Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մուրացկանները քարոզարշավ անցկացնող կոմունիստների քթից բերեցին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 28,2017 20:20

Այսօր ՀՀ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները հյուրընկալվել էին Գյումրիում։ Նրանք իրենց քարոզարշավն անցկացրեցին Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում, այնուհետ ելույթներ ունեցան Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում։ Եվ մինչ կոմունիստները բարձրախոսով գյումրեցիներից խնդրում էին առանց կաշկանդվելու իրենց ձայնը տալ կոմունիստական կուսակցությանը, որը կարողացել է երկիր շենացնել ու կառուցել, «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու մոտ նրանց վրա տվեցին մուրացկանները։

Նշենք, որ այդ տարածքը մուրացկանների աշխատավայրն է, կոմունիստներին տեսնելուն պես բոլոր ճանաչված դեմքերը՝ տիկին Լիզան, Կացինը, Մնջոն կայծակնային արագությամբ վրա պրծան՝ գովերգելով կոմունիստական կուսակցությանը ու բնականաբար գումար ակնկալելով։ Բայց երբ գումարի փոխարեն նրանց նախընտրական բուկլետները տվեցին, մուրացկաններից ոմանք շատ տխրեցին՝ հարցնելով՝ սա ի՞նչ է։ Մուրացկաններն այդուհանդերձ չհուսալքվեցին, դարձյալ փորձեցին շոյել կոմունիստներին՝ նրանից ավելի բարձր բացականչելով, թե կոմունիստները պիտի լինեն, որ գործարանները վերականգնվեն, պետականություն լինի։ Բարձրախոսով ելույթ ունեցող կոմունիստն էլ իրեն հերթին արձագանքում էր․ «Այո, այո, սիրելի ժողովուրդ, ճիշտ եք»։

Բանն այն է , որ քաղաքի մուրացկանները շատ լավ են ճանաչում Գյումրու նախկին փոխքաղաքապետին՝ Գագիկ Մանուկյանին, որը նույնպես կոմունիստական կուսակցությունից է և երկար տարիներ եղել է Վարդան Ղուկասյանի աջ ձեռքը։ Քաղաքի մուրացկանները մշտապես ողորմություն են խնդրել ու ստացել նրանցից, այժմ էլ տեսնելով Գագիկ Մանուկյանին՝ ուրախանալով վրա էին տալիս, թե «եկե՞լ ես Գագիկ ջան»։ Նրանցից մի կին մտավ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճ, մասնակցեց քարոզարշավին, սակայն մերթընդմերթ ընդհատում էր՝ մեծ աղմուկ բարձրացնելով, թե «Ես վռազ եմ, պրծեք»։ Նրան փորձում էին սաստել, թե «այ կնիկ, լռի, ի՞նչ ես ուզում», սակայն հնար չկար։

Իհարկե, կոմունիստներն այդպես հեշտ ու հանգիստ չազատվեցին մուրացկաններից։ Երբ ավարտվեց քարոզարշավը ու դուրս եկան «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճից, հայտնի մուրացկաններից մեկը՝ տիկին Լիզան, պտտվելով կոմունիստներից մեկի հետևից, հանդիմանում էր․ «Հացի փարա տուր, ապրեմ»։ Ի պատասխան կոմունիստը խորհուրդ էր տալիս գնալ ու փող ուզել երկիրը թալանողներից։ «Ես էլ չեմ կարում վաստակեմ, ասի գնա Սերժից ուզի… գնա քո Բալասանյանից ուզի»։ Մուրացկան կնոջ ու կոմունիստական կուսակցության ներկայացուցչի միջև վիճաբանություն սկսվեց այս թեմայով։

Մեկ այլ մուրացկան կին էլ հանդիմանեց մեկ այլ կոմունիստի՝ ասելով․ «Քո բերանի ատամները ոսկի են, ես ատամ էլ չունեմ»։ Ի պատասխան կոմունիստը արդարանում էր, թե բուլատ է, ի՞նչ ոսկի, ոսկին էն ժամանակ էր, հիմի ոսկին էլ ոսկին չէ։ «Դե քելլե, քելլե խելառ»,- հանդիմանում էր մուրացկանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031