Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց հազար վստահված անձ չեն հավաքել. «Հրապարակ»

Մարտ 29,2017 10:44

Դեռեւս երկու տարի առաջ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շրջանառության մեջ դրեց 6 հազար վստահված անձանց նախագիծը։ Ըստ այդմ ՝ նախատեսվում էր 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ մոտ 2 հազար տեղամասերից յուրաքանչյուրում երեք վստահված անձ ունենալ։ Այդ նպատակով անգամ կայք բացվեց, որտեղ կարող էին գրանցվել նման առաքելություն ստանձնող «ՔՊ» համակիրները։

Նորաստեղծ կուսակցությունում համոզված էին, որ այս նորարարությամբ կարող են իրականացնել անիրականանալի թվացող իշխանափոխությունը։ Նախորդ ընտրությունների ձախողումները նրանք եւս դիտարկում էին այդ հարթությունում։

«Մեր առաջարկած տարբերակն իրոք ճիշտ է եւ աշխատում է»,- երեկ նշեց «ՔՊ» վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, ում կարծիքով՝ միայն վստահելի անձանց ներկայությամբ է հնարավոր «ֆիքսել» ընտրողի ձայնը։

«Մենք վեց հազար չենք հավաքել, բայց հաշվի առնելով, որ դիտորդների բազմահազարանոց բանակ է լինելու, մենք բոլոր տեղերում ունենալու ենք մեկական մարդ, գրեթե 90 տոկոս տեղամասերում ունենալու ենք վստահված անձինք (դեռ ճշտումների փուլում ենք, եւ վերջնական թիվ չեմ կարող ասել)։ Բացի դրանից, համագործակցելու ենք դիտորդական կազմակերպությունների հետ»։

Ըստ «ՔՊ» ներկայացուցչի, իրենք վստահված անձանց ընտրում են ամենայն մանրակրկիտությամբ, որոնք իսկապես վստահելի են լինելու, ամուր եւ անվախ։ «Ի վերջո, մենք այդքան դպրոցի տնօրեն չունենք»,- հեգնեց «ՔՊ» անդամը՝ վկայակոչելով տասնյակ դպրոցների տնօրեններին, որոնք ՀՀԿ-ի օգտին անխնա աշխատանքներ են տարել ու հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Մասիս Այվազյանն էլ է վստահ՝ եթե տեղամասերում «պահեցին» ընտրողի ձայները, «վերեւներում» կեղծելն անհնար կլինի։ «Մենք ունենք համապատասխան թվով անձինք, որոնք ներկայացված կլինեն 2009 ընտրատեղամասերում։ Այդ մարդկանց պատրաստել ենք, համապատասխան ձեռնարկներ կան, եւ, ի վերջո, մենակ մերոնք չեն, չէ՞, համատեղ ուժերով էլ կպայքարենք։ Իսկ ծախվելու մասին թող մտածեն նրանք, ում անդամները ծախվել են»,- ասաց նա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031