Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը Ընտրական օրենսգրքի սահմանադրականության հարցը վիճարկելու հիմքեր չի տեսնում

Մարտ 29,2017 10:23

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումին ի պատասխան՝ 2017 թ. փետրվարի 21-ի գրությամբ հայտնել էր, որ հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:

Օրեր առաջ ստացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որով վերջինս հրաժարվում է վիճարկել վերոնշյալ հոդվածի սահմանադրականության հարցը: Իր դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ձեր կողմից վկայակոչված հոդվածների՝ Սահմանադրության 2-րդ գլխի՝ ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքն ամրագրող 48-րդ հոդվածի հետ հակասության հարցին հնարավոր է անդրադառնալ միայն Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորի թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետների սահմանման և ընտրության օրվա նշանակման կարգավորումներին անդրադառնալու պարագայում»:

Ընդ որում՝ ՄԻՊ-ը հատուկ նշում է, որ Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն Սահմանադրության 2-րդ գլխի դրույթների հետ իրավական ակտերի ուղղակի և անմիջական հակասության դեպքում միայն: Այս անհասկանալի պատճառաբանությամբ ՄԻՊ-ը խնդրո առարկա հոդվածը Սահմանադրության 2-րդ գլխի շրջանակից դուրս է համարում՝ չքննարկելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությամբ նշված այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպելով ավելի վաղ, քան նախատեսված է Սահմանադրությամբ՝ խախտվում են այն անձանց իրավունքները, որոնց ընտրական իրավունքը ծագում է ապրիլի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Նրանք փաստացի զրկվում են իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից: Թե ինչ հիմքով է ՄԻՊ-ը բացառում ընտրական իրավունքի ուղղակի և անմիջական առնչությունը Սահմանադրության՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող 2-րդ գլխի հետ, առավել ևս, որ ընտրական իրավունքն ամրագրող 48-րդ հոդվածը հենց այդ գլխում է ներառված, առնվազն անհասկանալի է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031