Այսօր «Հայացք» ակումբում ՀՎԿ պատգամավորության թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը իր ընտրողների հետ պայմանագիր է կնքում: Պայմանագրով թեկնածուն խոստանում է, որ չի փոխելու իր բնակության հասցեն՝ Բակունցի 1, բնակարան 5 ու եթե իր խոստումները չկատարի, կարող են իրեն հանգիստ գտնել ու տհաճ իրավիճակ ստեղծել իր համար. «Երբ ցանկանաք, ինձ կարող եք գտնել, ես ապարանքներում չեմ եւ թիկնազորով չեմ»: Թեկնածուն խոստանում է նաեւ, որ իր հեռախոսահամարն էլ չի փոխելու:
Պայմանագրում նաեւ դրույթ կա՝ «Հասնելու եմ նրան, որ երեւանցիները տրանսպորտում կռացած չերթեւեկեն: Նման պայմաններում տրանսպորտից օգտվելը նսեմացուցիչ է եւ անհանդուրժելի»: Թեկնածուի խոսքերով՝ «Կռացած երթեւեկող մարդը ամեն հարցում էլ կարող է կռացած լինի»:
Տիգրան Սարգսյանը նաեւ խոստանում է ընդդիմանալ ցանկացած անարդար եւ կամայական որոշման դեմ:
Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ռեյտինգային թեկնածու եք ՀՎԿ-ի կողմից առաջադրված, իսկ ՕԵԿ-ը ըստ նպատակահարմարության նախկինում եղել է մեկ ընդդիմության, մեկ իշխանության մեջ, հիմա դուք այսպես «դուխով» պայմանագիր եք կնքում քաղաքացիների հետ, ի՞նչ գիտեք ձեր կուսակցությունն ինչ է անելու հետագայում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Կոալիցիա կազմելը ինձ չի խանգարի, որ ես, որպես պատգամավոր իմ պարտականությունները կատարեմ: Պատգամավորը հրաշագործ չի, թագավոր չի, ինքը օրենսդիր է: Իր թիվ մեկ խնդիրը օրենքի նախագիծ մշակելը, ներկայացնելն ու պաշտպանելն է»:
Կարդացեք նաև
Տիգրան Սարգսյանը խոսեց թեկնածուների պաստառները պատռելուց: Նա պատմեց, որ անձամբ նկատել է, թե ինչպես են իր պաստառը պոկում՝ չնկատելով, որ թեկնածուն կողքը կանգնած է: Դիմել է իրավապահ մարմիներին. «Միանգամից զանգեցի ոստիկանություն եւ հաղորդում տվեցի»: ՀՎԿ թեկնածուն վստահեցնում է, որ Արաբկիրում ավելի հանդուրժող են ու գոնե փակցնելուց հետո 4-5 օր անց են պոկում քարոզչապաստառները, իսկ Դավիթաշենում, օրինակ, մեկ օր էլ չեն թողնում մնա. «Ես Դավիթաշենում շատ լարվածություն եմ տեսնում: Չեն հանդուրժում ուրիշ թեկնածուի պաստառները: Նույնիսկ դեպք է եղել, որ իմ համախոհները փորձել են այնտեղ իմ պաստառները փակցնել, ինչ-որ մեկը ներկայացել է որպես ՀՀԿ-ի շտաբի ներկայացուցիչ, փորձել է իմ համախոհին տանել շտաբ, թեւից բռնել է: Իմ համախոհը մկրատով սպառնացել է, ասել է՝ թեւս թող, թե չէ հեսա քեզ…»: Քանի որ միտքը չավարտեց՝ մենք ճշտեցինք՝ ինչ է պատրաստվել մկրատով անել, արդյո՞ք ՀՀԿ շտաբի ներկայացուցչի աչքերը հանելո՞ւ էր՝ Տիգրան Սարգսյանը ծիծաղեց:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ Արաբկիրում եւ Աջափնյակում հանգիստ թեկնածուները կարողանում են տարածել իրենց քարոզչանյութերը՝ առանց խոչընդոտների:
Լրագրողները հարցրեցին՝ երբ ընտրողներին ներկայանում եք եւ իմանում են, որ ՀՎԿ-ն եք ներկայացնում, ինչպե՞ս են ձեզ ընդունում, չե՞ն հիշեցնում, թե ինչպես վարվեց Արթուր Բաղդասարյանն իր ընտրողների հետ 2008-ի փետրվարին: Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «ՀՎԿ թեկնածու լինելն իմ համար առավելություն է, որովհետեւ մեր ղեկավարն առանց թուղթ ու գրիչի խոսացող մարդ է, շատ պատրաստված, գրագետ…Մարդկանց արձագանքները շատ տարբեր են: Կան մարդիկ, որ ասում են՝ Մարտի 1-ին ինչի՞ Արթուր Բաղդասարյանը չկանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ես էլ ի՞նչ եմ ասում, ասում եմ՝ ախր Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանն է եղել, Մարտի 1-ին դուրս եկե՞լ է, որ…»:
Տիգրան Սարգսյանը լրագրողների դիտարկմանը, որ 2008-ին մարդիկ հայհոյում էին Արթուր Բաղդասարյանին դավաճանության համար՝ արձագանքեց. «Ամեն մարդ յուրովի է ընկալում, օրինակ, ես գտնում եմ, որ այդտեղ դավաճանություն չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ