Մարտի 30-ի կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետին կհայտնի, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մտավոր եւ հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների համար ցերեկային կենտրոնների ստեղծումը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար սատարող բնակարանների ստեղծումը հնարավոր չէ` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Այդ խոստումներն ամրագրվել էին «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգով»:
Բանն այն է, որ այդ միջոցառումները պետք է իրականացվեին դոնորների եւ մասամբ` պետբյուջեի գումարներով, սակայն ինչպես Արտեմ Ասատրյանն է կառավարություն բերած որոշման նախագծում բացատրում, դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները փոխվել են, իսկ միայն պետական բյուջեով այդ ծրագրերն իրականացնել պարզապես հնարավոր չէ:
Ուստի, սոցապ նախարարն առաջարկում է հայեցակարգի այդ կետը փոփոխել, որպեսզի միջոցառումների ծրագիրը դառնա կանխատեսելի, հստակ եւ իրատեսական:
Ի դեպ, հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ հայեցակարգի հիմնական նպատակներից մեկն ուղղված է նման խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը փոփոխելուն եւ երկաթե ճաղավանդակներով հոգեբուժարաններից ցերեկային կենտրոններին անցնելուն, ինչն, ըստ մասնագետների, կնպաստի, որպեսզի հասարակության մեջ վերանա այդ մարդկանց նկատմամբ եղած խարանն ու խտրականությունը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ