Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայի շուկայի լոլիկ վերավաճառողի գործը կրկին վերաքննիչ դատարանում է

Մարտ 29,2017 15:00

Տուժող Սամվել Մեջլումյանը վերաքննիչ դատարան էր եկել ոգելից խմիչք օգտագործած վիճակում եւ դատական կարգադրիչները մի պահ թույլ չէին տալիս նրան նիստերի դահլիճ գնալ այդ վիճակով:

Առաջին անգամ ամբաստանյալ Արման Երիցյանին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արդարացրել էր, ապա բեկանվել էր այս գործը, ուղարկվել նոր քննության: Նոր քննության արդյունքում դատարանն Արմանին վեցուկես տարվա ազատազրկման էր դատապարտել:

2012 թվականի նոյեմբերի 28-ին Սամվել Մեջլումյանը գնացել է «Մալաթիա» գյուղմթերքների շուկա: Ս. Մեջլումյանը համագյուղացի Մանուկից պարտքով 100 կգ լոլիկ է վերցրել` 1 կգ-ն 400 ՀՀ դրամով, վերավաճառելու նպատակով եւ ապա շուկայում լոլիկը 1կգ-ն 1000 ՀՀ դրամով վերավաճառել է: Այդ ժամանակ էլ նրան է մոտեցել Արման Երիցյանը, նրան առաջարկել 3000 դրամով գազի բալոն: Տուժողը, ըստ գործի նյութերի, համաձայնել էր գնել գազի բալոնը 2000 ՀՀ դրամով: 1000 դրամը նա տվել է Արմանին, մյուս 1000 դրամն էլ պայմանավորվել է տալ մի քանի ժամ անց: Գազի բալոնը տուժողը դրել էր վաճառողներից Անուշի տաղավարում: Երբ նա լոլիկի առեւտուրն արդեն վերջացրել էր, գնացել է գազի բալոնի ետեւից, Անուշն ասել է, թե «գազի բալոնի տերը» եկել եւ այն տարել է: Այդ ժամանակ էլ նրանց մոտեցած Ա. Երիցյանն առաջարկել է գնալ մի բաժակ օղի խմելու. «Նա ասաց՝ մի անհանգստացի, գազի բալոնը մեզ մոտ է, հիմա կբերեն: Ես ասացի, գումար չունեմ մոտս, սակայն Արմանն ասաց, թե 1 կգ լոլիկը 1000 ՀՀ դրամով վաճառել ես, հիմա էլ ասում ես, որ գումար չունե՞ս եւ առաջարկեց գնալ իր հետ օղի խմելու` պայմանով, որ հաշիվն ինքը կփակի»: Գնում են Նարինեի տաղավարը, պատվիրում խեցգետին եւ օղի: Տուժողին է մոտենում ոմն Արսեն եւ երեքով շարունակում են օղի խմելը:

Ըստ գործի նյութերի, Արմանը ձեռքը մտցնում է տուժողի գրպանը, այնտեղից հանում մանրադրամներ, արեւածաղիկ, սկսվում է վիճաբանություն՝ գրպանը մտնելու հետ կապված: Աղմուկի պատճառով Նարինեն տաղավարից նրանց դուրս է հրավիրում: Երեքով իջնում են գյուղմթերքների շուկայից նեղ ճանապարհով, որտեղ մարդիկ չկային: Արմանը, մեղադրական եզրակացության համաձայն, դանակ է հանել եւ պահել Ս. Մեջլումյանի վրա՝ առաջարկելով Ս. Մեջլումյանին տալ լոլիկի վաճառքից գոյացած գումարը: Նա դանակով պատռել է տուժողի պիջակը, տապատը, որից հետո գրպանից հանել է 80 000 ՀՀ դրամը:

Ամբաստանյալի պաշտպանն էր Արթուր Ալիխանյանը: Նա էլ բացարկ հայտնեց դատախազին՝ Գոռ Ենոքյանին, ասելով, թե ամբաստանյալի հարազատների հետ ունի թշնամական վերաբերմունք: Ամբաստանյալի մայրն էլ տեղից խոսելու համար զգուշացվեց, նա դատարանին տեղից ասաց, թե դատախազն իրեն «անասուն» է ասել: «Չեմ կարծում, թե իմ բնութագիրը այս դրվագով պետք է լինի»,-ասաց դատախազը եւ ասաց, թե որեւէ թշնամանք կողմի հետ չունի, իր գործն է անում:

Դատարանը հրապարակեց որոշումը՝ բացարկը մերժելու մասին: Ապրիլի 27-ին կշարունակվի բողոքի քննությունը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031