Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիական նշանակում է նաեւ ուսուցողական

Մարտ 29,2017 13:30

«Խռովահույզ մի հոգի, որին ձանձրացրել է քաղքենիական միապաղաղ գոյությունը»

Ոճի մասին

«Անցյալ թատերաշրջանի վերջում Երեւանի պատանի հանդիսատեսի կոլեկտիվը ներկայացրեց իր նոր աշխատանքը՝ Արտաշես Բաբայանի «Տոսկանա, Տոսկանա» պիեսը, որը բեմադրել էր գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի շրջանավարտ Արմեն Էլբակյանը…»:

«Ավանգարդ», 16 նոյեմբեր, 1980թ.

Շատերը խոսեցին այս ներկայացման ու նրա ռեժիսորի մասին, կարծիքները տարաբնույթ էին, երբեմն իրարամերժ…բայց բոլորը նշեցին, որ թատրոն է եկել «Խռովահույզ մի հոգի, որին ձանձրացրել է քաղքենիական միապաղաղ գոյությունը»…նշեցին նաեւ, որ երիտասարդը բարեկիրթ է ու մտածող:

Արդեն գրեթե չորս տասնամյակ է, որ մեր կողքին է Արմեն Էլբակյան ռեժիսորը, որը բեմադրել ու բեմադրում է կառուցվածքային առումով իրար մոտ կանգնած, կամ էլ տարաբնույթ ու տարբեր, երբեմն էլ հակոտնյա՝ գեղագիտական ու կառուցվածքային առումով հեղինակների: Ռեժիսորը փորձում է ու մեծ մասամբ կարողանում է ներկայացնել իր մոտեցումը, իր տեսակետը: Անշուշտ, նա չի ձգտում այս ամենը փաթաթել հանդիսատեսի վզին որպես միակ ճշմարիտն ու անքննելին…սրա կարիքը չկա էլ: Արվեստում միակ ճշմարիտ լուծման որոնումն առնվազն կեղծ է հնչում, սակայն, ճշմարիտ է նաեւ այն, որ ռեժիսորը պիտի փորձի տալ ընկալման իր տեսակետը, որը պիտի հնչի որպես անհրաժեշտ ու տեղին: Արմեն Էլբակյանը ամեն հեղինակի համար որոնում է հենց նրա ռեալականությունը ու այդ ամենը անց է կացնում այսօրվա իրականության, եթե կարելի է այսպես արտահայտվել, պրիզմայով, անցկացնել իր սեփակամ սուբյեկտիվ ընկալման միջով ու իր այս տեսլականն էլ ներկայացնում է հանդիսատեսին:
Ինչեւէ, այս տասնամյակներում ռեժիսոր Էլբակյանը ստեղծեց մի շարք հիշվող, երբեմն փայլուն, երբեմն էլ անցողիկ ներկայացումներ, անդրադարձավ Դյուրենմաթին ու Մաթեւոսյանին, Սերվանտեսին ու Սունդուկյանին…ինքն էլ հանդես եկավ որպես հեղինակ: Ասեմ, որ չէր էլ կարող հանդես չգալ: Էլբակյան անհատն ունի իր ասելիքը ու եթե այդ ասելիքի համար պետք է գրել պիես, նա առանց վարանելու գրում է՝ «Ամենափրկիչ ջրհեղեղ» ու «Զանգ զրնգոց» ու այդպես շարունակ: Առանձնակի կուզեի նշել «Ուշացած թռչունը» Աննա Էլբակյանի համահեղինակությամբ: Այս ներկայացման մասին կարող ենք ասել, որ սա, այսօրվա խոսքերով ասած՝ «ինտերակտիվ» ներկայացում էր, ինտերակտիվ այն ժամանակաշրջանում, երբ այս եզրույթի մասին հիմնականում չէինք էլ լսել: Քննարկելով Էլբակյանի ստեղծած ներկայացումները, թվում է, թե դժվար է բնորոշել Էլբակյան ռեժիսորի ոճը: Մի դեպքում ներկայացումը վառ թատերային է, գունեղ՝ «Դոն Կիխոտ», «Թռցրու ինձ լուսին», մյուս դեպքում հագեցված մեղմ տխրությամբ ու թախիծով՝ «Չե՞ս պարի ինձ հետ», «Քարանձավի բնակիչները», հետո կենցաղային շտրիխներով ու դետալներով, ճշմարտացի ու զուրկ ավելորդ գունագեղությունից՝ «Տերը», հետո նաեւ զուտ էպիկական մոտեցմամբ՝ «Հետաքննություն», «Ա. Մունի կարիերան», ու նաեւ «Մուսա լեռան 40 օրը»…

Գուցե տպավորություն ստեղծվի, թե այսքանից հետո ինչ ոճի մասին կարող է խոսք լինել, որը, ինչպես մենք գիտենք, պայմանավորված է կերպարային համակարգի, գեղարվեստական արտահայտչամիջոցների, պատկերման հնարքների, կայուն ընդհանրությամբ: Սրան մենք կարող ենք հակադրել, որ այդ պայմանավորվածությունը մեխանիկական չէ: Այն կապակցված է ոճի զարգացման հետ, ժամանակի հետ ու դրանից բխող մոտեցման հետ: Այսուհանդերձ, կան որոշակի առանձնահատկություններ, որոնք բնորոշում են այս կամ այն արվեստագետին, ճանաչելի դարձնում նրան: Ռեժիսոր Արմեն Էլբակյանը միշտ էլ ճանաչելի է, անկախ նրանից՝ հաջողված է նրա ներկայացումը, թե ոչ այնքան: Նրա բոլոր ներկայացումներում էլ առկա են ինտելեկտուալությունն ու ինտելիգենտությունը, գաղափարականի, մտայինի դոմինանտությունը:

Հեղինակ-ռեժիսոր

Էլբակյան ռեժիսորը հարգում է հեղինակին, փորձում նրա առաջադրած խնդիրները մատուցել հանդիսատեսին, սակայն…սակայն յուրաքանչյուր լավ ռեժիսորի ներսում առկա է դրամատուրգը ու այս դրամատուրգը օգնում է Էլբակյանին յուրովի մեկնաբանել հեղինակին, դառնալով համահեղինակ, երբեմն էլ ավելին: Հեղինակ-ռեժիսորը, ինչպիսին իմ կարծիքով նաեւ Էլբակյանն է, դրամատուրգիական նյութի օգնությամբ, առավել լիակատար է դարձնում իր ասելիքը, ձգտում է հեղինակային նյութը եւ իր մտահորիզոնները համապատասխանեցնել: Այս ամենը չի նշանակում փոխել հեղինակային տեքստը, փոխել ասելիքը, փոխել խնդիրները…սա ընդամենը նշանակում է փոքր-ինչ տարբերակել շեշտադրումները, գտնել այն, ինչ համահունչ է ժամանակին, հարազատ այսօրվան եւ ինչո՞ւ ոչ, նաեւ տեղային մենտալիտետին:

«Պեպո»
«Հիմա երբ ծիծաղում եմ
ինչ որ բանի վրա, ծիծաղում եմ,
որպեսզի չարտասվեմ»- Ջորջ Բայրոն

Կարծում եմ, ճիշտ ժամանակն է անդրադառնալ «Պեպո» ներկայացմանը՝ շատ առումներով հեղինակային, ռեժիսորական հեղինակային ներկայացմանը: Հենց սկզբից պարզվում է, որ այս ներկայացումը «Պեպո» կատակերգության ավանդական ընթերցումը չէ: Բեմում է մի նոր կերպար, հեղինակ կոչենք նրան, թե ռեժիսոր, էական չէ: /Հեղինակ, քանի որ նրա անունը Գաբրիել է, ռեժիսոր, քանի որ նա է փորձում առաջ տանել պատմությունը, պատմությունը զուր չէ որ շեշտվում է/: (Դերակատար Գարեգին Չեփչյանը արդարացիորեն կարողանում է կատարել այս առաքելությունը):
Գաբրիելը դիմում է հանդիսատեսին, խոստանում պատմել պատմություն, որը խաղի միջոցով հանդիսատեսին կներկայացնեն մասնակիցները: Գաբրիել-հանդիսատես շփումը ավելի ակնհայտ է դառնում: Դահլիճում գտնվող հանդիսատեսի որպիսությունը հարցնելուց հետո նա առաջարկում է խորհել կատարվող իրադարձությունների շուրջ՝ գուցե հանդիսատեսի մեջ էլ կա այս կամ այն ճամբարի ներկայացուցիչ…խորհել, ուսումնասիրել, որոշում կայացնել, հետեւել մտքին: Սա ձեզ ոչինչ չի հիշեցնում: Համոզված եմ, շատերը հասկացան՝ «Պեպոն» որոշակիորեն կառուցված է էպիկական թատրոնի սկզբունքներով:

Մի՞թե սրա վկայությունները չեն այս կամ այն տեսարանում ինչ ու ինչ պերսոնաժի երեւակայական աշխարհի հայտնվելը, դեկորների տեղափոխումը բաց վարագույրի պայմաններում, զրույցը Գաբրիելի եւ գործող անձանց միջեւ, որոնք երբեմն վերածվում են հուշումների Գաբրիելի կողմից: Ասեմ ավելին, ներկայացումը որոշակի սինթեզ է դրամատիկական եւ էպիկական թատրոնների: Սա բնավ չի ենթադրում ընկնել էկլեկտիզմի ետեւից՝ անհամատեղելիների արհեստական կեղծ համատեղելիության ետեւից: Ներկայացումը ամբողջական է, միակցումը ընկալելի: Ժամանակակից թատրոնը հաճախ է դիմում էպիկական թատրոնի կերպին: Էլբակյանն այսպիսի փորձ անշուշտ ունի (վերեւում այս մասին նշել ենք), բայց «Պեպոն» բավականին տարբերվում է: Այստեղ համատեղվել են շեշտադրումներով փոքր-ինչ տարազան երկու մոտեցում՝ էպիկական եւ դրամատիկական: Այս միջոցով Էլբակյանն, ըստ իս, հասել է մի նոր որակի: Բոլորի կողմից ընկալելի է սա, թե ոչ, դա ուրիշ հարց է, սակայն ես գտնում եմ, որ թատրոնի զարգացման ճանապարհներից մեկը կարող է լինել հենց այսպիսի մոտեցում, համենայնդեպս, այս ներկայացումը դրա հնարավորությունները նախանշում է…

Արմեն Էլբակյանը ընդհանրապես, եւ մասնավորապես այս դեպքում շատ ուշադիր է էքսպոզիցիայի նկատմամբ: Ռեժիսորը պարզ եւ հստակ ներկայացնում է հնարանքի իր աշխարհը, այդ աշխարհի կանոններն ու բախման էությունը: Բեմում են կինտոները, որոնցից մեկին «կինտո» են կարգում, որի խորհրդանիշը քյամարն է՝ կինտոյի միակ ունեցվածքը, պատիվը, ժառանգությունը…ինչպես ասպետի համար իր սուրը…Այո, սրանք ասպետներ են, որոնք հակամարտության մեջ են ընչաքաղց ու ագահ, ասել է թե՝ կեկելական ու տուտուցական Թիֆլիսի (Փարիզի, Երեւանի, Մոսկվայի) քաղքենու հետ, որոնց հիմնական կերպը, տեսակը մասսայական տեսարանի մասնակիցներն են: Սրանք ունեն իրենց առաջնորդները՝ Ծովինար Մարտիրոսյանի ագահ ու բամբասասեր, թալանչի, մոցիկուլն ու Լուսինե Կոստանյանի սոցիալական վիճակը բարելաված «փայլուն», վավաշոտ ու գիշատիչ Էփեմյան: Արմեն Էլբակյանը արդեն ոչ թե ձանձրացել, այլ զայրացել է քաղքենիական շրջապատից, որոնք արդեն անտարբեր, գորշ, ձանձրալի մասսա չեն, սրանք արդեն թելադրում են խաղի կանոնները, սրանց ուրախություն է պատճառում ուրիշի դժբախտությունը, ցավը, սրանք բորենիների պես սպասում են իրենց զոհին:

Սրանցից վախենում է նույնիսկ ինքը՝ Զիմզիմովը, չէ՞ որ այս մասսան կհոշոտի նաեւ նրան, չէ, ոչ թե գողության ու խաբեության համար (սրանք խաղի կանոններն են), այլ գողությունը «շնորհքով» չիրականացնելու, գողության մեջ բռնվելու համար: Սա ձեզ ոչինչ չի հուշում: Արդյոք այսօր շատ չե՞ն այսպիսիները: Զիմզիմովն, Արմեն Մարությանի կատարմամբ, փափուկ, մեղմ ու հմայիչ արտաքինի տակ թաքցրած «ժանգ է», այսօրվա ճկուն Զիմզիմով, հենց մեր օրերի, մեր շրջապատի: Արմեն Էլբակյանն այս ստեղծագործությանը նայել է այսօրվա աչքերով, նա գործ ունի այսօրվա հոգսերի, այսօրվա իրականության հետ, որտեղ քաղքենիական ձանձրույթը վերածվել է ուրիշի դժբախտության վրա ուրախանալու կարողությամբ: Սա է դառն իրականությունը, ու Էլբակյանի «Պեպոյում» առկա է դառնություն, դրանից բխող զայրույթ ու այդ ամենը հենված խղճի վրա: Էլբակյանի բեմադրությունն այնպիսի խնդիրներ է բարձրացնում, որ եթե մենք վստահ չլինենք, որ սա ընդամենը կատակերգություն է, մենք կարող ենք այն բնութագրել որպես մերկացող ակտ՝ գործողություն: Ու եթե չլիներ ամբողջ ներկայացման թեթեւ (թելադրված ժանրով) տոնը, ապա այն անշուշտ կվերածվեր սոցիալական դրամայի, կամ էլ գուցե ավելիի՝ տրագիկոմեդիայի՝ փափուկ տխրություն, որը երբեմն կարող է հասնել ցավեցնող, հոգետանջ վշտի:

Այս ներկայացումը բոլորին չէ, որ կգոհացնի, զգուշացնեմ, որ անիմաստ, դատարկ, ծիծաղ սիրողները լիակատար իրավունք ունեն փնովել այս ներկայացումը: Ընդհանրապես մեծ կատակերգություններում, որոնց շարքում նաեւ «Պեպո»-ն է, այնպիսի ժանրային պայմանականությունը, ինչպես կատակերգության համար ծիծաղ կորզելն է՝ ուրախությունը, ոչ հազվադեպ սպառնալիքի տակ են դրվում…իսկ կարելի՞ է, արդյոք, այդպես վարվել:

Կարծում եմ, որ կարելի է: Պայմանականությունը չխախտելը դժվար չէ, առավել դժվար է խախտել պայմանականությունը, սակայն պահպանել որակը, մեծությունը: Այս տեսանկյունից է դիտարկել Էլբակյանը «Պեպո» կատակերգությունը, որը մի տեսակ փորձ է հաղթահարել հուսահատությունը, հոգեկան ապրումները, տագնապները եւ մեղքի զգացումը: Այսպես է կառուցված «Պեպո» ներկայացումը ընդհանրապես ու դրանից բխելով Պեպոյի կերպարի ընկալումը՝ մասնավորապես, որը կրկին անգամ տալիս է վիճելու ու վրդովվելու առիթ: Ո՞ւր է ձկնորսը…ավանդական ձկնորսը կորել է, չկա…Էլբակյանի մեկնաբանությամբ ու Տիգրան Ներսիսյանի կատարմամբ Պեպո ձկնորսի կարիքը չկա էլ, Պեպոն արդեն այնքան էլ ձկնորս չէ, նա արդեն առնվազն մի աստիճանով վեր է կանգնած իր ընկերներից, Կինտոյից, ձկնորսից, հասարակ Թիֆլիսեցուց: Պեպոն, համենայնդեպս Էլբակյանի մեկնաբանմամբ, որոշակի մեղք է գործել, չէ, սա անշուշտ ողբերգության հերոսի մեղքը չէ, սա այն մեղքը չէ, որ տանում է դեպի մահ, դեպի կործանում, չէ, ոչ այնքան խորը…Սակայն Պեպոն արժանի է որոշակի պատժի, նա փորձում էր նույնականանալ, քաղքենի հասարակության հետ, դառնալ այդ հասարակության անդամներից մեկը, նշանակում է, թե դավաճանել իրեն, իր տեսակը…գուցե եւ ամեն ինչ չհասկանալով: Այո, նա պատժվում է ու պատժում է ոչ այնքան Զիմզիմովին, որքան հենց իրեն…

Լավ, իսկ հետո…ո՞ւր մնաց Գաբրիելը, ո՞ւր մնաց էպիկան, չէ՞ որ հնարանքի այս աշխարհի կանոններին մեզ ի սկզբանե տեղյակ են պահել: Ներկայացումը պիտի շարունակվի, Զիմզիմովը պիտի պատժվի, դատվի «թեկույզ եւ հնարանքի աշխարհի» «հնարանքի աշխարհում»՝ թատրոն թատրոնում: Բեմահարթակը, որ մերթ քաղաք էր, մերթ լաստանավ ու բնակարան, պիտի վերածվի դատարանի, ատյանի: Քաղաքը պիտի դատվի, բարքերը պիտի դատվեն: Իր հերոսին դատելու է պատրաստ նաեւ ինքը Զիմզիմովը: Բեմ պիտի բարձրանան քավության նոխազն ու խրտվիլակը, կրկին էպիկա, կրկին էպիկական թատրոն: Ու նրան դատում են, դատում է Գիքոն: (Ռուդոլֆ Ղեւոնդյան, որի խաղը հաճելիորեն զարմացրեց:

Արտաքին կոպիտ տղամարդու մեջ թաքնված նուրբ հոգի, զգուշավոր շարժումներ, որոնք ձգտում են չվնասել կողքինին, հասկանալով իրենց ուժը): Հոգեւոր արժեքների կրող Գիքոն դատում է դժոխք ընկած մեծահարուստին, որի կողքին է քաղքենիական ամբողջ շքախումբը, խրախճամոլ քաղքենին, ուրիշի դժբախտության վրա երջանկացող քաղքենին, դեպի որն էլ առաջին հերթին ուղղված է Էլբակյանի «սուրը»: Հետո պիտի աշխարհը փլվի Զիմզիմովի գլխին ու այս ամենը կատարվի խիստ ճաշակով՝ ի շնորհիվ ֆունկցիոնալ ու ներկայացմանը օժանդակող ձեւավորման: Մենք գրեթե չխոսեցինք դերակատարների մասին, ոչ այն պատճառով, որ ասելիք չկա, բնավ…(ասենք, որ Կակուլին՝ Անդրանիկ Խաչատրյան եւ Կեկելը՝ Տաթեւիկ Հոռոփյան, նույնպես ոչ պակաս, քան մյուս դերակատարները, որոնց մասին այս կամ այն չափով խոսվեց, նույնպես նպաստեցին ներկայացման ամբողջականության կայացմանը)… ուղղակի մենք համոզված ենք, ներկայացումը «եփվում է», կայանում հանդիսատեսի հետ շփման ընթացքում: Առաջնախաղը ու դրան հաջորդած 2-3 ներկայացումները դեռեւս ավարտուն ներկայացումներ չեն, առավելապես դերասանական խաղի առումով: Էլբակյանն էլ այն ռեժիսորներից է, որը ներկայացումը հանձնելուց հետո «մի կողմ» չի քաշվում, այլ փորձում է ինչ-որ բան շտկել, ճշտել, հենց հանդիսատեսի հետ շփման ընթացքում:
Ինչեւէ, առանց դերասանական կայացած անսամբլային խաղի, մենք չէինք ունենա այն ներկայացումը, որն ունենք՝ ներկայացում, որն ինքնատիպ է, հետաքրքիր ու ուսուցողական…չմոռանանք, որ ակադեմիական, նշանակում է ուսուցողական…

 

ՏԻԳՐԱՆ ՔԵԼԵՄՅԱՆ

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Մարտիրոսյան says:

    Հանուն մի աստիճան վեր լինելու էր մոնոլոգային տեսարաններում Պեպոն Պեպիտայի վերածվում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031