ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այդպես էլ չհստակեցրեց, թե 2018-ից հետո ինչ կարգավիճակ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսին Արմեն Աշոտյանն ինքն իր քաղաքական կարիերայի մասին ասաց, թե իրեն ընտրություններից հետո տեսնում է քաղաքական դաշտում, ինքը բազմապրոֆիլ քաղաքական խաղացող է և կարող է դեռ երկար ժամանակ մրցունակ լինել:
Հստակեցնող հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Սերժ Սարգսյանն իրական իշխանություն չունենա 2018-ից հետո, պարոն Աշոտյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց` հավաստիացնելով. «Եկեք պայմանավորվենք, որ մենք անպայման ընտրություններից հետո դեռ մի քանի անգամ կհանդիպենք: Ե՛վ ընտրություններից անմիջապես հետո, և՛ մինչև 2018 թվականը, և՛ 2018 թվականից հետո: Ո՛չ ես, ո՛չ էլ ՀՀԿ-ն չենք պատրաստվում լքել քաղաքական դաշտը, հետևաբար ինձ հետ երկարաժամկետ քննարկումների առիթներ «եթե, ապա» ձևաչափում մենք դեռ կունենանք»:
Այն հիշեցմանը, թե մտահոգություններ կան այն մասին, որ ՀՀ-ն բռնել է ավտորիտարիզմի ճանապարհը, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց` փաստելով, թե Հայաստանը գնում է դեպի խորհրդարանական կառավարման մոդելի: Այնուհետև հորդորեց նշել որևէ խորհրդարանական երկիր, որն ավտորիտար է: Պարոն Աշոտյանը պնդեց, որ խորհրդարանականը մոդելը բացառում է ավտորիտարիզմը:
Կարդացեք նաև
Հիշեցնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել», ՀՀԿ փոխնախագահին հարց հղվեց` ի՞նչն էր խանգարում մինչև ապրիլ դա անել, մանավանդ, որ 2014-ի օգոստոսից հետո անվտանգության խախտման ռեալ վտանգներ կային, պարոն Աշոտյանն արձագանքեց. «Բանակում կատարված փոփոխությունները ես չեմ անձնավորում նախկին կամ ներկա նախարարներով: Անվտանգային գործոնը կա և կլինի քաղաքականությունից դուրս: Չեմ ցանկանա, որ մենք ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ սկսենք նման մեկնաբանություններով արժեզրկել այն, ինչ ունենք: Բոլորը սովորում են իրենց սխալների և բացթողումների վրա: Ցանկացած պատերազմ մերկացնում է երկու կողմերի թույլ և ուժեղ կողմերը, և ակնհայտ է, որ պատերազմը համակարգչային խաղ չէ, իրականություն է: Ընտրարշավը` ընտրարշվով, բայց եկեք գնահատականներ չհնչեցնենք, որոնք կարող են մեզ վնասել որպես պետություն»: Պարոն Աշոտյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա ապրիլին բոլոր քաղաքական ուժերն էլ կոնսենսուս ունեին անվտանգության հարցում, դա վկայությունն է այն բանի, որ բանակը քաղաքականությունից դուրս է:
Այն հորդորին, թե կարող՞ է նշել երեք բարձրաստիճան ՀՀԿ-ականների, որոնց որդիները պահպանում են ՀՀ սահմանները, մանավանդ, որ նման առաջարկով էր հանդես եկել Նաիրա Զոհրաբյանը, պարոն Աշոտյանն արձագանքեց. «Հակաքարոզչության տեսանկյունից պարզունակ հնարք են գործադրում…. դիմեք պաշտպանության նախարարություն և կստանաք անվանական ցանկը, բայց զուգահեռ դիմեք մյուս քաղաքական ուժերին` «Ծառուկյան» դաշինքից սկսած և ընդդիմությունով վերջացրած»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի