Այսօր ՀՀ կոմունիստական կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանը Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տխուր ցուցանիշներ ներկայացրեց մեր երկրի մասին։ Նա ասաց․ «Հանրապետությունում վիճակը ծանր է, կատարված աշխատանքները բացարձակ հույս չեն ներշնչում, հանրապետությունում աղքատություն է․ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը աղքատ է։
Հանրապետությունը ծերանում է, 220 ծերացող պետությունների շարքը գրեթե գլխավորում է Հայաստանը՝ 217-րդն է։ 35-40 տոկոսը արտագաղթել է հանրապետությունից, կատարված աշխատանքն անբավարար է»։
Նա ասաց՝ ժողովուրդն այն կարծիքն է, որ ժամանակ է, ավելին` ուշացած է, որ կոմունիստական կուսակցությունը վերադառնա իշխանության։ «Մեզ հաճախակի են հարցնում՝ որտե՞ղ էիք, և դուք գիտեք, որ մենք չհայտնվեցինք Ազգային ժողովում 2003, 2007, 2012 թվականներին միայն ու միայն նրա համար, որ անարդար գտնվեցին կոմունիստական կուսակցության հանդեպ, ձեր ձայները կեղծեցին»։
Բանախոսը խոսեց նաև վերացող բարոյականության ու ավանդույթների, Թուրքիայում ու Իրանում աշխատանքի մեկնող հայ կանանց մասին։ «Փոխանակ մեր տղամարդիկ գիշերային պահակությամբ, փողոցները մաքրելով հալալ քրտինքով իրենց ընտանիքը պահեն, գլուխները բարձր պահած՝ փոխանցում են սրան-նրան, թե գիտես՝ իմ Եպոն արտասահմանում է, մեզ ամիս փող է ուղարկում, երեխաներին պահում եմ։ Հայ ժողովրդին, առավել ևս լեննականցուն չի սազում նման վարքագիծ։ Եկեք մի ձևով յոլա գնանք, մինչև որ երկրում իշխանությունը կփոփոխվի, մինչև որ կգա պայծառ առավոտ Հայոց լեռներում, սգի լեռներում», -ասաց Տաճատ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա նաև շեշտեց, որ Լենինականում իր պաշտոնավարման տարիներին, նա ծնունդով այս քաղաքից է, եղել է Լենինականի քաղկոմի նախագահը, ոչ մի հասարակաց տուն չկար այս քաղաքում։
Նա նաև ասաց, որ գյումրեցիները ճիշտ են անում, որ հոգատարությամբ են շրջապատում ռուս զինվորին, քանի որ 5 միլիոն զորք ու ժամանակակից տեխնիկա ունեցող Թուրքիայի սահմանը 6-7 կիլոմետր է հեռու։ Նա արկածախնդիր անվանեց նրանց, որոնք առաջարկում են 102-րդ ռազմաբազան տեղափոխել Գյումրիից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ