Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Եթե նույն խաղերը Գագիկ Ծառուկյանի գլխին խաղան, ինչ որ Կարեն Դեմիրճյանի գլխին խաղացին, մենք կուլ չենք տա». (Տեսանյութ)

Մարտ 28,2017 22:07

Վերջերս շատ է շրջանառվում այն տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանն անկեղծ եւ ազնիվ չէ ժողովրդի հետ, որ նա խաղեր է խաղում իշխանության հետ եւ ձայներ է հավաքում իշխող ՀՀԿ-ի համար:

«Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը շատ լավ է հիշում 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրությունները, երբ նմանատիպ խոսակցություններ էին տարածվում Կարեն Դեմիրճյանի մասին: «Շատ ակտիվ քարոզվում էր այն թեզը, որ կարեն Դեմիրճյանն ուզում է ՀՀՇ-ին նորից ետ բերել իշխանության: Մենք այն ժամանակ էլ հստակ դեմ դուրս եկանք դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Շահվերդյանը`զուգահեռներ անցկացնելով Կարեն Դեմիրճյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Խոսքը, իհարկե, նրանց ընդունակությունների եւ ունակությունների մասին չէ: «Երբ տեսնում եմ ժողովրդի վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դա ինձ հիշեցնում է Կարեն Դեմիրճյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքն այն ժամանակ: Ժողովուրդը նույն հույսերն է կապում Գագիկ Ծառուկյանի հետ, ինչ-որ այն ժամանակ Կարեն Դեմիրճյանի հետ էր կապում: Եվ, ճանաչելով Գագիկ Ծառուկյանին, չեմ ընդունում, որ նա կարող է խաղերի մեջ մտնել: Ես հավատում եմ, որ նա անկեղծորեն դուրս է եկել պայքարի եւ մտահոգվում է ժողովրդի համար: Մենք կանգնելու ենք Գագիկ Ծառուկյանի կողքին, հաշվի առնելով նաեւ 1998-ի ընտրությունների տխուր փորձը եւ հայտարարում եմ`եթե փորձեն նույն խաղերը Գագիկ Ծառուկյանի գլխին խաղալ, ինչ որ Կարեն Դեմիրճյանի գլխին խաղացին, մենք դա այս անգամ կուլ չենք տա: Մենք շատ ենք լռել հանուն երկրի անվտանգության եւ կայունության, բայց այս անգամ չենք լռելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամփոփվելով նախընտրական քարոզարշավը, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ այն չի համապատասխանում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, արդի վիճակին եւ դրանց լուծման անհրաժեշտությանը.

«Հիմնական խնդիրների մասին, կարելի է ասել, խոսք չգնաց էլ, բացառությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզից`ԼՂՀ հարցի վերաբերյալ, որն այժմ նա փորձեց քարոզարշավի մակարդակում մատուցել: Դա մեր առջեւ ծառացած լրջագույն խնդիրներից է, բայց դրա շուրջ էլ կարծես քննարկում չեղավ: Ես չեմ կիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը եւ ինչ-որ մի պահ, անպայման, հանդես կգամ հիմնավոր ձեւով: Մնացածը`թերություններով եւ բացթողումներով լի քարոզարշավ է: Այսօր հստակ հասարակական պահանջ կա`երկրում նոր որակի իշխանություն ձեւավորելու: Եւ այն բոլոր ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմադիր, հանդես են գալիս այդ դիրքերից, ընդունում են հասարակական նշյալ պահանջը, պետք է միմյանց չխանգարեին: Ավելի ճիշտ եւ արդյունավետ կլիներ, եթե նրանք կարողանային ինչ-որ ձեւով համատեղել իրենց քարոզչությունը, կազմակերպման հնարավորությունները»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031