Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը վերջին 10 տարում 22 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 28,2017 23:25

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում քարոզարշավ անցկացրեցին նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները։ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատների» շուրջ համախմբվել են Հայաստանի Հանրապետության ազատական մտածողության ու ազատական դաշտի բավական երևելի քաղաքական ուժեր ու քաղաքական դեմքերը։

«Մենք ազատ դեմոկրատներով ուզում ենք ստեղծել մի երկիր, որտեղ քաղցածներ չկան, որտեղ դպրոցից դուրս մնացած երեխաներ չկան, որտեղ անբնակարան, անընտանիք, անօթևան մարդիկ չկան, որտեղ չկա մեկընդմիշտ աղետի գոտի հասկացությունը, որտեղ չկան տնակներ, որտեղ չկա վախ արտաքին թշնամուց, որտեղ կա ուժեղ բանակ, ուժեղ ու մրցունակ տնտեսություն առանց մենաշնորհների, առանց ստվերի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը;

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն էլ բավական ծավալուն ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ազգային անվտանգության խնդիր դարձած արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, գազի մենաշնորհին, գնին։ «Ես անհարմար եմ զգում այդ բառը արտասանելուց, բայց 21-րդ դարում, այս զարգացած դարում դեռևս մենք ունենք սոված քաղաքացիներ։ Գիտեք դա յուրաքանչյուրիս ամոթն է, ես նկատի ունեմ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղաքական գործիչների, առավել ևս պետական չինովնիկների», -ասաց Խաչատուր Քոքոբելյանը։ Նա ասաց, որ Հայաստանի զարգացման ուղղությունը պետք է փոխվի։

«Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ ասում ենք՝ Հայաստանը պետք է բռնի Եվրոմիության ուղղությունը։ Բայց մենք ասում ենք, որ Հայաստանը, և մենք առաջին հերթին՝ ազատ դեմոկրատներս, ձեր հետ միասին պետք է փրկենք հայ-ռուսական հարաբերությունները։ Ես ուզում եմ սա Գյումրիում ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների ավելի ցածր մակարդակ, որ ունենք այսօր, երբևիցե չի եղել։ Երբ որ անդամակցում էին Եվրասիական տնտեսական միությանը, ասում էին՝ գոնե անվտանգության բաղադրիչը կավելանա, ուզում եմ բոլորիդ հիշեցնել, թե քառօրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ։

Ավելորդ չեմ համարում այս դահլիճում հնչեցնել Ռուսաստանի փոխվարչապետի ցինիկ հայտարարությունը քառօրյա պատերազմի ժամանակ։ Բառացիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենքի մատակարարումը և դա քառօրյա պատերազմի ընթացքում, ե՞րբ է եղել այսքան ցածր մակարդակ։ Ե՞րբ է եղել, որ Բելառուսը արհամարհի Հայաստանի պետական շահը, վերջերս բոլորդ ականատես եղանք, թե ինչպես հանձնեցին հայտնի բլոգերին՝ կապված Արցախի հետ»։

Նա նաև ասաց, որ Ադրբեջանի զինտեխնիկայի 80 տոկոսն ամբողջությամբ մատակարարում է Ռուսաստանի Դաշնությունը, ու այս երկիրը վերջին տաս տարում 22 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին։

Նա խոսեց արտագաղթի պատճառների մասին՝ նշելով երեք պատճառներ․ չկան աշխատատեղեր, կան մարդու իրավունքների ոտնահարում և չկա մարդկանց իրացման հնարավորություն։ «Ի՞նչն է պատճառը, որ այսօր Հայաստանում աշխատատեղերը քիչ են, Հայաստանում կա այսօր սոսկալի չափերի հասնող ստվեր։ Իշխանությունն այսօր ընդունում է, որ Հայաստանում առնվազն այսօր 34 տոկոս ստվեր կա։ Ի՞նչ է այդ ստվերը, այդ 34 տոկոսն ավելին է, քան 800 միլիոն ամերիկյան դոլարը։ Այսինքն` Հայաստանում, որտեղ կա սով, չկա աշխատատեղ, կա պատերազմ, մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, բյուջեից 34 տոկոսի չափով 800 միլիոն ամերիկյան դոլարից մինչև մեկ միլիոն ամերիկյան դոլար չի գնում հարկման բազա»։

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իրենք կարող են 2-3 ամսում վերացնել ստվերը, իսկ մյուս քաղաքական ուժերի ցուցակների առաջին հորիզոնականում հենց այն մարդիկ են, որոնք ապահովում են հենց այդ ստվերը, իսկ գողը չի ցանկանում վերացնել գողությունը։

«Ազատ-դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն էլ անդրադարձավ գազի գնին, ասաց, որ այն ավելի կբարձրանա, թեկուզ այն պատճառով, որ տարեկան 40-50 մարդ է արտագաղթում, ու այդքան մարդ քիչ է սպառում գազ, էլեկտրաէներգիա։ Ըստ նրա, եթե հետընտրական վիճակն անցի, հունիս, հուլիս ամիսներից բարելավվելու հնարավորություն չկա, քանի որ երկիրն ահռելի պարտքերի մեջ է։ «Չի եղել աշխարհում դեպք, որ երկիրը զարգանա բնակչությունը պակասելու պայմաններում, տնտեսական աճ ունենա»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031