Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ համայնքի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին եւ պարզաբանում պահանջել։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արեւիկ Մանգասարյանը պատմեց, որ իրեն եւս զգուշացրել են՝ եթե Հանրապետական կուսակցությանը ձայն չտա, վատ բաներ կլինեն։
– Ի՞նչ նկատի ուներ դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը՝ «վատ լինել» ասելով։
– Ես էլ իրեն հարցրեցի՝ ինչու պետք է վատ լինի, դպրոցի տնօրեն Զախարյանն ասաց, թե դու այս պահին պետական աշխատող ես, մենք վարձատրվում եք պետությունից, պետության իշխանությունն էլ գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում։ Տնօրենը նաեւ նշում էր, թե կասկածներ ունի՝ եթե ամուսինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, ուրեմն ես էլ «Բարգավաճից» կլինեմ։ Ես տնօրենի աշխատասենյակում հայտարարեցի՝ եթե ես «Բարգավաճին» ձայն տամ, ապա բացահայտ կտամ ու չեմ էլ վախենում ոչ մեկից։
Կարդացեք նաև
– Եվ ի՞նչ ասաց նա։
– Դպրոցի տնօրենն անընդհատ շեշտում էր, որ չի ուզում վատ լինի, եւ ուզում է՝ վստահ լինի, որ ձայնս տալու եմ Հանրապետական կուսակցությանը։ Ես այդ ժամանակ ասացի, թե տալու եմ Հանրապետական կուսակցությանը։ Նա հարցնում էր, թե ոնց վստահ լինի։ Այդ պահին տնօրեն Զախարյանն ասաց, որ եթե մարզպետ Վահե Հակոբյանից բացի՝ այստեղ որեւէ մեկն ագիտացիա (քարոզչություն) անի, խնդիրներ կունենա։ Ես իրեն հարցրեցի, բա դու ինչո՞ւ ես անում, տնօրենը պատասխանեց, թե ձեւը տենց է, դու ինձանից շատ լավ գիտես։ Նա անընդհատ կրկնում էր՝ Մանգասարյան, ես ուզում եմ՝ քո հարցում վստահ լինեմ, որ հանկարծ մեկը ինձ ասի՝ Մանգասարյանը ՀՀԿ-ին դեմ է քվեարկել, առավել եւս «Բարգավաճի» համար է աշխատում, քարոզ է անում… չեմ ուզում՝ ինչ-որ խնդիր առաջանա։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում