Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկապե՞լ Ադրբեջանի հետ, բա ո՞ւմ հետ կապել». «Ելքի» արձագանքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մարտ 29,2017 13:32

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ մեկ առ մեկ անդրադարձավ առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերում ԼՂ հարցի կարգավորման ձեւակերպումներին: Անդրադառնալով «Ելք» դաշինքին, նա ասաց, որ ըստ այդ դաշինքի, ղարաբաղյան հարցը չի լուծվելու, լուծում չունի:

Այսօր այս առնչությամբ հարցին «Փաստարկ» ակումբում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ ղարաբաղյան հարցը շահարկման առիթ է, որը օգտագործվում է պատեհ-անպատեհ բոլոր հնարավոր հարցերի հետ կապելով. «Մենք կարծում ենք, որ ԼՂ հարցի կարգավորումն ուղղակի կապ ունի ՀՀ զարգացման հետ, բայց ասել, որ միայն այդ հարցի հետ է կապված ՀՀ տնտեսության զարգացումը, արտագաղթի նվազումը, դա հստակ սուտ է: Երկրները զարգանում կամ չեն զարգանում՝ կապված այդ երկրում աշխատող կամ չաշխատող ինստիտուտներից: Ոչ աշխարհագրական դիրքը, ոչ փակ սահմանները, ոչ պատերազմական իրավիճակները միանշանակ ազդեցություն չունեն այդ ինստիտուտների ձեւավորման վրա»:

Այն, ինչ առաջարկում է ՀԱԿ-ը եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ Ավինյանի, մադրիդյան սկզբունքների հիման վրա մի փաստաթղթի ստորագրումն է. «Վերջերս հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Կազանյան փաստաթղթին, որը հենց մադրիդյան սկզբունքների հիման վրա փաստաթուղթ է: Նա հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է եղել այդ փաստաթուղթը ստորագրել, դա հաստատեց նաեւ Սերգեյ Լավրովը եւ ասաց, որ ՀՀ-ն պատրաստ է եղել, Ադրբեջանը պատրաստ չի եղել: Սա նշանակում է, որ միակողմանի խոսել ինչ-որ լուծումների, փոխզիջումների մասին, անիմաստ է, քանի որ դիմացինդ պատրաստ չէ այդ լուծումների եւ զիջումների: Քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ լուծման, իսկ Կազանյան փաստաթուղթը խոսում է դրա մասին, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի, սա դարերից եկած ճշմարտություն է: Այս պահի դրությամբ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ լուծման, շարունակում է զինվել եւ զարգանալ, մինչդեռ մենք դոփում ենք մեր նույն տեղում: Մեր լուծումն է ռազմարդյունաբերության զարգացումը, մենք ունենք այդ ներուժը»:

«Ելք» դաշինքի անդամ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ «Ելքը» լուծումը տեսնում է փոխզիջումների եւ խաղաղ բանակցությունների ճանապարհով, բայց քանի որ մյուս կողմը պատրաստ չէ, այս պահին փոխզիջումների տարբերակը ժամանակավրեպ է:

Aravot.am-ը հարցրեց՝ Արման Մուսինյանն ասաց, որ աղետ է, երբ քաղաքական ուժերը մեր քաղաքականություն, դիրքորոշումը պայմանավորում են Ադրբեջանով եւ Ալիեւի հետ են կապում, սա նշանակում է, որ Ալիեւը Բաքվում նստած պետք է կառավարի մեզ, ինքը ինչ անի, մենք նոր որոշենք ոնց վարվենք, ինքն անթույլատրելի է, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Բանակցային սեղանին դրված էր Կազանյան փաստաթուղթ, Ադրբեջանը մերժել է: Սա կոնկրետ լուծումներ պարունակող փաստաթուղթ էր, ի՞նչ է սա նշանակում: Չկապե՞լ Ադրբեջանի հետ, բա ո՞ւմ հետ կապել: Պետք է բոլոր կողմերին հաշվի առնենք: Մենակ մեզնից չի կախված, կախված է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումից, երբ կողմերից մեկը մերժում է, բանակցությունները պետք է շարունակվեն ու այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ոլորտը զարգացնել, նոր տեխնիկա է գնում եւ այլն»:

«Ելքի» անդամները բացառեցին, որ երբեւէ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն, որովհետեւ դա կհակասի իրենց սկզբունքներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031