Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, որը կոմունիստական կուսակցության հին դեմքերից մեկն է, այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում խստորեն քննադատեց իշխանությանը, որը, ըստ նրա, 27 տարի շարունակ անգործության է մատնել մեր հասարակությանը։
Ըստ բանախոսի, հզոր արդյունաբերական ձեռնարկություններ ունեցող Գյումրիից այսօր ոչինչ չի մնացել․ 70 տարիների ընթացքում ստեղծվածը շատ արագ փոշիացվել է։ Գագիկ Մանուկյանի ասելով, Ազգային Ժողով մտնելուն պես պատասխանատվության կկանչվեն այն բոլոր մարդիկ, ղեկավարները, որոնք մասնակից են եղել ալան-թալանին։
Նա նաև նշեց, որ հանրապետությունում վախի մթնոլորտ է, մարդիկ վախից չեն գալիս հանդիպումների, չորսբոլորը կոռուպցիա ու հովանավորչություն է տիրում։ «Քաղաքական դաշտն ամբողջությամբ լղոզվել է, չես հասկանում ով է դիմադիր, ով է ընդդիմադիր, չես հասկանում ով է իշխանավոր, բոլորը էսօր ընդդիմադիրի դիմակը հագած՝ ժողովրդին խոստանում են ամեն ինչ, բայց Ազգային ժողով անցնելուց հետո, բոլորը բերանները կսրբեն ու կքաշվեն մի կողմ»,-ասաց նա։
Վերջինս անդրադարձավ նաև ավանդապաշտ Գյումրիին՝ ասելով, որ բարոյական քաղաքում լցվել են մարմնավաճառները։ «Այն քաղաքը, որտեղ ավանդույթներ կար, այն քաղաքը, որտեղ որ ընտանիքի արժեքը բարձր էր, այն քաղաքը, որտեղ երեխան ճանաչում էր մեծին, ավագը գիտեր փոքրին, այն քաղաքը, որտեղ որ մարդիկ հարգում են իրենց գերեզմանները, այն քաղաքը, որտեղ կա քաղաքակրթություն, բարոյականություն, չորսոբոլորը էսօր լցվել են մարմնավաճառները, աղանդավորները։ Ո՞վ պետք է մտածի սրա մասին, իշխանությունները ինչի՞ համար են կոչված», -ասաց նախկին փոխքաղաքապետը։
Կարդացեք նաև
Նա խոսեց նաև քայքայվող ընտանիքիների, ինքնասպանությունների մասին՝ ասելով, թե այսօր 20-80 տարեկանները անճարությունից ինքնասպան են լինում, սակայն ոչ մեկի խղճին խայթ չի գալիս։
Նա նաև ասաց, եթե փորձեն կեղծել ընտրությունները, ժողովրդի հետ դուրս կգան փողոց ու վերջ կտան այս անիշխանությանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ