Գերագույն խորհրդի պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը հիշեց, որ լրանում է 10 տարին, ինչ ինքը հեռացել է քաղաքականությունից։
– Դուք 1999–2003թթ. «Իրավունք եւ միաբանություն» դաշինքով մուտք գործեցիք ԱԺ, այդ դաշինքը հովանավորում էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Սամվել Բաբայանի ծավալած քաղաքական գործունեությունը, նրան կալանավորելը։
– Բնականաբար՝ դատապարտում եմ նրա կալանավորումը, այն բացահայտ նախընտրական գործողություն է։ Սամվել Բաբայանը երբեք չի եղել քաղաքական գործիչ, մեզ էլ այն ժամանակ հովանավորում էր ոչ որպես քաղաքական գործիչ։ Սամվել Բաբայանն ավելի շուտ ազգային գործիչ է, որը ելքեր է փնտրում երկրում իրավիճակն իր ցանկացած ձեւով փոխելու համար։
Վերջին տարիներին չեմ շփվել Սամվել Բաբայանի հետ։ Չգիտեմ, թե որքանով են ճիշտ այն լուրերը, որ նա փորձում է իրականացնել Ռոբերտ Քոչարյանի պլանները։ Չեմ հավատում այդ լուրերին, բայց չեմ էլ բացառում, ուղղակի չունեմ ինֆորմացիա։
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ նրան երկու ամիս անց ազատ կարձակեն։ Հիշում եք, որ նրան կալանավորեցին նաեւ 2000թ. ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով։ Հիմա այս մեղադրանքները ո՞նց կարող ենք համեմատել 2000 թ. առաջադրված մեղադրանքի հետ։ Միաժամանակ կասեմ, որ դա կբարձրացնի այն քաղաքական ուժի վարկանիշը, որի հետ ինքը համագործակցում էր։
– Այնուամենայնիվ, Դուք ճի՞շտ եք համարում, որ Սամվել Բաբայանը, չլինելով քաղաքական գործիչ, քաղաքական գործունեություն է իրականացնում Հայաստանում։
– Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, հատկապես 2000 թվականից հետո, բացարձակ քաղաքական չէ։ Կան մարդիկ, որոնք կարող էին քաղաքական գործունեություն իրականացնել, բայց այսօր մի ասպարեզում են, որը քաղաքական չէ։ Ինչպե՞ս կարող է քաղաքական գործունեություն լինել մի դաշտում, որտեղ, օրինակ, հայտարարված է, որ ֆուտբոլ են խաղալու, բայց մինչեւ ծնկներդ խրված ես ցեխի մեջ։ Եվ գնդակն էլ կլոր չէ, որտեղ հարվածում ես, ոտքդ ցավում է։ Այդ մարդիկ ուղղակի պետք է մեկուսանան դաշտից, որն անունով է միայն քաղաքական, չկա համապատասխան միջավայր։ Այսօր պետք է այդ մարդիկ զբաղվեն միայն իրենց ոլորտին վերաբերող գործերով եւ պատրաստեն հաջորդ սերնդին, որպեսզի նրանք կարողանան արժանապատիվ ձեւով կառուցել իրենց ապագան։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում