Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմություն այն մասին, թե ինչպես է ԴԱՀԿ-ն «թքել» դատարանների վճիռների վրա, եւ ինչպես են պետական օղակները քաղաքացուց «գցել» 59,6 մլն դրամը

Մարտ 29,2017 16:00

ՀՀ քաղաքացի Լիպարիտ Մանուկյանի հետ կատարված պատմությունը, որի արդյունքում 70-ն անց մարդը տարբեր հիվանդություններ է ձեռք բերել, ամբողջությամբ ի ցույց է դնում Հայաստանի արդարադատության համակարգի թշվառությունը:

Վաղ թե ուշ այս գործը կհայտնվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ ստիպված կլինի «դրսից տղա բերելու» արդյունքում կատարել իր քաղաքացու առջեւ ունեցած պարտավորությունները: Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ կատարվածը չարամտություն է` կատարված կոնկրետ անձանց կողմից, սակայն նրանց փոխարեն վճարելու են ՀՀ հարկատուները, որոնց վճարած հարկերից գոյացած պետբյուջեից պիտի փակվի քաղաքացու պարտքը:
Ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ` 2007թ. հուլիսին, երբ քաղաքացի Լիպարիտ Մանուկյանը, ի դժբախտություն իրեն, որոշեց բնակարան ձեռք բերել «Գապբնակշին» ընկերությունից: Վճարեց 134 հազար դոլար եւ սպասեց, թե երբ պատրաստ կլինի իր տունը: Անցավ երկու տարի, «Գապբնակշինը» կառուցեց շենքը եւ Լիպարիտ Մանուկյանի տունը վաճառեց մեկ այլ մարդու: Իսկ Լիպարիտ Մանուկյանին իր տված 134 հազար դոլարի դիմաց ոչ թե տուն տվեց, այլ մի թղթի կտոր` «պարտավորագիր», առ այն, որ պարտավորվում է մարել այդ մարդու պարտքը չորս ամսվա ընթացքում` 2009թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Եկավ 2010 թվականը, «Գապբնակշինը» ոչ մի կոպեկ չվերադարձրեց Լիպարիտ Մանուկյանին: Լիպարիտ Մանուկյանը դիմեց դատարան` իր գումարը հետ ստանալու պահանջով:

2010 թվականի մայիսին «Գապբնակշինի» ներկայացուցիչ Գ. Աթոյանը միջնորդագիր է հղում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Թադեւոսյանին` խնդրելով հետաձգել գործի քննությունը, նշելով, որ «Գապբնակշինը» չի առարկում հայցի դեմ, ընդունում է հայցը, սակայն դատարանին խնդրում է 25 օրով հետաձգել գործի քննությունը. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ այդ 25 օրվա ընթացքում կունենանք համապատասխան չափով դրամական միջոցներ եւ ի վիճակի կլինենք հետ վճարելու հայցվորի պահանջած գումարը»:


2010թ. հունիսի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ս. Թադեւոսյանի նախագահությամբ, վճռում է բավարարել հայցը եւ «Գապբնակշինից» հօգուտ հայցվոր Լիպարիտ Մանուկյանի բռնագանձել 46 մլն 151 հազար 40 դրամ գումարը, ինչպես նաեւ 13 մլն 343 հազար 874 դրամը` որպես տոկոսներ: Վճռի վերջում արձանագրված է. «Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»:

ԴԱՀԿ-ն մեկ տարուց ավելի չի կատարում դատարանի որոշումը: Լիպարիտ Մանուկյանը ստիպված կրկին դիմում է դատարան, այս անգամ վարչական դատարան` ընդդեմ ԴԱՀԿ-ի` պահանջելով, որ այս կառույցը կատարի իր անմիջական պարտականությունը` բռնագանձի «Գապբնակշինի» գույքը հանդիսացող շենքից Լիպարիտ Մանուկյանին հասանելիք մասը:


Վարչական դատարանը 2011թ. դեկտեմբերի 18-ին բավարարում է քաղաքացու հայցը, որի հիման վրա մեկ ամիս անց տրվում է կատարողական թերթ: ԴԱՀԿ աշխատակից Գագիկ Սախոյանը, որը քաղաքացուն ակնհայտ ձեւով «գցելու» օղակներից մեկն է, դիմում է դատարան` կատարողական թերթը պարզաբանելու համար: Վարչական դատարանը 2012թ. փետրվարի 27-ին մերժում է այդ դիմումը:

Սախոյանը, փոխանակ անցնի իր բուն գործին` հօգուտ քաղաքացու բռնագանձում կատարի, դրանից հետո էլ դիմում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` բողոքելով վարչական դատարանի փետրվարի 27-ի որոշումը: Սակայն վերաքննիչ վարչական դատարանը մերժում է այդ բողոքը:

Սախոյանը, սակայն, չի հանգստանում: Նա հերթական անգամ 2012-ի հուլիսին է դիմում վարչական դատարան` խնդրելով պարզաբանել վարչական դատարանի 2012թ. հունվարի 16-ին տրված կատարողական թերթում տեղ գտած «Գապբնակշինին» պատկանող» բառակապակցության նշանակությունը: Վարչական դատարանը իր հուլիսի 30-ի որոշմամբ մերժում է այս միջնորդությունը նույնպես: Ընդ որում, ուշադրության արժանի են վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արամայիս Ղազարյանի ձեւակերպումները. «կատարողական թերթը պարզ է, այն լրացուցիչ պարզաբանման կարիք չունի, ինչպես նաեւ «վճռից», այդ թվում նաեւ` կատարողական թերթից, առավել քան պարզ է, որ բռնագանձումը պետք է տարածվի Արամի 72-80 հասցեի վրա»: Որեւէ գրել-կարդալ իմացող մարդու համար, այո, դա «առավել քան պարզ էր», սակայն պարզ չէր հարկադիր կատարող Սախոյանի համար: Եվ նա կրկին անգործություն է դրսեւորում:
Ոչինչ չի կարողանում ստիպել Սախոյանին եւ նրա վերադասին` ԴԱՀԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի պետ Բեգինյանին, կատարել իրենց անմիջական պարտականությունները: Նրանք շարունակում են տարիներով ձգձգել հօգուտ Լիպարիտ Մանուկյանի «Գապբնակշինից» կատարվելիք բռնագանձումը:
Այդ ընթացքում քաղաքացին շարունակում է թակել հնարավոր բոլոր դռները իր իրավունքներին տեր կանգնելու համար: Դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին…

Մինչ Լիպարիտ Մանուկյանը փորձում է արդարություն գտնել` դատարաններում, պաշտոնյաներին, մամուլի միջոցներին դիմելով, բաց նամակներ գրելով երկրում իշխանություն կամ ավելի ճիշտ՝ «անիշխանություն» իրականացնողներին, ունենալով երեք դատական վճիռ` հօգուտ իրեն, սակայն այդպես էլ չստանալով իր իսկ գումարները, «Գապբնակշինը» 2014 թվականին սնանկ է ճանաչվում, եւ 2015 թվականից ի վեր Լիպարիտ Մանուկյանի բոլոր բողոքներին ի պատասխան հայտնում են` «Գապբնակշինը» սնանկ է ճանաչվել»:

Հնարավոր չէ այս ողջ պատմության մեջ չտեսնել միտում եւ կոռուպցիոն շղթայի պարզ գործունեություն` ԴԱՀԿ-ի եւ էլի մի շարք շահագրգիռ կողմերի միջեւ գծած: Ի՞նչ է ստացվում` ակնհայտորեն «թքելով» դատարանների վճիռների վրա` ԴԱՀԿ-ն չի կատարում բռնագանձում հօգուտ քաղաքացու եւ այնքան է ձգձգում դատարանի վճռի կատարումը, մինչեւ պատասխանող կողմը սնանկ է ճանաչվում: Դրանից հետո էլ քաղաքացու դիմումներին ի պատասխան արդարադատության նախարարությունը «մուննաթ» է գալիս` մենք ձեզ արդեն սպառիչ պատասխաններ ենք տվել, որ այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Թե կոնկրետ ո՞վ է այս ողջ շղթայի հետեւում կանգնած, արդյոք սախոյանները գործի՞ք են, թե՞ գլխավոր դերակատար՝ իրավական պետությունում վաղուց արդեն պարզ կլիներ: Լիպարիտ Մանուկյանի բողոքների հիման վրա մի քանի հոդվածներ են տպագրվել, եւ եթե իրավունքը մեր երկրում որեւէ արժեք ունենար, այդ հոդվածների հիման վրա դատախազությունը արդեն գործ հարուցած պիտի լիներ: Սակայն….
Ինչ խոսք` իդեալական հանցագործություն է, իսկական դետեկտիվ վեպի սցենար` ինչպես մարդուն «գցել», հետո այնքան ձգձգել գործը՝ մինչեւ նրա գումարը չվերադարձնելը օրինական դառնա` «սնանկ է ճանաչվել»: Այսքանից հետո մի՞թե պետք է զարմանալ՝ տեսնելով, թե ինչ կարգի գումարների հետ են խաղում ԴԱՀԿ տարբեր աշխատակիցներ, ինչ հարստություններ են դիզում մարդկանց բացահայտորեն թալանող պաշտոնյաները: Հակակոռուպցիոն տարբեր հանձնաժողովներ են ստեղծվում, եվրոպաներից գումարներ են ստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն իր իրավունքների համար պայքարող եւ կոռուպցիոն շղթան բացած ձեւով իրենց ներկայացնող շարքային քաղաքացուն անտեսում են` «սնանկ է ճանաչվել…»:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031