Հարցազրույց ԱԺ պատգամավոր,
պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանի հետ
– Քարոզարշավը մեկնարկեց եւ շարունակվում է սկանդալային միջադեպերով` դանակահարություններ, ծեծուջարդ յուրայինների եւ մրցակիցների միջեւ: Ենթադրություններ կան, որ լարվածությունը գնալով թեժանալու է: Նման վտանգ տեսնո՞ւմ եք:
– Քարոզարշավն արդեն ավարտվում է, եւ, դուք, որպես քարոզարշավը լուսաբանած օբյեկտիվ լրագրող, պիտի իմանայիք, որ քարոզարշավի սկզբի օրերին ծագած բոլոր միջադեպերը սկսվել են զուտ միջանձնային հարաբերությունների հարթությունում՝ քեռի-քավոր-սանիկ հարաբերություններերում, եւ ավարտվել են նույն տեղում։ Բարեբախտաբար, դրանք քաղաքական հիմքեր չէին ունենում, ավելի ճիշտ՝ դրանց քաղաքական հիմքն այնքան էր, որքան դրանց մասնակիցների քաղաքական գիտակցությունը։
Ցավոք, մեզանում եւ ընտրողների, եւ ընտրվել ցանկացողներից շատերի համար քաղաքական գործընթացները ոչ ամբողջովին են ընկալելի, ոմանք փորձում են քաղաքական գործընթացը, նախընտրական հարաբերությունները դիտարկել թաղային-ընկերական-ազգակցական տիրույթում։ Հույս ունեմ, որ ոչ հեռավոր ապագայում մեր հասարակության մի ստվար հատվածը բավարար կկրթվի, բավարար գրագետ կդառնա եւ քաղաքական գործընթացներին կվերաբերվի ավելի գրագետ ու ավելի կիրթ։
Կարդացեք նաև
– Քարոզարշավի անցած երեք շաբաթներն ինչպե՞ս եք գնահատում: Համահունչ-հավասարազո՞ր է իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների մրցակցությունը:
– Կարծում եմ՝ լավ քարոզարշավ էր, մասնակիցները պատրաստվել էին իրենց ճաշակներին եւ օրենքի պահանջին համահունչ, եւ պաստառներ, եւ բուկլետներ, եւ երգեր, դրոշներ, ձեւական, տեսանելի կողմն ապահովված էր: Ցավոք, նույնը չեմ կարող ասել բովանդակային կողմի մասին, մասնակից ուժերի ճնշող մեծամասնությունը վարում էր ընդդեմի քարոզչություն, փորձում էին ուժեղացնել նեգատիվը, բացասականը եւ իրենց աչքի գերանները թողած՝ խոսում էին իշխող քաղաքական ուժից, ընդ որում՝ խոսքը ոչ թե քաղաքական էր, այլ անձնավորված, թշնամական, հենց դրանով էլ՝ թույլ եւ անշուք:
Հասարակությունը տեսնում էր, որ այդ մարդիկ չունեն սեփական ասելիք, ծրագիր, չունեն ապագայի իրենց տեսլականը եւ մեջլիս են մտել մեկ նպատակով՝ իշխող ուժի դեմ խոսելու։
Կան նաեւ ուժեր կամ ուժ, որը մտել է քարոզչական շրջան իրավիճակն ապակայունացնելու եւ լարվածություն մտցնելու համար: Չեն կարող հասնել իրենց ուզածին, քանզի իշխանական բոլոր կառույցները զգոն են, աչալուրջ եւ ամբողջովին տիրապետում են իրավիճակին, ապակայունացման ցանկացած փորձ կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Քաղաքական աճպարարների ժամանակը վաղուց անցել է, լրջանալու ժամանակն է։
– Փորձագիտական շրջանակներում, նաեւ լրագրողական դիտարկումներում քարոզարշավը այդպես էլ քաղաքական երանգ չստացավ: Համամի՞տ եք:
– Մասամբ՝ այո: Ձեր նշած փորձագիտականները գալիս են ապացուցելու իմ ասածը՝ ոմանք քաղաքական դաշտ այդպես էլ չմտան, ձգտեցին գնալ սադրանքի, թշնամանքի, իրավիճակը լարելու ճանապարհով: Ապարդյուն, քանի որ ՀՀԿ-ն, որպես ընտրական գործընթացի ամբողջական պատասխանատվությունը հասկացող եւ զգոն քաղաքական ուժ, պահպանեց գործընթացի տրամաբանությունը։ Վստահաբար ասում եմ՝ այսօր ամենքից շատ ՀՀԿ-ն է շահագրգռված, որպեսզի ունենանք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություն, ամենքից շատ մենք ենք դրան ձգտում, քանզի գիտակցում ենք, որ երկրի, ժողովրդի, պետության առջեւ պարտավոր ենք լինել պատասխանատու, պարտավոր ենք լինել լուրջ եւ զգոն: Հուսամ, մնացած երկու-երեք օրերին եւս ամեն ինչ կընթանա համահունչ, եւ ապրիլի 2-ին մեր ժողովուրդը կանի իր ընտրությունը եւ հանգիստ շունչ կքաշի։
– Ինչո՞ւ իշխող ՀՀԿ-ն որոշեց քարոզարշավի ողջ բեռը դնել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին, որն անգամ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված չէ: Իշխող կուսակցության հույսը վարչապետին համակրող կանայք եւ աղջիկնե՞րն են:
– Հանրապետական կուսակցությունը այսօր միակ քաղաքական ուժն է, որ ամբողջովին գիտակցում է պահի լրջությունը եւ գնալու է արդար եւ ժողովրդավարական ընտրություն անցկացնելու ճանապարհով եւ բոլոր «չարաճճիներին», «չարերին» եւ «բզբզողներին» բերելու է քաղաքական գործընթացի բնականոն հուն, ընտրական մաքուր եւ անցնցում պայքարի հուն։ Մենք մեր գործը գիտենք, մենք տեսնում ենք, որ հասարակության ճնշող մեծամասնությունը հենց Հանրապետական կուսակցությանն է ընտրելու, եւ ընտրելու է բազմաթիվ պատճառներով. առաջին հերթին այն պատճառով, որ ամենաիրատեսական, ճշգրիտ եւ հավաստի ծրագիրը ներկայացրել է հենց ՀՀԿ-ն: Երկրորդ՝ այն պատճառով, որ մենք հստակ նշում ենք այդ ծրագիրը իրականություն դարձնելու ուղիները, ներդրումների, աշխատատեղերի, առաջ գնալու բոլոր ռեալ ուղիները եւ հնարավորությունները։ Նկատի ունեցեք, որ մեր թեկնածուներից ոչ մեկն այս ընթացքում չանցավ ռուբիկոնը, մենք եղանք նորի, ժողովրդավարականի եւ ազնիվի կրողը եւ քարոզողը։ Ի տարբերություն այլոց, որ հայտարարեցին ականջներ կտրելու, աչքեր հանելու մասին, ի տարբերություն ոմանց, որ փորձեցին փրկչի դիմակ հագնել, ի տարբերություն ոմանց, որ սադրեցին, եւ իրենք մնացին իրենց սադրանքի տակ, ի տարբերություն ոմանց, որ այդպես էլ տղամարդկություն չունեցան հաղթահարելու աբիժնիկությունը ու նայելու առաջ, ի տարբերություն ոմանց, որ կորցնելով պաշտոն ու լծակներ՝ շարունակեցին ջուր պղտորել եւ նոր մուտիլովկաների հեղինակներ դարձան՝ կրկնելով իրենք իրենց։ Կարիք չկա թերագնահատելու մեր հասարակությանը, մարդիկ բոլորի ձեռագրերն արդեն նախորդ դարից անգիր գիտեն, եւ շատերը արդեն կարգին հոգնեցրել են, այնքան են կրկնվել, որ ծիծաղելի են դարձել։ Միշտ չէ, երբ կրկնությունը գիտության մայրն է, երբեմն գերեզմանափորն է դառնում։
Այո, ՀՀԿ-ն այս ընտրապայքարի, քարոզարշավի ֆավորիտն է։ Եվ դրանում մեծ ավանդ ունի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը։ Ինչ վերաբերում է բեռին, այն, ինչ անում է Կարեն Կարապետյանը, ոչ թե բեռ է, այլ պատասխանատվություն, եւ նա անում է իր գործը որպես Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ: Եվ, ինչպես տեսաք, անում է սիրով եւ ճաշակով, անում է լավատեսություն եւ սեր տարածելով, անում է ամենայն պատասխանատվությամբ եւ լուրջ։ Ես հասկանում եմ մեր մրցակիցների խանդը եւ քաղաքական իմաստով, եւ, գուցե, տղամարդկային, հասկանում եմ, քանի որ նրանցից ոչ մեկը չունի այն խարիզման, որն ունի Կարեն Կարապետյանը, ես հասկանում եմ, որ բոլոր այն պահերին, երբ տեսել են, թե ժողովուրդը ինչ սիրով եւ հավատով է ընդունում Կարեն Կարապետյանին, շատերը՝ թե քաղաքական, թե մարդկային իմաստով, իրենց վատ են զգացել, հուսահատ եւ ջղային են եղել։ Հույսի մասին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հույսն էլ, հավատն էլ մեր ժողովուրդն է, մեր ընտրողը, այն գյուղացին, ում հոգսը պիտի թեթեւացնենք, այն աշխատողը, ում ՀՀԿ առաջին փոխնախագահը բոլորիս անունից խոստացավ ներդրումներ, աշխատատեղեր, եւ խոստացավ ազնվորեն, ռեալ, առանց ոսկե սարերի, ու մարդիկ հավատացին նրան։ Իսկ կանանց ու աղջիկների հանդեպ մենք միայն անսահման սեր ենք տածում, եւ այո, նաեւ նրանք են մեր հույսը, որպեսզի շատ երեխաներ ծնեն ու կարգին քաղաքացիներ դաստիարակեն։
– Ի դեպ, դաստիարակության մասին, փաստորեն, բազմաթիվ դպրոցների տնօրեններ զբաղված են ՀՀԿ-ի քարոզչությամբ եւ մարդկանց ցուցակագրելով։
– Գիտեք, ցուցակագրում ասվածը շատ հեղհեղուկ բան է. իսկ ի՞նչ է տալիս դա այն ուժերին, ովքեր փորձում են անել այդ բանը, ի դեպ, ազնիվ եղեք եւ ասացեք, որ այլ ուժեր եւս ցուցակագրում են իրենց համակիրներին, համախոհներին՝ պատկերացնելու համար, թե ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր նշած պատմությանը, ապա հիշեցնեմ ՀՀԿ նախընտրական շտաբի բացատրությունը, որում ասվում է՝ ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում: Ընտրական օրենսգիրքը չի արգելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս: Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որեւէ հիմք չի տալիս՝ պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում: Ցավում ենք, որ ազնիվ եւ արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի: Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից:
– ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Արցախում բավականին թափանցիկ ելույթ ունեցավ եւ հայտարարություններ արեց՝ թե դրսի աշխարհին ուղղված եւ թե ներսի. ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ այդքան բաց։
– Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կրեդոն միշտ էլ եղել է անկեղծությունը, բաց, հրապարակային գործունեությունը, նա մշտապես խոսել է խնդիրներից, առաջարկել է լուծումներ եւ ապացուցել է, որ իր, որպես երկրի ղեկավարի, բոլոր քայլերը եւ նախաձեռնությունները ուղղված են երկրի անվտանգության ապահովմանը, առաջընթացին եւ զարգացմանը։ Այս ելույթը նույնպես առաջընթացի, անվտանգության մասին էր, այո՝ բաց եւ անկեղծ, պիտի ականջալուր լինել պետության ղեկավարի խոսքին եւ ապրիլի 2-ին ընտրել լրջմիտ, պատասխանատու, երկրի եւ ժողովրդի հանդեպ սիրով լցված ուժին, այո, այդ ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, մենք պարտավոր ենք լինել եւ ենք անվտանգության եւ առաջընթացի պատասխանատուն, այլընտրանքը կլինի արկածախնդրություն։
Զրույցը վարեց
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Առավոտ»
28,03.2017