Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր դիմել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) կուսակցությունների դաշինքը:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցում բազմաթիվ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ հաստատել էին, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքագրում: ՕՐՕ-ն դիմել էր հանձնաժողով` որպեսզի վերջինս դիմի դատարան ՀՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի դիմումը. «Համաձայն ԸՕ-ի 19-րդ հոդվածի 8-րդ մասի, եթե առկա են նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա կամ թույլ տրված խախտման հետեւանքները հնարավոր չէ վերացնել եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուիի` ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:
Ապա` պարոն Մուկուչյանը շարունակեց. «Դատարանը թեկնածուի` ընտրություններին մասնակցող կուսակցության ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը, ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասով եւ 19 հոդվածի 8-րդ մասով խնդրում ենք ԿԸՀ-ից, որպես ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին դիմել դատարան ՀՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:
Կարդացեք նաև
Ի պատասխան, Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ԿԸՀ-ն մինչ ՕՐՕ-ի դիմումը դիմել է իրավասու մարմիններին` նրանց միջոցով փորձելու ստանալ որոշակի բացատրություններ այն անձանցից, որոնք նշված են ձայնագրություններում:
Իսկ թե ինչ է նախապատրաստվել իրականացված վարույթի շրջանակներում պարոն Մուկուչյանն ասաց, որ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում ԸՕ-ի մի քանի հոդվածներով սահմանված դեպքերում: Ըստ ԿԸՀ նախագահի,
նախընտրական ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու, եւ ֆինանսական թափանցիկություն ապահովելու սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
«Նախընտրական քարոզչություն իրականացնելու մեթոդներն ու եղանակները տարբեր են, տարբեր են նաեւ նախընտրական քարոզչության իրականացման միջոցները: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նախընտրական քարոզչության կատարում, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ այլ միջոցառումներ անցկացնելու միջոցով, քարոզչական պաստառ տպագիր այլ նյութեր տարածելով, ԶԼՄ-ներով ելույթ ունենալով. Քաղաքական գովազդներ պատրաստելով ու տարածելով…»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա նաեւ ընթերցեց, թե նաեւ որ դեպքերում է արգելում քարոզչությունը. «Արգելվում է պետական տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական համայնքային ծառայողներին` բացառությամբ ԱԺ պատգամավորների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեին, հատուկ քննչական կոմիտեի ծառայողներին, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողներին, զինծառայողներին ընտրական հանձնաժողովների անդամներին:
Պարոն Մուկուչյանը նաեւ ասաց, որ ԸՕ-ն քարոզչական իրավունք չունեցող անձանց բաժանել է երկու խմբի. Անձիք, որոնք առհասարակ իրավունք չունեն, եւ նրանք, որոնք մասամբ կարող են: Դրանց մեջ մտնում են նաեւ մանկավարժները: Ըստ ԿԸՀ-ի, վերոնշյալ ձայնագրությունները կատարվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրություն կատարող անձիք այդ անձանց հետ հեռախոսային զրույցի ընթացքում հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից:
Տիգրան Մուկուչյանը պարզել է, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների մի մասը ընդգրկված են եղել կուսակցությունների, նախընտրական փուլում իրականացվող կազմակերպչական որոշակի աշխատանքներում, որի շրջանակներում կազմել եւ ներկայացրել են վարչական վարույթի շրջանակներում ձեռքբերված դպրոցների եւ մանկապարտեզների ղեկավարների աշխատակիցների բացատրությունների, կուսակցության համախոհների, կուսակցության օգտին քվեարկելու տրամադրված անձանց ցուցակներ.
«Կուսակցության համախոհների եւ կուսակցության օգտին քվեարկելու տրամադրված անձանց ցուցակների կազմումը ինքնին, ընտրական օրենսգրքի մասով չի հանդիսանում նախընտրական քարոզչություն: Ավելին, անգամ հիմքում ունենալով ներկայացված ձայնագրությունները, դրանք չեն կարող գնահատվել որպես ԸՕ-ով սահմանված նախընտրական քարոզչության կարգի խախտում, քանի որ այդ ձայնագրություններով չի հաստատվում այն փաստը, որ վերոհիշյալ անձիք, նախընտրական քարոզչություն են իրականացրել իրենց լիազորություններն իրականացնելիս:
Ավելին, չի ներկայացվել որեւէ ապացույց առ այն, որ ցուցակների կազմումն իրականացվել է լիազորությունների իրականացմանը զուգահեռ: Անգամ մեկ դեպքում Վեդու դպրոցի տնօրեն Պապոյանն իր բացատրությամբ նշում է, որ ինքը հանդիսանում է թիվ 5 ընտրատարածքում առաջադրված թեկնածու եւ 2017 թվականի մարտի 6-ից մինչեւ ապրիլի 2-ը, ներառյալ` պաշտոնական գտնվում է արձակուրդում եւ ընտրարշավ է կատարում տարբեր համայնքներում, ինչը չի հանդիսանում խախտում»:
Տիգրան Մուկուչյանի խոսքերով դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցների մի մասը հերքում են նաեւ ցուցակների առկայությունը կամ ցուցակների կազմման աշխատանքներին իրենց մասնակցությունը` նշելով, որ ձայնագրություններում ներկայացված ցուցակների վերաբերյալ դատողությունները վերաբերել են տվյալ տեղամասում ընտրողների ցուցակներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցներում, մանկապարտեզներում է ձեւավորված տվյալ ընտրական տեղամասային կենտրոնը, իսկ որոշ դեպքերում էլ եւ ձայնագրությամբ եւ բացատրությամբ փաստվում է, որ խոսքը գնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու համար ներկայացվող անձանց ցուցակի մասին»:
Հանձնաժողովը որոշեց ՕՐՕ-ի դիմումը մերժել:
Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի մասով էլ պարոն Մուկուչյանն ասաց, որ նշված հարցի քննարկումը եւ իրավական գնահատականը դուրս է հանձնաժողովի իրավասությունների շրջանակներից եւ նրա վերաբերյալ ձայնագրությունը կուղարկվի գլխավոր դատախազություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ