Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ գտնվում են պաթոսը գլխին տված մարդիկ». Արման Մուսինյանը՝ խաղաղության ծրագրի քննադատությունների մասին

Մարտ 28,2017 14:59

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն այսօր «Հայացք» ակումբում, ասաց, որ իրենք ամեն ինչ անում են քարոզարշավը քաղաքականացնելու համար: Մյուս ուժերն, ըստ էության, ամեն ինչ անում են քարոզարշավը եւ գործընթացն ապաքաղաքականացնելու ուղղությամբ: Եթե ՀՀԿ-ի համար ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ տարիներ շարունակ նրանք հենց այդպես ընտրողներին թաղային հեղինակությունների, վարչարարարական ռեսուրսի միջոցով փորձել են ձայներ կորզել, մյուսները հիմա ըստ էության ժողովրդին ոչինչ չեն ասում:

Հարցին՝ եթե ընտրությունների արդյունքները ձեզ չբավարարեն ի՞նչ քայլերի եք դիմելու՝ Արման Մուսինյանը պատասխանեց, որ եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն նույնքան եւ անցնեն նույն որակով, ինչ նախորդ ընտրությունները եւ Սահմանադրական հանրաքվեն, կբողոքարկեն ընտրությունների արդյունքները:

Հարցին՝ տարիքի համար նախորդ ընտրություններին առաջին նախագահը հրաժարվեց մասնակցել, հիմա այս տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել՝ Արման Մուսինյանը պատասխանեց, որ հարցազրույցում նաեւ նա ասել է՝ եթե լինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, ձեռքերը ծալած չենք նստելու: Իսկ հիմա Ղարաբաղի հարցը կարելի է համարել ֆորս-մաժորային իրավիճակ:

Անդրադառնալով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններին՝ Արման Մուսինյանն ասաց, որ այն արդարացումները, որ ՀՀԿ-ականները տալիս են՝ ծիծաղելի են: Ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները պետական մարմիններին են վերաբերվում. «Այն, որ 114 դեպքերում բոլոր 100 տոկոսը եղել են ՀՀԿ-ի համար վարչական ռեսուրսը կիրառողներ, որոնք հիմա ներկայանում են իբր գաղափարական առումով կամավոր աշխատողներ, ցույց են տալիս, որ մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ՝ վարչական ռեսուրսի չարաշահման»:

Այն քննադատությունները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հողերն ուզում է հանձնել, ըստ Արման Մուսինյանի, անհիմն են, որովհետեւ Տեր-Պետրոսյանը 20 տարի է՝ իշխանություն չէ, հող հանձնելու, հող գրավելու լիազորություն չունի. «Մենք ասում ենք, որ ԼՂՀ հարցի կարգավորման հարցում ստեղծվել է պատեհություն, եթե ՀՀ-ն այս պատեհությունից չի օգտվում, մեզ առաջիկայում ավելի վատ փաստաթղթեր են սպասվում եւ ՀՀ-ն ճիշտ կանի, որ անկեղծորեն պատրաստակամություն հայտնի գնա խաղաղության եւ հաշտության պայմանագիր ստորագրելու ճանապարհով»:

Հարցին՝ ձեր ռեյտինգի վրա դա չի՞ ազդի՝ Մուսինյանը պատասխանեց. «Մեր առաջ քաշած խաղաղության, բարիդրացիության գաղափարը աստիճանաբար ընկալվում է»: Արման Մուսինյանը նշեց, որ մարդիկ հրապարակավ կարող է խուսափեն այս թեմայի մասին խոսելուց, բայց իրենք իրենց ներսում մեծ մասով հավանության են արժանացնում մեր գաղափարը»: Ըստ նրա, սովորաբար, երբ հարեւաններով, մի խմբով թեման քննարկում են, միշտ գտնվում են պաթոսը գլխին տված մարդիկ, որոնց հետ այսպես ասած գլուխ չեն ուզում դնել:

Լրագրողները հիշեցրին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքներում ասված խոսքերը՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղը ծախել է, իսկ հիմա երբ ասում է, որ խաղաղության ծրագիրը մենք ենք առաջարկում եւ ՀՀԿ-ն, ենթատեքստով ասում է՝ կամ մենք, կա՛մ ՀՀԿ-ն: Արման Մուսինյանը պատասխանեց. «91-ից չի եղել որեւէ դեպք, երբ Ղարաբաղի հարցը դարձնենք քաղաքական կոնյուկտուրայի առարկա: Մենք միշտ կողմնակից ենք եղել հարցի լուծմանը: Մենք կարող ենք մեր գնահատականն ունենալ, թե որտեղից ուր հասանք…Եթե լուծվեր 97-ին, այս 20 տարիներին ՀՀ-ն ավելի մեծ հնարավորություն կունենար ծաղկելու, բարգավաճելու: Մենք հիմա ասում ենք, որ եթե նույնիսկ այն տարբերակն ավելի լավն էր, այս պատեհությունից պետք է օգտվել»: Նա վստահեցրեց, որ իրենց խոսքերի մեջ պարտվողականություն եւ զիջողականություն չկա, կա իրերի ռեալ գնահատական:

Մուսինյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի մասին իրենց որեւէ գնահատական չի փոխվել, բայց փաստն այն է, որ այսօր նախագահը Սերժ Սարգսյանն է, ու ՀՀ-ի անունից այսօր բանակցում է ՀՀԿ-ի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը: Եթե այս պատեհությունը բաց թողենք, ռազմական գործողությունների ծավալման ավելի մեծ հավանականություն է սպասվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031