Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսինյանը հորդորում է՝ ի՜նչ Ուտիք, Գանգեսն ու Հռենոսն էլ պահանջեք Ադրբեջանից, ժլատ մի եղեք. (Տեսանյութ)

Մարտ 28,2017 15:29

Այսօր «Հայացք» ակումբում Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին հարցրեցինք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ իշխանությունը հրճվում է, երբ առաջին նախագահն ասում է, որ դուք ընտրված եք եւ դավաճան չեք, որ գնում եք այս փաստաթղթով, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Արման Մուսինյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով ժամանակին արտգործնախարար, գոնե պիտի հասկանար, թե ինչ ասաց Տեր-Պետրոսյանը: Բերեց Վիետնամի օրինակը: Մենք անդրադարձանք դրան, որ ՀՀԿ-ն անգամ երազում կարող է չտեսնել, որ կարող է մաքրվել եւ լեգիտիմացվել:

Անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման իրենց առաջարկին, լրագրողները հարցրեցին՝ մտավախություն չկա՞, որ դա կընկալվի որպես թուլության նշան ՀՀ-ի կողմից: Արման Մուսինյանն արձագանքեց՝ հետեւաբար երբեք պետք չի՞ գնալ խաղաղության, որովհետեւ ցանկացած պահի երբ գնաք, կարող են գնահատել դա թուլության նշան. «Եթե Հայաստանն իր գործողությունները պայմանավորում է Ալիեւի վարքագծով, այսպիսի ճակատագրական արդյունք կլինի, դա նշանակում է, որ ՀՀ-ի համար նման բախտորոշ հարցում մենք մեր դիրքորոշումների որդեգրման բանալին տալիս ենք Ալիեւի ձեռքը: Ինքը ոնց կպահի, այդպես էլ մենք մեզ կպահենք: Մենք պիտի իրեն վարքագիծ պարտադրենք: Որ պահին, որ մենք պայմանավորեցինք Ալիեւի որեւէ ցնդաբանության, որեւէ հռետորաբանության պահով, մենք դառնում ենք իր գերին: Դա կնշանակի, որ մենք ի վիճակի չենք Ալիեւից անկախ ռազմավարություն մշակենք»:

Դիտարկմանը, որ Ալիեւին ինչպե՞ս կարող ենք վստահել, երբ բանակցություններին մի բան են պայմանավորվում, հետո հերքում է՝ Մուսինյանը պատասխանեց, որ հենց կոնֆլիկտն էլ դրանով է կոնֆլիկտ, որ չի լուծվում. «Խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արեւի վրա չի: Խաղաղության պայմանագրի ուժը նրանում է, որ ինքը ոչ թե չի ցանկանա խախտել, այլ չի կարողանա խախտել, եթե նույնիսկ շատ ցանկանա»:

Մուսինյանը ընդգծեց՝ Հայաստանը չպիտի իր վարքագիծը պայմանավորի Ալիեւով, սա ֆունդամենտալ սխալ մոտեցում է. «Որ օրը դրանով պայմանավորեցինք՝ մենք կործանվելու ենք, Ալիեւը իր համար Բաքվում նստած որոշելու է, թե մենք մեզ ոնց պահենք: Սա ֆունդամենտալ վտանգ է»:

Արման Մուսինյանն առաջարկեց մյուս քաղաքական ուժերին ազնիվ լինել. «Ալիեւը հո չի բարիանալու, ինչի՞ պիտի բարիանա, հետեւաբար թող ազնվություն ունենան այդ քաղաքական ուժերը, ովքեր այդպես են մտածում, ասեն, որ ժողովուրդ լուծում չի ունենալու ԼՂՀ հարցը: Դուք անում եք եզրահանգման կեսը, մյուս կեսը չեք անում: Ձեր պատասխանատվության մասը չեք անում, գցում եք Ալիեւի վրա, աշխարհում բոլորը մեղավոր են, հետո պիտի ասեք՝ ժողովուրդ ջան, ես հայտարարում եմ, որ այս հարցը չի լուծվելու՝ այդ ձեր պատասխանատվության մասը ոչ ոք չի անում»:

Հարցին՝ մի օրինակ կբերե՞ք, որ հարցն այդպես լուծվել է ձեր տարբերակով, նա Հյուսիսային Կիպրոսի օրինակը բերեց. «Կիպրոսում պատերազմ կա՞: Դուք ուզում եք Կիպրոսը ճանաչի Հյուսիսային Կիպրո՞սը, չի լինելու նման բան: Ուզում եք Ադրբեջանը Ղարաբաղը ճանաչի՞: Ի՞նչ եք ուզում»:

Aravot.am-ի հարցին՝ ձեր ընդդիմախոսներն ասում են, որ աբսուրդ է, երբ հաղթանակած երկիրը փոխզիջում է առաջարկում պարտված կողմին, այն դեպքում, երբ պարտվողը որեւէ զիջման մասին չի խոսում՝ Արման Մուսինյանը պատասխանեց. «Ո՞նց եք ասում, որ փոխզիջում չկա: Դուք իմ եւ ձեր ցանկությունները փորձում եք դարձնել քաղաքական հարց: Պետությունները բանակցած եկել են այդ փոխզիջումների: Միջազգային հանրությունն այդ փոխզիջումային լուծումը բերել է: Իմ եւ ձեր ցանկությունները որեւէ արժեք չունեն: Ինձ եւ ձեզ որ մնա, մենք Գանգես, Հռենոս կուզենք, այդ ի՞նչ ժլատություն է, Հռենոս, մինչեւ Քյոլնի մայր տաճար: Բայց կներեք, եթե մենք մեր ցանկություններն ենք դնում, մենք մտնում ենք նույն լոգիկայի մեջ, ինչ այսօր Ուտիք պահանջողները, ոնց ուզում եք՝ նայեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031