«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ՕՐՕ դաշինքից առաջադրված ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածու Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, վստահված անձինք Անահիտ Թարխանյանն ու Արմեն Հովհաննիսյանը հայտարարեցին, որ Անդրիաս Ղուկասյանն ապօրինաբար է պահվում անազատության պայմաններում եւ նրա կալանավորման ժամկետը առանց հիմնավորումների անընդհատ երկարացվում է:
Խոսելով ԱԺ ընտրական գործընթացի մասին՝ Կ. Մեժլումյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Անդրիաս Ղուկասյանը, գտնվելով ՔԿՀ-ում, անհավասար պայմաններում է, եթե չասենք, ընդհանրապես զրկված է այդ հնարավորությունից: «Մենք անգամ միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի Անդրիաս Ղուկասյանը ընտրությունների հետ կապված գոնե մեկ անգամ լրագրողների հետ հանդիպելու, մամուլի ասուլիս անցկացնելու, իր դիրքորոշումն անձամբ լրագրողներին կամ հանրությանը ներկայացնելու, քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենա, սակայն դա էլ մերժեցին: Կարճ ասած, նրան մինչեւ ընտրությունների ավարտը արգելափակել են», – հայտարարեց փաստաբանը:
Aravot.am-ի հարցին, թե օրենքը կալանավայրում գտնվող անձի, պատգամավորության թեկնածուի համար հանրային հանդիպում կազմակերպել նախատեսո՞ւմ է, Կարեն Մեժլումյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ թեկնածուները ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ: Իսկ Անդրիաս Ղուկասյանը քարոզչություն իրականացնելու եւ գոնե լրագրողներին հանդիպելու իրավունքից զրկված է կամային սկզբունքներով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ