Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին «Հայացք» ակումբում լրագրողները հարցրեցին՝ Արցախում ինչպե՞ս են ընդունում ձեր խաղաղության ծրագիրը: Նա պատասխանեց. «Տեւական ժամանակ ՀՀ-ի եւ Արցախի բնակչությանը հետեւողականորեն սնել եւ կերակրել են առաջին հայացքից հայրենասիրական դատարկ, վտանգավոր գաղափարներով: Միգուցե այսօր Արցախում խնդրահարույց է առողջ քննարկման կայացումը, բայց մարդիկ իրենց վստահելիների հետ այդ միտքը քննարկելու են: Ղարաբաղի բնակչությունը միգուցե հարյուր անգամ ավելի շատ մեզնից խաղաղություն են ուզում, որովհետեւ իրենք են սահմանին: Խաղաղություն ուզենալը վախենալ չէ, նորմալ բնական մարդու կենսագործունեությունն արժեւորելու գիտակցություն է»:
Մենք ճշտեցինք՝ գիտե՞ք Ղարաբաղում տրամադրությունները՝ Մուսինյանը պատասխանեց. «Չեմ ասում գիտեմ, բայց այն մարդիկ, ովքեր կանգնած են, ենթադրում եմ, որ ավելի շատ խաղաղության կողմնակից են, քան ՀՀ-ում: ՀՀ-ում մարդիկ կարող են լինել, որ պատրաստ են Բաքվում չայ խմեն, բայց հավատացած եղեք՝ առաջին կրակոցներից հետո ինքնաթիռի տոմս են գնելու, դա իմացեք: ԼՂՀ բնակչությունն այնտեղ ապրել, ապրելու է, կռվելու է անհրաժեշտության դեպքում, չի թողնելու իր տունը, բայց ամենից շատն է գնահատելու խաղաղությունը: Սառույցի հալման պրոցեսն այնտեղ գնում է»:
Մենք հարցրեցինք՝ ՀՅԴ-ականներն իրենց քարոզարշավի ժամանակ նշում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն Ադրբեջանում ավելի մեծ դիտումներ է ունեցել, քան Ալիեւի ելույթը, այսինքն, ադրբեջանահաճո են եղել իր մտքերը՝ Մուսինյանը արձագանքեց. «Կներեք, դա ծայրից ծայր տխմարություն է: Եթե մենք ի վիճակի չենք ազնվորեն խոսել մեր խնդիրների մասին՝ մտածելով, որ այ այս մեկը կարող է սենց բան մտածի…այսինքն, ՀՅԴ-ն նայում է՝ որը վատ կընկալվի Ադրբեջանում, այդպես էլ խոսում է: Դրա համար էլ նայում են՝ Ալիեւը այսպես է անում, մենք այսպես անենք: Դրա համար էլ այս երկիրը բերեցին, կանգնեցրին այս ամեն ինչի առաջ: Ավելի մեծ տխմարություն, ինչ ասել են իրենք, դժվար է պատկերացնել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրություններից հետո ո՞ւմ հետ եք պատրաստ համագործակցել՝ Արման Մուսինյանը հիշեցրեց, որ կոնկրետ հարցեր եթե կլինեն, որտեղ կձեւավորվեն կոնկրետ հարցեր՝ ոչ մի խնդիր չունեն համագործակցելու, անգամ ժամանակին ՀՅԴ-ի հետ են համագործակցել:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ անգամ «Ելքի» հե՞տ եք պատրաստ համագործակցել, որը ձեր հիմնական քննադատողն է՝ Արման Մուսինյանը պատասխանեց. «Եթե կլինեն կոնկրետ հարցեր՝ կարող ենք նստել, քննարկել, բայց ձեր նշած ուժերին երբ ասում եք՝ քննադատում են մեզ, իրենք դեռ շատ փոքր են, որ մեզ քննադատեն՝ մի պարզ պատճառով, ոչ թե անցյալի, այլ որպեսզի դու քննադատես որեւէ մեկին, դու պիտի ունենաս այդ հարցի վերաբերյալ քո սեփական տեսակետը: Եթե ունես՝ կապ չունի դու առաջին տարում ես քաղաքականության մեջ, մյուսը՝ երեսուներորդ, եթե դու ունես քո տեսակետը եւ դա ազնվորեն հասարակությանը ներկայացնում ես, ապա դու իրավունք ունես քննադատել մյուսին: Բայց եթե չունես՝ դու դեռ շատ փոքր ես, որպեսզի կարողանաս քննադատել տվյալ պարագայում Կոնգրեսին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ