Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամոքսի խոցի կամ չարորակ ուռուցքի պատճառը

Մարտ 29,2017 13:00

«Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի կեսօրվա ժամը 2-ին։ Եթե չեք անցել օրվա ընթացքում մի անգամ ուտելու ռեժիմին, ապա խորհուրդ եմ տալիս ուտել չորսժամյա ընդմիջումներով (եթե սնվում եք բուսական սնունդով)»,-գրում է ազգությամբ ռուս բնաբույժ Գալինա Շատալովան։ Կենդանական սննդից դեռեւս չհրաժարված մարդկանց բժշկուհին հիշեցնում է, որ միսը մարսվում է 8 ժամում, կաթնամթերքները` 6 ժամում, երշիկեղենը եւ մյուս մսամթերքները` 12 ժամում։ Ուստի մասնագետը հիշեցնում է ֆիզիոլոգիական հիգիենայի հինգերորդ կանոնը՝ ուտել չորս ժամից ոչ պակաս ընդմիջումով։

Մարսողության հաջորդ օրգանը բերանից հետո ստամոքսն է՝ աղիների մի մասը, որի համար հատկանշական է լավ զարգացած մկանային պատը: Այն ներսից պատված է լորձաթաղանթով։ Ստամոքսի հաստ պատի մեջ տեղավորված են ստամոքսահյութ արտադրող գեղձերը։ Այդ հյութերի միջոցով ստամոքսում մարսվում են սպիտակուցները։

Մեծ քանակությամբ սնունդ ընդունելու դեպքում ստամոքսի պատերը ձգվում են, բարակում, եւ հյութ արտադրող գեղձերի ֆունկցիան խանգարվում է։ Ըստ Գալինա Շատալովայի փորձերի, ընդունած սննդի ծավալը ստամոքսի բնական ծավալից (250-350 սմ3) ավելի չպետք է լինի, որն էլ նրա խոսքով՝ ֆիզիոլոգիական հիգիենայի վեցերորդ կանոնն է։

Ստամոքսը մարսողության հերթական օրգանի՝ տասներկումատնյա աղիքի հետ կապվում է ստամոքսաանցքի՝ պիլորուսի միջոցով։ Այն սնունդը ստամոքսից դուրս չի թողնում այնքան ժամանակ, քանի դեռ չի մարսվել, եւ չի ավարտվել նրա հիմնայնացման գործընթացը (չեզոքացումը), որովհետեւ տասներկումատնյա աղիքի հիմնային միջավայրը մշտապես պիտի պահպանվի. «Դե, հիմա պատկերացրեք՝ ինչ է կատարվում ձեր ստամոքսում, երբ նախորդ սնունդը դեռ չմարսված, ընդունում եք հաջորդը։ Օրգանիզմը կանգնում է երկընտրանքի առաջ, շարունակի՞ նախորդ սննդի հետագա չեզոքացումը, թե՞ ավելացնի ստամոքսահյութի թթվայնությունը՝ նոր ընդունած սնունդը վերամշակելու համար։ Սակայն, եթե ստամոքսը չափից ավելի է լցված ու ձգված, պիլորուսը բացվում է եւ բաց մնում, որի հետեւանքով ստամոքսի թթվային պարունակությունը կարող է անցնել տասներկումատնյա աղիք եւ բորբոքումների կամ չարորակ ուռուցքների պատճառ դառնալ»։

Տասներկումատնյա աղիքի մեջ են բացվում ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի ծորանները։ Այս աղիքի մեջ աղիքային հյութի, ենթաստամոքսային հյութի եւ լեղու ներգործությամբ շարունակվում է սննդի հետագա մարսումը։ Բայց, ըստ մասնագետի, եթե պիլորուսը բաց վիճակում է գտնվում, լեղին տասներկումատնյա աղիքից թափանցում է ստամոքս, քայքայում ստամոքսի պատերի լորձաթաղանթը՝ դառնալով ստամոքսի խոցի կամ չարորակ ուռուցքի պատճառ։

Ակնհայտ է, թե որքան կարեւոր է պիլորուսը փակ վիճակում պահելը։ Իսկ դրա համար հարկավոր է ընդամենը ստամոքսը չծանրաբեռնել։

Տասներկումատնյա աղիքից վերամշակված սնունդն անցնում է բարակ աղիներ, որտեղ կատարվում է սննդարար նյութերի ներծծման բարդ գործընթացը. «Եթե մարսողական համակարգի նախորդ օրգաններում մարսողության գլխավոր «գործող դեմքերը» մարդու սեփական ֆերմենտներն են, ապա հաստ աղիքում տիրում է մանրէների թագավորությունը։ Մանրէները շարունակում են սննդի այն մասնիկների վերամշակումը, որոնք չեն մարսվել մեր սեփական միջոցներով։ Սննդի այդպիսի մասնիկներից նրանք իրենց գոյության համար անհրաժեշտ նյութեր են քաղում՝ միեւնույն ժամանակ արտադրելով մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ ամինաթթուներ ու վիտամիններ»,-նշում է բնաբույժը՝ ավելացնելով, որ երբ խախտվում են ֆիզիոլոգիական հիգիենայի վերը նշված կանոնները, ժամանակից շուտ բացվում է բարակ աղիները հաստ աղիքից բաժանող փականը եւ բարակ աղիներում վերջնական մշակման չենթարկված պարունակությունն անցնում է հաստ աղիք՝ ոչնչացնելով այնտեղ բնակվող միկրոօրգանիզմներին։ Սակայն Գալինա Շատալովան մանրէների ոչնչացման մի պատճառ էլ է նշում՝ մանրէասպան դեղորայքների (անտիբիոտիկների) օգտագործումը, որն առաջացնում է դիսբակտերիոզ հիվանդությունը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031