Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է քեզ ուղարկել»

Մարտ 29,2017 10:16

Բոլոր մարդիկ կարող են ասել ճիշտ կամ սխալ բաներ՝ չկա մահկանացու, որը չի սխալվում: Հայաստանում, սակայն, ընդունված չէ պարզապես ասել՝ «դու սխալվում ես»: Հենց որ մեր ականջի համար տհաճ բառ ենք լսում, առաջին հարցը, որ մենք տալիս ենք՝ «ասա, ո՞վ է քեզ ուղարկել»: Այդ հարցը կարող ենք տալ ագրեսիվության տարբեր աստիճանով, կարող ենք նույնիսկ չբարձրաձայնել, բայց հենց դրա մասին ենք, որպես կանոն, մտածում առաջին հերթին: Ենթադրություններն այն մասին, թե «ով է քեզ ուղարկել», կամ իմ դեպքում՝ ում պատվերով եմ ես գրում, կարող են լինել զանազան, այդ թվում նաեւ՝ տարաշխարհիկ: Օրինակ՝ aravot.am-ի ֆեյսբուքյան էջում մեկը մեկնաբանություն է թողել, թե ես գրում եմ… «Լուբյանկայի», այսինքն՝ ռուսաստանյան անվտանգության ծառայության պատվերով: Բա, իհարկե, անձամբ Ֆելիքս Էդմունդովիչն է ինձ անդրշիրիմյան աշխարհից թելադրում:

Համացանցում Առաջին նախագահի ընդդիմախոսները լուրջ բանավեճի մեջ են: Բանավիճողները բաժանվել են երեք խմբի. 1/ Լեւոնը սիոնիստական, իսրայելյան, հուդամասոնական գործակալ է, 2/ Լեւոնը թուրքական, թուրանական, պանթուրքիստական, ադրբեջանական գործակալ է, 3/ Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալ լինելն, ըստ էության, նույնն է, որովհետեւ նրանց շահերը 100 տոկոսով համընկնում են: Այս վերջին խումբն առավել «ինտելեկտուալ է» եւ «կրթված», քանի որ ամբողջությամբ բաղկացած է աշխարհաքաղաքական խոշոր մասնագետներից:
Բանավեճում պարզապես սեփական կարծիքն ասելը թվում է թույլ ու անհամոզիչ: Այ, բացահայտել համաշխարհային դավադրություն, որի մասնիկն է քո ընդդիմախոսը՝ դա արդեն քո փաստարկները դարձնում է անբեկանելի: Դրա համար բուն ասելիքի վրա չարժե կենտրոնանալ, կարեւորը «պատվիրատուին», «ուղարկողին» գտնելն է, եւ դրանից հետո կարելի է փաստարկներ չբերել:

Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Առաջին նախագահը պարզապես սխալվում է: Ընդ որում, նսեմացնելով ժողովուրդների գործոնը՝ նա սխալվում է ոչ թե այս պահը նկարագրելիս, որովհետեւ այսօրվա վիճակում հայերն ու ադրբեջանցիներն իսկապես չեն կարող լուծել Արցախի հարցը, ինչպես չեն կարող ձեւավորել քաղաքացիական իշխանություն եւ չեն կարող արդիականացնել իրենց երկրները: Չեն կարող եւ չեն ուզում: Բայց սկզբունքային սխալը այն է, որ եթե «միջազգային հանրությունը» մեր ժողովուրդների վզին որեւէ լուծում փաթաթի (կարեւոր չէ՝ որքանով հայանպաստ կամ ադրբեջանանպաստ)՝ դա խաղաղության չի բերի, դա կբերի նոր բախումների եւ նոր թշնամանքի: Այնպես որ, Արցախի խնդիրն ի վերջո կլուծեն հայերն ու ադրբեջանցիները՝ այն ժամանակ, երբ լիարժեք, ժամանակակից պետություններ ունենան:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Առաջին նախագահը պարզապես սխալվում է: ==
    Լիովին համամիտ եմ հարցադրմանը: Ըստ իս՝ Տեր-Պետրոսյան սխալվում է, և միայն սխալվում է:
    Ասեմ ավելին. Այն դրական տրանսֆորմացիան, որ տեղի ունեցավ Առաջին նախագահի հետ 2007-2010-2012 թվականներին, չափազանց անսպասելի, ու գրեթե գլուխկոտրուկ էր ինձ համար, որովհետև մինչ այդ նրան համարում էի մեր բոլոր ձախողությունների գլխավոր պատասխանատու՝ սկսած 1995-ի կեղծված ընտրություններից: Ի վերջո եզրակացրի, որ ընդդիմության տարիները նրան նաև իմաստնություն են պարգևել, իսկ երբ գրագիտությունն ու իմաստնությունը մեկտեղվում են, նրան կարող է հաղթել միայն ստոր ու դավադիր հանցագործ(ներ)ը, ինչը տեղի ունեցավ 2008թ. մարտի մեկին:
    Եզրափակելով ասեմ, որ նրա վերջին ելույթը այնքան հիասթափեցնող էր, որ իմ այսօրվա գնահատականը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի գրագետ տեսակն է, կամ՝ հակառակը:

  2. Ruben says:

    «Ո՞վ է քեզ ուղարկել Լեւոն Հակոբովիչ Տ-Պ» հարցի պատասխանը կարելի է ստանալ Ալեքսանդր Շեվյակինի «Ով էր պատրաստում ԽՍՀՄ փլուզումը» («Кто готовил развал СССР» Александр Шевякин. (Левон Тер Петросян агент КГБ, Ж-385292)) գրքում:

  3. Տիգրան says:

    Քոչարյանն իրեն ավելի արժանապատիվ` տղամարդավարի պահեց քան Լևոնը: Քոչարյանին Սերժը չկարողացավ իր ապաքաղաքական տխեղծ կոմբինացիաներում որպես կարևոր խաղաֆիգուր օգտագործել: Իսկ Լևոնին ինչպես տեսնում ենք կարծեցյալ հակառակորդ պսեվդոքաղաքական միավորներին բազմակողմանի տեքստաբանական հարվածներ հասցնելու ունակությամբ օժտված ՖԵՐԶԻ տեղ է կիրառում: Նույնիսկ մի անգամ էլ ժերտվա տվեց. Լևոնն ասաց ալ չեմ կարող, մեծացել եմ դուրս եմ գալիս քաղաքականությունից` վերադառնալու անսկզբունքայնության պայմանով/Երևի Դոդի համար իբրև անինքնասիրության նախադեպ օրինակ էր ծառայում/ : Բայց աշխարհի տերերի ՊԵՇԿԱ Արցախյան Ցախեսը/ Հենրիխ Մխիթարյանի ու Արթուր Աբրահամի համաշխարհային հաջողությունները ՀՀԿ-ն անուղղակիորեն իրեն է վերագրում/ գնաց միջազգային դաշտ ու շախմատի օրենքի համաձայն` ՖԵՐԶԸ վերածնվեց: Չմոռանանք, որ քաղաքական արխիվները քուջուջելով Լևոնին քաղաքական ասպարեզ հանողը նույն Բաղրամյան պողոտայի Գաղջիկն էր: Քոչարյանի օրոք տասը տարի Լևոնի ծպտունը չկար: Թեպետ Լևոնը մեր երկրի պատմության մեջ միակ արդար ընտրված նախագահն էր, բայց և իր ժողովրդի հավատի ու համակրանքի հետ ստորաբար վարվողը` ցինիկաբար հուսալքողը: Ալան-թալանի սկզբնավորումըն իր ղեկավարման տարիներին է եղել: Ցինիզմից զերծ չէր նաև Քոչարյանը: Չհասկացավ, որ քաղաքական ցինիզմը կիրառելի և ընկալելի է հայր և որդի ալիևների պարագայում / նրա պես դրանց ոչ ոք չէր ոչնչացնում/, սեփական ժողովրդի դեպքում, որքան էլ որ այն կամազուրկ լինի, միայն ու միայն ատելություն է ծնելու: Դատաիրավական ու վարչական լծակներով մարդու ազատության իրավունքները ոտնահարելն ու դրանով նրան ստորացնելը այլ որակ չէր էլ կարող առաջացնել: Կարեն Դեմիրճյանը, որ Դեմիրճյան էր, նրան անգամ ցինիզմի մաներա ունեցող մի սխալ արտահայտությունը/Ղարաբաղը հո ջեբս չի` հանեմ տամ/ ազգի կողմից չներվեց:

  4. Ruben says:

    Անցյալից՝
    1990 թ. Մարտի 11-ին անկախություն հռչակեց Լիտվան,
    1991 թ. Ապրիլի 9-ին Վրաստանը,
    Օգոստոսի 20-ին Էստոնիան,
    Օգոստոսի 21 – ին Լատվիան,
    Օգոստոսի 24 – ին Ուկրաինան,
    Օգոստոսի 25 – ին Բելառուսը,
    Օգոստոսի 27 – ին Մոլդովան,
    Օգոստոսի 30 – ին Ադրբեջանը,
    Օգոստոսի 31 – ին Ուզբեկստանն ու Ղրղզստանը,
    Սեպտեմբերի 9- ին – Տաջիկստանը,

    Լեւո՛ն բա մե՞նք, սաղ հելան սովետից…

  5. Հ.Շ. says:

    Այո, նա պարզապէս սխալվում է:

    Սակայն եթէ իր դէմ այդքան զօրեղ են քննադատական կեցուածքները, պատճառը այն է թէ՝ 23 տարիներէ ի վեր նա կառչած է իր այդ միեւնոյն սխալին, արտակարգ յամառութեամբ մը որ կը բխի արտակարգ ինքնահաւանութիւնից:

    Նաեւ, գոնէ սկզբնապէս, իր սխալը միայն վիճաբանական, տեսական չէր, այլ ունեցաւ իսկական, գործնական լուրջ հետեւանքներ, ներառեալ այժմու մեր – համահայկական – ամենածանր խնդիրները:

    Առաջին Նախագահը այն մարդոցմէ է որոնք իրենց ամբողջ կեանքում երբեք չեն ընդունելու որ որեւէ բանի մասին երբեւիցէ սխալեր են, կարող են սխալիլ, քանզի անհնար է որ պատկերացնեն թէ իրենցմէ աւելի խելացի մարդ կարող է գոյութիւն ունենայ:

    Ահա թէ ինչու Հայութեան մէջ այդքան հակակրանք կայ այս մարդուն նկատմամբ. մինչդեռ, իր նախնական հեղինակութեան բերումով, կարող էր լինել ճիշդ հակառակը…

    Իրեն համար ափսոս՝ որ մինչեւ ծայր ել ուզում է մնալ այդպէս, նոյնպէս: Սակայն իր հոգը չէ, ինք արդէն հոգեւորական Փրկութեան ալ հաւատացողը չէ:

  6. sedrak says:

    1996-ին մի անգամ ասելա: Էլ հետ չի կանգնելու «մինչեւ վերջ»:
    Ըտենց մարդա ինքը. ճիշտա սխալա նույնն ա ասելու:
    Որ պրոբլեմը ուրվագծելա, մերսի իրան, ուրիշ մեկը լայաղ չարեց էդպես գիտական շարադրելու:
    Բայց թութակի նման ինքնիրան կրկնելը լրիվ ավելորդա:

  7. henri says:

    ԱՐՑԱԽ
    Ընտրութիւններու այս օրերուն հիմնահարցը ոչ միայն ներքին անիրաւութիւններն ու փտախտն է,այլ ԱՐՑԱԽը- Մետիաներուն հետեւողը կը նշմարէ որ ամէնքն ալ լծուած են խոստումներ շռայլել այդ ցաւոտ հարցերը լուծելու ,նոյնիսկ անոնք որ իշխանութեան գլուխն են տարիներով և փոխանակ լուծելու աւելի ծանրացուցած են կացութիւնը:
    Բնական կու գայ հարց տալու որ Ատրբէճանը ինչ՞ կապ ունի Արցախի հետ,նահանգ մը որ ԵՐԲԵՔ մաս չէ կազմած իր տարածքին և ինչու՞ նկատի պիտի առնենք զիրենք և համաձայնութեան նստինք՝երբ պատմութեան ընթացքին երբեք մէկ ժամ իսկ չեն գրաւած այդ նահանգը ,քանի իրենք ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԷԻՆ ՔԱՐՏԷԶԻ ՎՐԱՅ:
    Քաղաքական ռէալիստ տեսակէտ պաշտպանող խմբակ մըն ալ կայ որ կը յիշեցնէ –թէեւ ԱՐՑԱԽԸ մերն է բայց ստալինեան թիւրիմացութեան մը հետեւանքով այդ սարածքը դրուած է նորաստեղծ Ատրբէճանի խնամակալութեան ներքոյ իբրեւ ինքնավար շրջան:
    և դժբախտաբար միջազգային համայնքը ,գիտակցաբար անտեսելով պատմութիւնը /կաշառքներու և տգիտութեան զօրութեամբ/ , կը շարունակէ պնդել որ մեր յաղթանակը արժէք չունի – պէտք է վերադարձնել զայն Ստալինի բարեկամներուն ,,,ինչպէս՞ չընդվզիլ:Որուն իրաւունք տալ:
    Առաջինները պատմութեան իրաւունքը կը պահանջեն –քաղաքագէտներն ալ կը խորհին որ առանց միջազգային ճանաչողութեան մեր ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ կրնայ անվերջ պատերազմներու առիթ դառնալ:Ամէնքն ալ ԱՐԴԱՐ ԼՈՒԾՈՒՄԻ ԿԸ ՍՊԱՍԵՆ:
    Ես կ՝ուզեմ պատմական ճշգրիտ տեղեկութիւններ տալ ԱՐՑԱԽի մասին ամէն անոնց որ կրնան օգտուիլ և միջազգային ԱՆՏԵՂԵԱԿ և ԱՆԿԱՇԱՌԵԼԻ քաղաքագէտները լուսաբանել:
    Դիմեցի աշխարհագրագէտ-պատմագէտ – անկրկնելի գիտնական ՝Մխիթարեան Միաբան,ՀԱՅՐ ՂՈՒԿԱՍ ՎՐԴ, ԻՆՃԻՃԵԱՆԻ /Եւրոպական բազմաթիւ ակադեմիաներու յարգուած անդամ/ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ կոթողային գործին,տպուած Ս,Ղազար 1822-ին ,որ գրաբար ըլլալով գրեթէ անմերձենալի է ներկայ գիտնականներուն:
    Ահա թէ ինչ կը պատմէ Արցախի մասին /էջ 301 – 316/ :
    Արցախ Հայաստանի ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳ Ն է բաժնուած ԺԲ գաւառներւու ,կոչուած է նաև ԱՂՈՒԱՆԻՑ ԱՇԽԱՐՀ / ըստ Խորենացիի/,կոչուած է նաև ՓՈՔՐ ՍԻՒՆԻՔ,,Փաւստոս Բիւզանդ կը յիշէ որ Գրիգոր Լուսաւորիչ գայ ի ՓՈՔՐ ՍԻՒՆԻՔ և մտեալ յԱՄԱՐԱՍ շինէ եկեղեցի և թողու անդ սպասաւորս:
    Աւելի ուշ կոչուած է նաեւ ԽԱՉԷՆՔ ,Վարդան աշխարհագիր կը գրէ ԱՐՑԱԽ ԽԱՉԷՆՔ Է:
    ԱՐՑԱԽԻ ԳԱՒԱՌՆԵՐՆ ԵՆ:
    ա/ Միւս Հաբանդ
    բ/ Վայկունիք
    գ/ Բերձոր
    դ/ Մեծ Իրանք
    ե/ Մեծ Կուանք
    զ/ Հարջլանք
    է/ Մոխանք
    ը/ Պիանք
    թ/ Պարծկանք
    ժ/ Սիսական
    ժա/ Քոտակ
    ժբ/ Քուստի
    ժգ/ Փառնէս
    ժդ/ Կողթ

    Ինճիճեան կու տայ այս Տասնչորս գաւառներուն պատմութիւնն ու տեղագրութիւնը:
    և տակաւին այլ հետաքրքրական տեղեկութիւններ :
    Հիմա մեր պարտականութիւնն է խաղաղութեամբ և համերաշխ հոգիով համագումար մը կազմակերպել և գոհացում տալ երկու տեսակէտները լուսաբանելով եւրոպացի չոր գլուխներուն որ յիմար բռնաւորի մը/ստալինի/ մէկ քմահաճոյքի պատճառով նոր արիւնահեղութեան առիթ չտալ ևոր զինամթերք ծախեն և շարունակեն կաշառք ստանալ Ատրբէճանէն որ ՈՉ ՄԷԿ ԿԱՊ ՈՒՆԻ ՔՐՑՔԽԻ ՀԵՏ:
    Ես պատրաստ եմ իմ աջակցութիւնս բերել եթէ հարկ ըլլայ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031