Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին հորդորում եմ ներողություն հայցել». Արմեն Աշոտյան

Մարտ 28,2017 15:41

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին համեմատեց Հոլիվուդի և Բոլիվուդի հետ:

Երբ հարց հնչեց`այդ ուժերից ո՞րն է Բոլիվուդը, որը` Հոլիվուդը, պարոն Աշոտյանը զերծ մնաց պարզաբանելուց՝ հայտարարելով, որ ցանկանում է բազմակետեր թողնել:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսին պարոն Աշոտյանը նշեց, թե տեսականորեն բոլոր ուժերն էլ իրենց մրցակիցներ են ու մանրամասնեց. «Թեպետ ակնհայտ են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք թույլ են տալիս դատել. ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են քարոզարշավի առաջատարները: Սա նորմալ է: Նայեք կինոարտադրությանը: Ինչքան էլ կա հեղինակային, եվրոպական կինոարտադրություն, «Մոսֆիլմ», այնուհանդերձ, աշխարհում ամենամեծ հեղինակությունն ունեն Հոլիվուդն ու Բոլիվուդը»:

Պարոն Աշոտյանն, ընդհանուր առմամբ, քարոզարշավը դրական գնահատեց, միայն քննադատեց այն, որ երկու քաղաքական գործիչներ անցել են  բարեկրթության սահմանները. «Ընդամենը երկու գործիչ է, որ երբեմն անցնում են բարեկրթության սահմանները: Պատահականություն է, թե զուգադիպություն, երկուսն էլ ժամանակին մի թերթում են աշխատել: Եթե մեկին անհույս է բարեկրթության սահմաններ վերադարձնելը, ապա Նիկոլին պիտի հորդորեմ երեկվա իր հայտարարություններից հետո ներողություն հայցել այն հազարավոր մարդկանցից, ում նա երեկ թույլ է տվել պիտակավորել բավականին անբարոյական ձևով: Կարծում եմ` Նիկոլն ունի այդ խիզախությունը այդ բառերի համար խնդրել ներողություն այն մարդկանցից, որոնց ճնշող մեծամասնությունն իր մոր, մի մասն էլ կնոջ տարիքին են»:

Արմեն Աշոտյանը նշեց, եթե Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի, ապա հորդորում է «Ելքի»` առավել հմուտ ներկայացուցիչներին նրա փոխարեն դա անել:

Դառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քարոզչությանը` պարոն Աշոտյանը նկատեց, թե նրանց Ա, Բ պլանները տապալվել են, ուստի անցել են Ց-ին. «Նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքը տապալեց պլան Ա-ն` լուրջ քարոզչություն, հեղինակություն, բարձր վարկանիշներ: Տեսան, որ դա չկա: Անցան պլան Բ-ին` հալածյալի կերպար ստանալ: Տեսնում էինք, թե ժամանակին ինչպես էին Սամվել Բաբայանի կերպարից հրաժարվում, մինչդեռ հետո նրա գործով փորձում էին հալածյալի կերպար ստանալ: Հետո հասկացան, որ անգամ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում, ուստի կարծես երեկվանից անցել են պլան Ց-ին. եթե իրենց մոտ չի ստացվում, ուրեմն պետք է ինչ-որ մեկին բռնել: Այն ռեվերանսները, որ անում էր Վարդան Օսկանյանը «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, պլան Ց-ն էր: Փորձում է ինչ-որ բան ստանալ` կպչելով իրենից ավելի հեղինակավոր ուժին:

Aravot. am-ը պարոն Աշոտյանին հիշեցրեց, թե երեկ Վարդան Օսկանյանը հայտարարեց,  թե ի հեճուկս «Գելափի» հարցումների, իրենք էլ հարցումներ են պատվիրել եւ պարզել, որ ՀՀԿ-ն շատ-շատ ցածր վարկանիշ ունի, իսկ առաջին տեղում բացահայտ առավելությամբ «Ծառուկյան» դաշինքն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը և արդյոք ՀՀԿ-ն մտահոգված չէ՞ այն փաստով, որ ըստ այդ հարցումների՝ ունի շատ-շատ ցածր վարկանիշ, մանավանդ, որ այս հայտարարությունից հետո հրապարակվեց լատվիական ընկերության կատարած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքն ընտրապայքարի առաջատարն է 40,4% ձայներով՝ գերազանցելով Հանրապետական կուսակցությանը՝ 19,4%-ով:

Պարոն Աշոտյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ՕՐՕ-ի հարցումների՝ լատվիական հարցումներին, ապա եթե դուք գտնում եք, որ դրանք արժանահավատ են և լուրջ վերլուծության արժանի, ապա, ինչ ասեմ, լրատվական, քաղաքական ու քաղաքացիական ճաշակի հարց է, խնդրեմ, շարունակեք վերլուծել: Ինձ մոտ պարզապես ժպիտ է առաջացրել, հատկապես ՕՐՕ-ի հարցումը, չգիտես ինչու գովում են Ծառուկյան դաշինքին, մի քիչ չեմ հասկանում»:

Դառնալով տնօրենների աղմկահարույց ձայնագրություններին ՝ պարոն Աշոտյանն ասաց, թե ակնհայտ է, որ այդ ձայնագրություններով զբաղվում են համապատասխան մարմինները , վստահ է, որ նաև ԿԸՀ-ից կլինի արձագանք. «Իրավական պետություն կառուցելու ճանապարհին հանրային գնահատական պետք է տալ բացառապես, եթե կա իրավական հիմք: Այդ տեսանկյունից կհորդորեի մարդկանց պիտակներ կպցնելուց առաջ սպասել իրավական գնահատականներին»:

Պարոն Աշոտյանը բարձրացրեց այն հարցը, թե ինչու նշված դիտորդական կազմակերպությունը չի զանգել նաև այլ տնօրենների, որոնք հարում են այլ կուսակցությունների, ուստի նա վիճարկեց կատարվածի օբյեկտիվությունը ու հայտարարեց, թե դա միտումնավոր ՀՀԿ-ի հակաքարոզչություն է իրականացվում:

Դառնալով այն փաստին, որ տնօրենները ցուցակ են կազմում ՀՀԿ-ի համար, Արմեն Աշոտյանն ասաց` որևէ օրենք նման բան չի արգելում. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լինել կուսակցական: Եթե տվյալ տնօրեններն իրենց աշխատանքն իրականացրել են ոչ իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում, ոչ աշխատանքային ժամին, ապա այստեղ խախտման մասին խոսք գնալ չի կարող: Ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունները: Եթե չեն հավաքում շատ վատ: Եթե ապացուցվի, որ դա արվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահումով, դա լավ չէ: Եթե դա արվել է պաշտոնական պարտականություններից դուրս, ապա դուր է գալիս դա մեզ, թե ոչ, այդ մարդիկ ունեն դրա իրավունքը, ինչպես բոլորը»:

Արմեն Աշոտյանը նշեց, եթե այս փաստը իրավական լուրջ գնահատականի արժանացնենք, ապա ավելի շուտ տվյալ դիտորդական կազմակերպությանը պետք է զրկել դիտորդություն իրականացնելու իրավունքից, քան ՀՀԿ-ին ընտրությունների մասնակցությունից:

Դառնալով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի` աղմկահարույց ձայնագրությունների առիթով արձագանքին ` պարոն Աշոտյանը ձեռնպահ մնաց այն մեկնաբանելուց, պարզապես հիշեցրեց, որ 2013-ին, երբ ինքը ԿԳ նախարար էր նախագահական քարոզչության ընթացքում արձանագրել է 6-8 խախտումներ ռեկտորների մակարդակով և բոլորը ստացել են առնվազն խիստ նկատողություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031