Մարտի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը արտաքին գործերի նախարարությունում բացեցին ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի ԱԳՆ ղեկավարությունը, հայաստանյան տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանության անձնակազմը:
Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն արտացոլում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քառորդարյա հարաբերությունների պատմությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.
«Հարգելի դեսպան Ռիչարդ Միլս,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր մենք հավաքվել ենք Արտաքին գործերի նախարարությունում` Միացյալ Նահանգների դեսպանության հետ համատեղ ձեզ ներկայացնելու լուսանկարների մի բացառիկ հավաքածու, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին և ներկայացնում է այն ուղին, որը մեր երկու բարեկամ երկրներն անցել են միասին մի ամբողջ քառորդ դարի ընթացքում:
Ցուցադրվող լուսանկարների շարքը սկսվում է միջպետական կապերի հաստատման առաջին քայլերին նվիրված մի շարք պատմական վավերագրերով: Դրանցից է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանության հիմնումը, որն ազդարարեց շուրջ 70 տարվա ընդմիջումից հետո արտասահմանյան առաջին դիվանագիտական ներկայացուցչության մուտքը Հայաստան: Դեսպանության բացմանն անմիջապես հետևեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցը, որը և կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Վերջերս Հյուսթոնում պարոն Բեյքերի հետ մենք կրկին առիթ ունեցանք անդրադառնալու այդ նշանակալի այցելությանը:
Խոսելով մեր հարաբերությունների առաջին տարիների մասին՝ չեմ կարող, իհարկե, խորին երախտագիտությամբ չհիշատակել այն լայնածավալ մարդասիրական օգնությունը, որը Միացյալ Նահանգների ժողովուրդն ու կառավարությունը տրամադրում էին Հայաստանին, ինչը հատկապես կարևոր էր Անկախության հռչակմանը հետևած տարիների ընթացքում: Այդ ժամանակ էր, որ Հայաստանում իր գործունեությունը սկսեց նաև Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը: Տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ աստիճանաբար փոխվեց նաև Հայաստանին տրամադրվող աջակցության որակը՝ մարդասիրական օգնությունից դեպի զարգացմանն ուղղված բազմապիսի և բազմաբովանդակ ծրագրեր:
1990-ականների սկզբից ի վեր թափ առած հայ-ամերիկյան հարաբերությունները լի են բազմաթիվ այլ նշանակալից իրադարձություներով, ինչպիսիք են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության և Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնումը, միջպետական կարևոր համաձայնագրերի ստորագրումը, առևտրատնտեսական ոլորտում կատարված քայլերը, որոնցից կառանձնացնեի Հայ-ամերիկյան միջկառավարական հանձաժողովի ու Արևտրի և ներդրումների խորհրդի ստեղծումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը, բազմաթիվ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ձևավորման գործում, համագործակցությունը միջուկային անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ոլորտին առնչվող այլ կարևոր նախաձեռնություններում, գիտության, կրթության, մշակույթի, բազմաթիվ այլ ասպարեզներում իրականացված համատեղ ծրագրերը:
Մեծապես կարևոր է այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և կառույցների, ընտրական գործընթացների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը կարևոր լիցք են հաղորդել բարձրաստիճան փոխայցերը: Ցուցադրվող լուսանկարներում արտացոլված են 25 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ուշագրավ մի շարք դրվագներ:
Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել նաև Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը, որը հետևողականորեն աջակցել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի բարձրացմանը:
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների քառորդդարյա պատմության մասին՝ չեմ կարող նաև երախտագիտությամբ չհիշել այն էական ներդրումը, որը դրանցում ունեցել են ամերիկահայության ներկայացուցիչները: Մեր կապերի որակն ու էությունը շատ ավելի թերի կլինեին առանց այն հազարավոր կամուրջների, որոնցով մեր հայրենակիցներն իրար են կապել մեր երկու երկրները:
Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որը Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել:
Կցանկանայի նշել, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձևավորված սերտ բարեկամական գործընկերությունը, որը միայն իր համեստ դրսևորումն է գտել այս սրահը զարդարող լուսանկարների մեջ: Բնականաբար, անհնար է մի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնել մեր երկկողմ բազմաբնույթ ու բազմաշերտ հարաբերությունների ողջ ծավալը:
Մենք արդեն թևակոխել ենք հարաբերությունների մի նոր փուլ, որում մեզ, անկասկած, սպասում են նոր ձեռքբերումներ և նվաճումներ: Հայաստանի կառավարությունը կշարունակի անել հնարավորը, որպեսզի համատեղ ջանքերով բարեկամությունն ու սերտ համագործակցությունը մեր պետությունների և ժողովուրդների միջև նվաճեն նորանոր բարձունքներ»։
Դեսպան Միլսն իր խոսքում նշեց, որ, որպես ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու առաջին պաշտոնյա, շատ լավ է հիշում երկու պետությունների միջև կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերը, և իր հերթին շեշտեց.
«ԱՄՆ դեսպանության անձնակազմը և ես պատիվ ունենք այսօր միանալու ձեզ` նշելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` այս գեղեցիկ լուսանկարների ցուցահանդեսով` ընտրված ԱԳՆ և ԱՄՆ դեսպանության արխիվներից:
Կարծում եմ, որ ցուցահանդեսին ընտրված լուսանկարները բավականին ազդեցիկ կերպով արտահայտում են, թե որքան ամուր, խորը և բազմաբովանդակ են մեր երկկողմ հարաբերությունները:
Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը նախարար Նալբանդյանին և ԱԳՆ աշխատակազմին՝ հյուրընկալելու համար այս հատուկ միջոցառումը: Շնորհակալություն ձեր համագործակցության և ձեր անկեղծ բարեկամության համար»:
ՀՀ Արտգործնախարարություն