ՀՀ առաջին նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսության եթերում ներկայացնելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը նշեց, որ` «տարաձայնությունները մեկ-երկուսն են» մնացել, հավելեց, որ դրանք ինքը գիտի, բայց չմանրամասնեց, թե որոնք են չհամաձայնեցված հարցերը: Նկատենք, որ մարտի 6-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ ընդգծեց, որ` «դեռ չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմա, դրանք քննարկվում են»:
«Առավոտ»-ը Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանին հարցրեց` տեղյա՞կ եք, թե որ հարցերն են մնացել համաձայնեցնելու ղարաբաղյան կարգավորման բանակցություններում:
«Ես չգիտեմ, թե որոնք են այդ «մեկ-երկու», կամ «երկու-երեք» հարցերը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Արցախի համար այսօր առաջնային է բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հետ զուգահեռ: Երբ Ադրբեջանը գիտակցի եւ ընդունի, որ մենք ապրելու իրավունք ունենք՝ որպես անկախ միավոր, այն ժամանակ մենք ժողովրդի հետ կքննարկենք հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները:
Կարգավորման այսօր քննարկվող տարբերակը չի բերելու անվտանգության երաշխիքներ: Մենք «միջազգային խաղաղապահների» բացասական փորձ ունեցել ենք. խորհրդային կայսրության, խորհրդային բանակի միջոցով է տեղի ունեցել Արցախի հայաթափումը, մենք մոռացե՞լ ենք` Գետաշենը, Շահումյանը, Հադրութի շրջանի գյուղերը… Այսինքն` կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի անվտանգությունը, որը նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է», ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք մարտի 29-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ