Երջանկահիշատակ դերասանն այս տարվա
«Արտավազդ» մրցանակաբաշխության «գլխավոր հերոսն» է
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա առիթով Հայաստանի թատերական գործիչների միության կողմից ավանդաբար անցկացվող «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «գլխավոր հերոսը» ՀՀ ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանն էր: Քառորդ դար գեղագիտական վայելք են պարգեւել դերասանի լավագույն անձնավորումները Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա հայաստանյան գլխավոր բեմում: Մինչ օրս էլ երանությամբ են հիշվում նրա կերպարները հեռուստաթատրոնում: Ժամանակին թատերագետ Նվարդ Ասատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ աննկատ չեն մնացել Էլբակյանի (լուսանկարում) դերակատարումները, դերասանն ինքը հաճախ էր գրում, բայց հազվադեպ էր տպագրում բեմափորձով հարստացող սեփական դիտարկումները: Եթե չլիներ կնոջ՝ Լիլի Մալխասյան-Էլբակյանի նախանձախնդրությունը, շատ ու շատ ուսանելի մտքեր կկորչեին, կմոռացվեին նրա կյանքի մայրամուտից մեզ բաժանող 20 տարիների ընթացքում: Հավելենք, որ դերասանի աներեւույթ ներկայությունն առկա է թատերագետ Սուրեն Խաչատրյանի հեղինակած փոքրածավալ, բայց ամփոփ մենագրության էջերում (1979թ.):
20-րդ դ. երկրորդ կեսի հայ թատրոնի «ազգային պատկերասրահում» անգերազանցելի կերպարներ կերտած Էդգար Էլբակյանի 90-ամյակի առիթով Նվարդ Ասատրյանին խնդրեցինք փոքր-ինչ ծավալվել եւ հեռակա զրույցով ներկայացնել արվեստագետի դիմանկարի ուրվագիծը, մանավանդ, ասում են, որ Կարսից Ալեքսանդրապոլ գաղթած, Թիֆլիսում կրթություն ստացած եւ Ախալքալաքում դպրոց հիմնած հոր՝ քիմիայի ուսուցիչ Գեւորգ Էլբակյանի (որը ժամանակին ուսանել է Շարա Տալյանին եւ Արմենակ Տեր-Աբրահամյանի հետ երգել է Սպիրիդոն Մելիքյանի երգչախմբում, ավելին՝ Ախալքալաքում ուսուցիչների ուժերով բեմադրել «Անուշ» օպերան) որդուն սպասում էր օպերային երգչի կարիերան:
Նվարդ Ասատրյան. – Կարող էիք օպերային երգիչ դառնալ, ինչպես եւ բնատուր արտիստականությամբ օժտված ձեր հայրը, բայց…
Կարդացեք նաև
Էդգար Էլբակյան.- Թե Թիֆլիսի, թե Ախալքալաքի մեր տանը հավաքվում էին թատրոնի նշանավոր մարդիկ, կարդում-քննարկում հորս թարգմանած պիեսները, բանավիճում… Երբ հոգնում էին, սկսում էին երգել, ինձ էլ էին ներգրավում: Ոգեւորվում էին մեր ընտանեկան երգացանկից մանկական անկեղծությամբ կատարածս Կոմիտասով, Եկմալյանով, Սայաթ-Նովայով…
Ն. Ա.– Ձեր հաճելի քնարական բարիտոնը երկմտելու տեղիք տվեց գեղարվեստաթատերականի ընդունելության հանձնախմբին: Գուցե դիմեիք կոնսերվատորիա՞, մանավանդ՝ աշխույժ, ճկուն, դյուրաթեք լինելով, դժվարանում էիք հաղթահարել ներքին պրկումը:
Է. Է.– Այդպես էլ չկարողացա էստրադայում մենակ կանգնել, բանաստեղծություն կարդալ կամ հեռուստատեսության հաղորդավար լինել: Հուզմունքից կաշկանդվում էի…
Ն. Ա.- Ի վերջո հայտնվեցին ձեր դերասանական գրեթե բոլոր հատկանիշները՝ արտաքին եւ ներքին պլաստիկա, շարժուն դիմախաղ, հարուստ հնչերանգներով լայն ձայնասահման, կերպարի մեջ ծիծաղելիի, մերժելիի հետ մեկտեղ՝ մարդկայինը տեսնելու ունակություն… Լեւոն Քալանթարն է ասել՝ չգիտեմ, հայ բեմում այսպիսի Խլեստակով (Գոգոլի «Ռեւիզորը») եղե՞լ է, թե՞ ոչ, թերեւս միայն Վաղարշ Վաղարշյանը:
Է. Է.– Ավելին ասեմ. ներկայացումից հետո թատերագետ Յակով Ֆելդմանը հարցրեց՝ դուք երբեւիցե բալետով զբաղվե՞լ եք, ո՞չ…, զարմանալի է, այնքան պլաստիկ են ձեր ոտքերը, կարծես պարող եք, ձեր ոչ միայն ոտքերը, այլեւ մարմինն է խոսում:
Ն. Ա.– Սունդուկյանի անվան թատրոնում մրցույթ հայտարարեցին, խոսք եղավ նաեւ Խլեստակովի դերակատարման մասին, որի համար արժանացել էիք բարձր գնահատականի՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման:
Է. Է.- Այո, տեղյակ այդ ամենին, ինքս էլ ձգտելով Մայր թատրոն, վախենում էի՝ հանկարծ մերժեն… Դեռ Փափազյան կար այդ թատրոնում, Ավետ Ավետիսյան կար, Գուրգեն Ջանիբեկյան կար, վերջապես՝ Վարդան Աճեմյան… Մյուս կողմից՝ արդեն զգում էի. իմ սիրելի Պատանի հանդիսատեսի թատրոնում ես աճելու հնարավորություն համարյա չունեմ… Բարեբախտաբար, այս անգամ երկու վախը ոչ թե մահ եղավ, այլ վերածնունդ: Մայր թատրոնում երեք տարի թողեցին, որ «ընտելանամ»: Հետո «Ոսկե կառեթի թագավորության» Թագավորի անդրանիկ դերակատարումը տեսնելուց հետո Փափազյանն Աճեմյանին ասել էր. Վարդան, այս մանչը տաղանդավոր է, ուշ դարձրու: Հիմա երկար ժամանակ կպահանջվի թվարկել Սունդուկյանի թատրոնում խաղացած դերերս` Գիքո, Տարելին, Տոպազ… Պակաս ժամանակ էլ չի պահանջվի, որ թվարկեմ հեռուստա եւ ռադիոթատրոնում խաղացածներս:
Ն.Ա. – Հիշարժան կերպարներ եք ստեղծել նաեւ ֆիլմերում…
Է. Է.- Նկարահանվել եմ «Համագյուղացիներ», «Արշակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Երկունք», «Պաղտասարը բաժանվում է կնոջից», «Հուսո աստղը»…
Ն. Ա.– Անգերազանցելի մնաց ձեր զինվոր Բաղդասարի կերպարը «Ջրհորի մոտ» ֆիլմում…
Է. Է.– Ներողություն խնդրելով ասեմ, որ իմ բոլոր կերպարները ինձ համար անգերազանցելի են:
Ն. Ա.- Չուշացավ Սունդուկյանի անվան թատրոնում հղկված ձեր վարպետության ճանաչման պաշտոնական վկայությունը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր տիտղոսը (1978թ.):
Է. Է.– Խաղացի հայկական արմատներ փնտրող Մուկոչ Ասողիկի, Իսայիի, Երվանդի, Եփրեմի, Մուշեղի («Խաչմերուկ») կերպարները: Վերջինի համար արժանացա պետական մրցանակի (1979թ.)…
Ն. Ա.- Ժառանգական պլաստիկայով ու ճկունությամբ խաղում էր ձեր որդին՝ երիտասարդ դերասան Արմեն Էլբակյանը, որը հետագայում դարձավ իր հոր ու վաղամեռիկ շնորհառատ որդու՝ արվեստն անմահացնող կենդանի կոթողի՝ Էդգար Էլբակյանի անվան դրամայի եւ կոմեդիայի ինքնաստեղծ թատրոնի հենասյունը՝ կնոջ ու դստեր՝ Աննա եւ Լիլի Էլբակյանների տաղանդավոր համախոհությամբ:
Է. Է.- Ինչ մասնագիություն էլ ընտրած լինես, ամենից առաջ պետք է ապրես դրանով: Թատրոնն էլ լուրջ աշխատանք է, քրտինք, պատասխանատվություն, արժանապատվություն… Հազարավոր հավատացյալներ են նայում քեզ, եւ դու պարտավոր ես նույնիսկ փոքր դերում բացահայտել քո մեջ եղած մեծը… Թատրոնում հետաքրքիր պիտի լինի ամեն ինչ: Ճիշտ է, էսթետիկայի բառարանում «հետաքրքրականություն» տերմինը չկա, բայց ես այն դիտում եմ որպես արվեստի կատեգորիա, որի կորուստը կամ նույնիսկ նվազումը լուրջ բարդությունների առջեւ կարող է կանգնեցնել մեզ…
Պատրաստեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ»
28,03.2017