Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանը հակաբարոյական և ապաքաղաքական է համարում սոցիոլոգիական այն հարցումները, որոնց համաձայն կոմկուսին շատ քիչ թվով քաղաքացիներ են համակրում:
Ըստ նրա, սոցիոլոգիական հարցումներն ապակողմնորոշում են ընտրողներին:
«Հայաստանում մեկը մյուսից վախենում է, մի բան ցույց տալիս, մեկ այլ բան անում: Բայց մեր ժողովուրդն իր ընտրությամբ պետք է ապացուցի, որ ընտրություններից առաջ կազմակերպվող սոցհարցումներն անպտուղ են և սին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Վազգեն Սաֆարյանը:
Նրա համոզմամբ, ապրիլի 2-ին Կոմունիստական կուսակցության օգտին աննախադեպ շատ ձայներ են գրանցվելու, հատկապես երեւանցիներն են իրենց օգտին ակտիվ լինելու. «Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, մարդիկ զանգահարում են, ասում, որ մեզ են ընտրելու: Նախորդ ընտրություններում նման բան չի եղել: Հանրությունը մեր կարիքը զգում է, մենք էլ մեր հերթին թիրախավորում ենք մեր ծրագրային մոտեցումները»։
Կարդացեք նաև
Կոմկուսի թեկնածու Մարիամ Շահինյանն էլ նկատեց, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի ու դաշինքների, որոնք իրենց քարոզարշավին ավտոբուսով մարդկանց են տանում-բերում, իրենք նման բաներ չեն անում. «Նրանք չեն գալիս ընտրակաշառք ստանալու, նրանք գալիս են մեր գաղափարները լսելու: Հետևապես, մեր հնարավորությունները ես շատ բարձր եմ գնահատում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ