում ենք, քարոզարշավն էլ մեր միջոցներով ենք արել, կոմկուսը նվիրյալների կուսակցություն է»:

Մեր հարցին՝ եթե չհաղթեն ընտրություններում բողոքի երթեր կանցկացնե՞ն, ի պատասխան ասաց՝ ոչ. «Մենք այդպիսի բողոքականներ չենք, բայց ես շատ կտխրեմ, եթե չանցնենք, որովհետեւ մենք ենք այս պետության հիմքը, իսկական արմատական ընդդիմությունը մենք ենք՝ կուլտուրայի, բարոյականության եւ տակտի սահմաններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031