«Փաստորեն, Արմեն Աշոտյանը դեռ չի հուսահատվել եւ շարունակում է հույսեր կապել գոնե Նիկոլ Փաշինյանի հետ: Ուրեմն՝ ելք կա», Aravot.am-ի հետ զրույցում այսպես հումորային արձագանքեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հիշեցնենք՝ երեկ մամուլի ասուլիսում ամփոփելով քարոզարշավը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ ընդամենը երկու գործիչ կա, որոնք քարոզարշավի ընթացքում երբեմն անցել են քաղաքակրթության սահմանները:Արմեն Աշոտյանը նաեւ ասել էր՝ պատահականություն էր թե զուգադիպություն, իր նշած երկու գործիչներն էլ ժամանակին նույն թերթում են աշխատել: Նա նկատի ուներ Նաիրա Զոհրաբյանին եւ «Ելք» դաշինքի եռյակը սահմանափակող Նիկոլ Փաշինյանին:
Նաիրա Զոհրաբյանի դեպքում Արմեն Աշոտյանը ասել էր՝ հույս չկա քաղաքակրթության շրջանակները վերադառնալու տեսակետից, ապա Նիկոլ Փաշինյանին հորդորել էր ներողություն խնդրել այն հազարավոր մարդկանցից, որոնց այս ընթացքում ինքը պիտակավորել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ