Մարտի 28-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ամենամյա գիտաժողով: Գիտաժողովի խորագիրն էր Թատրոն. Շարժում ժամանակի մեջ:
Գիտաժողովի ընթացքում իրենց զեկույցները ներկայացրին Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը, թատերագետ, Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը, դոցենտ, ռեժիսոր Ռուբեն Կարապետյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը, դասախոսներ Անուշ Ասլիբեկյանը և Էդիկ Զախարյանը:
Բացման խոսքը տրված էր ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանին: Նա ասաց, որ թեմաները բազմազան են, հետաքրքիր, իսկ դրանցից ոմանք նույնիսկ անսպասելի: Գիտաժողովը նախագահում էր ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը:
Առաջինն իր զեկույցը ներկայացրեց Հենրիկ Հովհաննիսյանը: Պրոֆեսորի թեման էր «Բեմական վերապրումը և ներկայացումը ըստ Փափազյանի»: Խոսեց այդ տերմինների մասին Փափազյանի տեսանկյունից և նշեց, որ նա ավելի մեծ երևույթ էր թատրոնի պատմության մեջ, քան այդ տերմինների հորինողը:
Հաջորդը ելույթ ունեցավ Գրիգոր Օրդոյանը, ով խոսեց նորագույն թատրոնի մասին, մասնավորապես դերասանի խաղի և նրա թաքնված տարածքի մասին:
Կարդացեք նաև
Թատերագետ Նաիրա Շահվալդյանը խոսեց Դերենիկ ԴԵմիրճյանի թատերագիտական հայացքների մասին, իսկ Էլֆիք Զոհրաբյանը անդրադարձավ Սարոյանական թատրոնին: Ռուբեն Կարապետյանի թեման առնչվում էր դերից օտարման գործնական նշանակությանը: Ուսումնասիրելով Բրեխտի տեսությունը, ռեժիսորը հավաստեց, որ դերասանը չի կարող բացարձակ վերամարմնավորում անել:
Անուշ Ասլիբեկյանը առաջ էր քաշել դրամատիկական թատրոններում մանկական ներկայացումների թեման: Նրա համոզմամբ սա հրատապ խնդիր է, քանի որ երեխաներին պետք է հենց սկզբից մատուցել որակյալը և ճիշտը, իսկ այսօր մանկական ներկայացումներին այդքան էլ լուրջ չեն վերաբերում բեմադրիչներն ու այդ ներկայացումների հեղինակները:
Գիտաժողովը եզրափակեց Էդիկ Զախարյանը` ժամանակակից թատրոնի «անհասկանալի» նորարարության մասին իր զեկույցով: Նա անդրադարձել էր վերջերս բեմադրված Շեքսպիրի «Համլետին»: Բեմադրիչը պիեսը ներկայացրել էր այլ մոտեցմամբ, ինչն էլ Էդիկ Զախարյանը անհասկանալի և անընդունելի է համարել:
Էդիկ Զախարյանի զեկույցից Հենրիկ Հովհաննիսյանը եկավ այն եզրահանգման, որ մարդիկ նորարար են դառնում անտաղանդությունից: «Օրիգինալության ձգտումը անտաղանդության նշան է: Նորմալ մարդիկ օրիգինալ չեն ուզում լինել, նրանք ինքնին օրիգինալ են»,- հավելեց պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը:
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ