Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե որեւէ մեկը քնից արթնանում ու ասում է՝ ես պատրաստ եմ, ասենք, 100 միլիոն դոլար ներդնել տնտեսության մեջ, կարելի է միանգամից եզրակացնել, որ այդ ներդրումը չի լինելու. «Հայկական ժամանակ»

Մարտ 29,2017 11:32

Առաջին հայացքից լավ է, որ ապագա խորհրդարանում մեծամասնության հավակնող ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը նախընտրական շրջանում իրենց քարոզչության ընթացքում հաճախ են խոսում ներդրումների մասին։ Իրականում, սակայն, այդ գաղափարը արժեզրկելու ավելի կարճ ճանապարհ չկա։ ՀՀԿ-ականները ծաղրում են Ծառուկյանին իր հնչեցրած 15 միլիարդ դոլարի ներդրման ծավալի առթիվ։ Իսկ եթե ասեր ոչ թե 15 միլիարդ, այլ, ասենք, 5 միլիարդ կամ 3 միլիարդ, դա հավատալո՞ւ կլիներ։ Եթե Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե իրատեսական է համարում այս տարվա ընթացքում 850 միլիոն դոլարի ներդրումը, իսկ առաջիկա տարիներին 3.2 միլիարդ, կամ 5.7 միլիարդ դոլարի ներդրումը, դա իրատեսակա՞ն է, թե ոչ։

Տեսականորեն 10 միլիոն դոլարի ներդրումը կարող է լինել ոչ իրատեսական։ Նույնքան տեսականորեն կարող է իրատեսական լինել ասենք, 5 միլիարդ դոլարի ներդրումը։ Երկրի՝ ներդրումներ կլանելու «լիմիտը» պայմանավորված է բազմաթիվ գործոններից, եւ ցանկացած հայտարարություն, թե ծրագրում ենք կոնկրետ այսքանի ներդրում, դիվանագիտական լեզվով ասած, կոռեկտ չէ: Օրինակ, եթե Հայաստանում, ասենք, հայտնաբերվի ադամանդի շատ խոշոր հանք, ապա կարող է կես տարվա ընթացքում իրականացվել մի քանի միլիարդ դոլարի ներդրում։ Բայց սա՝ տեսականորեն։

Գործնականում հնարավոր չէ զանգել ասել, որ ես պատրաստ եմ Հայաստանում, ասենք, 5 միլիոն դոլարի ներդրում անել։ Ներդրումը անում են բիզնեսում, որը պետք է արտադրանք կամ ծառայություն թողարկի։ Այդ ապրանքը ունի իր ինքնարժեքը, որը կախված է տրանսպորտային ծախսերից, հարկերից, աշխատավարձի չափերից, կաշառքների ծավալներից, նրանից, թե տեղի «խաներից» ով որքան փայ է մտնելու եւ այլն, եւ այսպես շարունակ։ Այդ ապրանքը կամ ծառայությունը ունենալու է նաեւ սպառման գին։ Դա էլ կախված է նրանից, թե տվյալ ապրանքից որքան եւ ինչ ինքնարժեքով է արտադրում, ասենք, Չինաստանը, Ինդոնեզիան կամ Սոմալին։ Այս հաշվարկները կարող է անել միայն ու միայն ներդրողը։ Բացառապես ներդրողը։ Իսկ կառավարությունը կամ ուրիշ որեւէ մեկը չի կարող անել նման հաշվարկ։ Այդ հաշվարկն անելու համար էլ շատ երկար ժամանակ է պետք։ Որքան մեծ է ներդրման ծավալը, այնքան մեծ ժամանակ է պետք հաշվարկի համար։

Այնպես որ, եթե որեւէ մեկը քնից արթնանում ու ասում է՝ ես պատրաստ եմ, ասենք, 100 միլիոն դոլար ներդնել տնտեսության մեջ, կարելի է միանգամից եզրակացնել, որ այդ ներդրումը չի լինելու։ Դա բացառված է։ Եվ մենք ունենք այդ փորձը։ 2008-ին մի քանի գործարարներ հանդես եկան հայտարարությամբ շատ կոնկրետ ու կլոր թվերով ներդրումներ անելու մտադրության մասին։ Ներդրումները, բնականաբար, չիրականացվեցին։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031