Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու խոստումները միֆ են, ուրիշ ոչինչ. «Ժողովուրդ»

Մարտ 29,2017 11:52

Պարզվում է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ոչ բոլոր հանձնարարականներն են իրականացվել։ Ավելին՝ այս օրերին ՀՀ-ում իրար հաջորդած իրադարձությունները, ըստ էության, ցույց տվեցին, որ իշխանություններն ուղղակի անտեսում են դրանց մի մասը։

Եվ այսպես՝ առաջիկա ընտրություններում հիմնական դերակատարությունն ունենալու է ընտրակաշառքը։ Մարդիկ բացահայտ խոսում են, թե որ թաղամասում որ քաղաքական ուժի ներկայացուցիչը (հիմնականում խոսքն իշխող ՀՀԿ-ի մասին է) որքան գումար է բաժանում կամ խոստացել բաժանել, իսկ պետական մարմիններն այս հարցում քար անտարբերություն են ցուցաբերում։

Այս ընտրություններում լայնորեն կիրառվում է վարչական ռեսուրսը, չնայած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները պահանջել էին քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը քրօր-ում սահմանել հանցագործություն։ Լավագույն ապացույցը դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրությունների հրապարակումն էր, որտեղ նրանք խոստովանել էին մարդկանց ցուցակագրելու եւ այդ տվյալները ՀՀԿ շտաբեր ներկայացնելու մասին։

Վարչական ռեսուրսի կիրառման մի օրինակ էլ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի հանդիպումներին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունն է։ Հիշեցնենք, որ Կարապետյանն ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում (չէր համապատասխանում Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի չափանիշներին)։ Այնինչ՝ ՀՀԿ ողջ քարոզարշավը ինքն է անում եւ արդեն աշխատանքային ժամերին։ Էլ չենք ասում այն մասին, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող եռյակի ներկայացուցիչները՝ Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանն ու մյուս պաշտոնյա թեկնածուները չմեկնեցին արձակուրդ եւ քարոզարշավը զուգորդում են պաշտոնական պարտականությունների կատարմամբ։

Էլ չենք ասում ընտրողների նկատմամբ բազմատեսակ ճնշումների մասին. Ջրառատի միջադեպը, տարբեր թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքները, ձերբակալությունները դրա լավագույն օրինակներն էին։

Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում մշտապես խոսում է Հայաստանում իրապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին։ Ընդ որում, նման խոստումներ նա հնչեցրել է նաեւ օտարերկրացի պաշտոնյաների, դիվանագետների եւ, ընդհանրապես, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ։ Բայց ինչպես տեսնում եք՝ ՀՀ իշխանությունների պահվածքը վկայում է հակառակի մասին. միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու խոստումները միֆ են, ուրիշ ոչինչ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031