Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Ազատության հրապարակում անցկացնում է հանրահավաք: «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանն ահազանգում է, ասելով որ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չտալով դաշինքի լոռեցի համակիրներին հասնել Երեւան:
«Մեքենաներ էինք վարձել, որ գնանք: 3 մեքենա էր՝ 48 տեղով եւ իմ մեքենան, ընդհանուր 52 հոգի էինք: Մենք Հայքի հրապարակից շարժվեցինք: Այդտեղ ոստիկանությունը եկել գաղտնանկարել է: Վարորդների բոլորի կոորդինատներն ունեն, զանգել սպառնացել են, որ խնդիր կունենաք: Մարդիկ Սպիտակ չհասած կանգնեցին, ասեցին, որ չենք կարող տանել: Մի կտոր հաց ենք վաստակում, մեր ընտանիքներին կերակրում եւ խնդիրներ չենք ուզում ունենալ: Մենք էլ ստիպված հետ ենք վերադարձել Վանաձոր: Այս մասին անեւ ԵԱՀԿ դիտորդներն են տեղյակ»:
Aravot.am-ի հետ զրույցում, Գառնիկ Սահակյանն ասաց, որ ոչինչ չեն կարող անել, բացի խնդրի մասին լրատվամիջոցներով բարձրաձայնելուց: Միաժամանակ վստահեցնում է, սա առաջին դեպքը չէ: Նման իրավիճակներ ստեղծվել են նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:
«Իգլա չունեմ, որ օգտագործեմ, կամ БТР չունեմ, որ գնամ պաշարեմ Բաղրամյան 26-ը կամ խորհրդարանը: Ի՞նչ կարող եմ անել, բացի լրատվամիջոցներով բարձրաձայնելը: 2013 թվականի նախագահականի ժամանակ նույն պատմությունն էր, խորհրդարանականին նույն պատմությունն էր: Բոլոր համապետական ընտրությունների ժամանակ էս նույն իրավիճակն է: Իրենից ընդդիմադիր ռեալ ուժ ներկայացնող իրական ընդդիմությունը միշտ էլ խնդիրներ է ունենում»:
Կարդացեք նաև
Ժառանգության ներկայացուցիչն ասում է, որ այս ամենն իրենց չի հուսահատեցնում, եւ որ իրենք պայքարը շարունակելու են մինչեւ վերջ. «Պայքարը շարունակվում է, այն կտեղափոխենք քվեախցերի մոտ: Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի իրական քվեն պահենք, լցոնումներ չլինեն: Ցավոք սրտի ողջ ծանրությունն ընկնում է «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամների վրա, որովհետեւ «Համախմբում»-ը նոր ստեղծված կուսակցություն է եւ հանձնաժողովում չունի տեղ: Այսինքն, հանձնաժողովի մի անդամը պետք է պայքարի ողջ պետական համակարգի դեմ, ի դեմս ՀՀԿ-ի, նրա կանոնից գործող քրեական տարրերի, ոստիկանության, որն իշխանության կցորդն է, ոչ թե օրենքի պաշտպանը, ազգային անվտանգության դեմ: ԱԱԾ-ի եւ ոստիկանության ծառայողները մոլեռանդ հանրապետականներ են: Պետությունը, որպես այդպիսին, որ ժողովրդի շահերը պաշտպանի՝ չկա: Դրանք լրիվ գործող ռեժիմի վերարտադրությունն են ապահովում»:
Լուսանկարը՝ Գառնիկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ