«Մեզ համար ամոթ է 21-րդ դարում այս իրավիճակում գտնվել: Տնտեսության այսպիսի իրավիճակ, ոչ բարեկեցիկ պայմաններ ժողովրդագրական խնդիրներ, արտագաղթ, սահմանից արտահոսք դեպի կենտրոններ… այս ընտրությունները 1990-ականների Հայաստանի անկախության ու ազատության հանրաքվեի նման է, նույն պատասխանատվությամբ ընտրություններ են, կերտելու ենք կառավարման համակարգ, որը մեր ժողովրդին պետք է դուրս հանի այս իրավիճակից ու տանի առաջընթաց»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՊՆ նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, այնպիսի ընտրություն պետք է կատարենք, որ հետագայում հինգ տարիներին չփոշմանենք ու չընկնենք այն վերլուծությունների գիրկը, թե ընտրակաշառք վերցրինք ու մեր երեխաների ապագան հանձնեցինք արատավոր երեւույթներ կրողներին, որոնք չեն ապահովել ու չեն էլ ապահովելու մեր հայրենիքի առաջընթացը. «Հերիք է անարդարությանը, արատավոր երեւույթներին»:
Պարոն Օհանյանի խոսքով. «Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեւիցե ներդրումներ չեն լինելու, առավել եւս, որ հիմնական սկզբունքներից մեկը փայմտոցին է մեր երկրում տիրում»:
Դաշինքի պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց՝ կուսակցապետության ավարտը մոտենում է, այս իշխանությունը բռնազավթել է ժողովրդի ձայնը, ու իրենց խնդիրն է, վերականգնել իշխանության նկատմամբ հայ ժողովրդի վստահությունը, հավատը՝ վերադարձնելով ժողովրդից գողացված հաղթանակները. Ձեզ պատկանող սահմանադրական իշխանությունը, իրավունքները, ազգային շահը…Իշխանափոխություն, որը բերելու է ազատ, անկախ Հայաստան»:
Կարդացեք նաև
Նա նաեւ խոստացավ՝ ռազմավարական վերանայում են կատարելու ՀՀ-ին ու հայությանը վերաբերող բոլոր ազգային օրենքները, միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են ՀՀ քաղաքացու իրավունքին, ազգային շահին ու ՀՀ օրենքներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ