«Մեսիջները շատ հստակ էին, ուղղված թե դրսին, թե ներսին»,- «Սպուտնիկ» մամուլի ակումբում այսօր պատասխանելով նախագահ Սերժ Սարգսյանի`օրերս ԼՂՀ-ում հնչեցրած տեսակետներին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ներքին լսարանին Սերժ Սարգսյանի մեսիջներն, ըստ Էդուարդ Շարմազանովի հետեւյալն են`ՀՀԿ-ն ջանք չի խնայելու, որ ամրապնդի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունը, անցած մեկ տարվա ընթացքում հայկական կողմերը վերազինվել են եւ եթե հարկ լինի եզակի զինատեսակներ կիրառել`կիրառելու ենք, անվտանգությունը մնում է մեր առաջնային խնդիրը:
ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ փաստորեն, այդ ելույթով Սերժ Սարգսյանն ուզում է ասել, թե ինքն անփոխարինելի է: Լրագրողներից մեկի այս դիտարկմանը`Էդուարդ Շարմազանովը այսպես արձագանքեց. «Ես այդ կարծիքին չեմ, պատմությունը ցույց է տալիս՝ ով է անփոխարինելի, ով՝ չէ։ Սակայն, անփոխարինելի մարդիկ լինում են։ Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է: Դժվար է գտնել մի գործիչ, որը այդքան կարճ ժամանակում մսխեց քաղաքական կապիտալը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ