«Կարծում եմ՝ ներկայումս մի ուժ կա՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, որ պայքարի առանցքն է դարձրել Արցախի հարցը»,- մարտի 28-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա մանրամասնեց. «Ցավոք սրտի, ՀԱԿ-ՀԺԿ-ի անդրադարձը, ըստ էության չէ: Բառերով քողարկված մի քարոզ է՝ խաղաղության քարոզ, որի էության մեջ՝ պատերազմի քարոզ: Որովհետեւ խաղաղությունը բոլորիս համար ցանկալի է՝ ես չեմ կարծում, որ որեւէ սթափ մարդ երբեւէ պատերազմ կուզեր, բայց այն ինչ-որ առաջարկվում է՝ բերելու է պատերազմի: Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ միայն ցանկությունների վրա է խարսխվում, այլ ռազմաքաղաքական հավասարակշռության: Այսօր մենք որոշակիորեն այդ հավասարակշռությունը պահպանում ենք՝ այո՛, դժվարությամբ, այո՛, զոհերի գնով, դա արդեն առանձին վերլուծության հարց է, թե ինչու այդպես եղավ, բայց դա պահում ենք ներկա դիրքերի շնորհիվ: Հանձնելով 5+2 շրջանը մենք էապես խոցելի եւ ոչ պաշտպանունակ ենք դարձնում մեր դիրքերը եւ ոչ միայն Արցախում, այլեւ Սյունիքում: Գումարած՝ մենք հոգեբանորեն մեր թշնամուն հնարավորություն ենք տալիս, որպեսզի ինքը արդեն իսկ ակնկալի, որ զիջողականությունը շարունակվելու է»:
Արա Պապյանը նշեց, որ մնացած քաղաքական ուժերը կա՛մ հպանցիկ են անդրադառնում, կա՛մ անդրադառնում են որպես երկրորդական հարց: Ըստ նրա, Արցախի հարցը իր արժանի անդրադարձը չունի ընտրապայքարի մեջ. «Օրինակ՝ Դաշնակցությունը, որը չհանձնելու կողմնակից է՝ հայրենիքը ծախու չէ, հայրենիքը չի կարող հանձնվել, բայց պետք է հստակ ասենք, որ նաեւ ընդունելի չէ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները: Երբ Տեր-Պետրոսյանը ասում էր՝ ես նոր բան չեմ ասում, ասում եմ այն, ինչ Մադրիդյան սկզբունքներն են, դրանց մեջ ճշմարտություն կա: Ստացվում է, որ Հանրապետականը թաքնվում է ՀԱԿ-ի թիկունքում: Կուսակցությունները ոչ միայն հստակ պետք է անդրադառնան, այլ նաեւ պետք է մյուսների դիրքորոշումը բացահայտեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ