«Մենք պատրաստվում ենք դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու առաջարկով»,- մարտի 28-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ ամոթալի իրավիճակ է, երբ դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների մեծ մասը, որոնց հետ զրույցների ձայնագրությունները հրապարակել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, ներգրավված են հանձնաժողովներում եւ անմիջականորեն լինելու են ընտրատեղամասերում:
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության արձագանքին` Ալեն Սիմոնյանն ասաց, որ ծիծաղելի էր. «Կարկառուն դեմքեր ինչպիսին են պարոն Աշոտյանը, Հերմինե Նաղդալյանը, որոնք բավականին լավ խոսնակներ են, նույնիսկ իրենց ասածները ծիծաղելի էին: Հանրապետական կուսակցությունը այս մանկավարժների գործի շրջանակներում հայտնվել է ծիծաղելի դրության մեջ»:
Aravot.am-ը խնդրեց անդրադառնալ նաեւ դատախազության հայտարարությանը. «Կարծում եմ դատախազությունը, ցավոք սրտի, սպասելու է քաղաքական որոշման: Առաջին դեպքը չէ եւ քանի որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չի փոխվել, վստահեցնում եմ՝ վերջին դեպքը չի լինելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ