Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ավանցիներին բացատրեց, թե ապրիլի 2-ին ինչու պետք է ընտրել իրենց

Մարտ 28,2017 23:35

ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների քարոզարշավի հերթական հանդիպումն ընտրողների հետ այսօր անցկացրեց Ավանի մշակույթի տանը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ընտրողներին հիշեցրեց, որ ընդամենը երկու-երեք օր է մնացել քվեարկությանը եւ ավելի քիչ՝ քարոզարշավին, քանի որ ապրիլի 1-ը լռության օր է: «Այսօր, հավանաբար, տարբեր շրջաններում եւ մայրաքաղաքում մեր հանդիպումները հասարակության հետ հատեցին հարյուրի սահմանը: Կարեւոր է՝ գիտակցեք, որ ապրիլի 2-ին դուք պատմական հնարավորություն ունեք մաս կազմելու արդար Հայաստան կերտելու նոր սկզբին: Կարող է լսած լինեք, թե «իմ քվեն ազդեցություն չունի, գնամ ընտրության, թե ոչ, մեկ է՝ ամեն ինչ արդեն որոշված է»:

Եթե որոշված լիներ, կաշառքի մասին այսքան խոսակցություն չէր գնա, կաշառքի մասին այսքան առաջարկներով հանդես չէին գա: Եվ իրականությունն այն է, որ քարոզարշավից առաջ շատ մեծ գումարների մասին սկսեցին խոսել, իսկ վերջում այդ գումարները բավական իջան: Կաշառք վերցնողներն էլ պիտի հասկանան, որ այդ գումարը հենց այնպես չեն բաժանում, երկնքից չի իջնում: Մի տեղից վերցրել են եւ այդ մի տեղը ժողովուրդն է: Մենք մեր տեսահոլովակներից մեկում ասում ենք. այն քվեն, որ ազատ քաղաքացին ազատ կամքով տալիս է ցանկացած կուսակցության, դա դաշնակցության համար քվե է, որովհետեւ դա նշանակում է, որ իսկապես ժողովրդի կամքի դրսեւորումն է: Իսկ մեր ճիգն ու ջանքը եղել է, որպեսզի ժողովուրդը ունենա այդ հնարավորությունը՝ ընտրելու իր իշխանությունը:

…Մենք իրականում համամասնական քվեարկություն ունեցել ենք, ճիշտ է, ոչ հարյուր տոկոսանոց համամասնական: Այդ համակարգով ոչ մի կուսակցություն, ինչքան էլ ճնշում, կաշառք, ինչ ուզում եք ասեք, 50 տոկոս չի ստացել: Դրա համար շատ անբնական, ոչ թափանցիկ ու արտառոց պետք է թվա, եթե հանկարծ որեւէ ուժ այս ընտրություններում ստանա 50 տոկոս +1 ձայն: Դա կնշանակի՝ մի բան ծուռ է, ինչ-որ բան ճիշտ չի եղել: Դրա համար անհրաժեշտ է, որ դուք մասնակցեք այս ընտրություններին:

Մենք միակ կուսակցությունն ենք, որ կարող ենք բոլորի հետ խոսել եւ հստակ նպատակների շուրջ գործակցել: Մենք դա ցույց ենք տվել անցած 27-28 տարիներին», – ասաց Կիրո Մանոյանը՝ որպես ապացույց բերելով այն, որ դեռ 90-ականների սկզբներին, երբ ՀՅԴ-ն փակված կուսակցություն էր Հայաստանում, իրենք միեւնույն է աշխատել են ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր խնդիրների շուրջ որոշումներ կայացնելու հարցում կարողացել են գործող կուսակցություններ համախմբել: Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով Կիրո Մանոյանը դիմեց ներկա գտնվողներին՝ իրենց քվեն ՀՅԴ-ին տալու հորդորով՝ ասելով, որ եթե այն ժամանակ ու դրանից հետո արդեն խորհրդարանում ունեցած մի քանի պատգամավորներով իրենց կուսակցությունը կարողացել է համախմբել, հիմա, եթե ապագա խորհրդարանում ավելի շատ ներկայացված լինեն, ինչեր կարող են անել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031