«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Aravot.am-ը ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկվա հարցազրույցում արված այն պնդման շուրջ, որ եթե, օրինակ, Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը «Արցախի հարցը Հայ դատի անբաժան մասն է» սկզբունքով լինեին արտգործնախարարներ եւ այդ մոտեցումը ներկայացնեին, ասենք, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նրանց քաղաքավարի խորհուրդ կտային կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը:
«Անկախ ՀՀԿ-ի հետ քաղաքական գործակցությունից, ՀՅԴ-ն ասում է, որ «Մադրիդյան սկզբունքները» չի ընդունում: Մինչեւ Ադրբեջանը չճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, մնացած հարցերի մասին պետք չէ խոսել»,-ասաց Արթուր Եղիազարյանը:
Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքների»-ի այն դրույթին, որը ենթադրում է հայկական կողմի տարածքային փոխզիջումներ, Արթուր Եղիազարյանն ասաց. «Ի՞նչ զիջումներ, եթե կա Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիա: Հակառակորդը միայն ռազմի լեզվով է ուզում խոսել»:
Կարդացեք նաև
Ըստ ՀՅԴ-ականի՝ եթե Արցախի հարցին նայենք ՄԱԿ-ի աչքերով (համաձայն որի կանոնադրության՝ հայկական կողմի ազատագրված տարածքները համարվում են օկուպացված.-խմբ), ապա պետք է ինքնասպանություն գործենք:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ