27.03.2017թ. civilnet.am կայքում հրապարակվել է՝ «Տնօրենների կողմից ձայների հավաքագրումը իրավական հետևանքներ չի ունենում (լրացված)» վերտառությամբ մի հոդված, որտեղ հոդվածագիրը հղում կատարելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում դրանցից միայն մեկում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարությանը՝ նշել է.
««…Քրեական օրենսգիրքը, մինչդեռ, ասում է․ «Քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելը, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելը [․․․․] պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով»(Հոդված152)։»
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում նման ձևակերպումներով հոդված չկա: ՀՀ քրեական օրենսգիրքը հրապարակային իրավական ակտ է, հասու յուրաքանչյուրին և վերոնշյալ 152-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
Կարդացեք նաև
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածը, նախ՝ ոչ մի կապ չունի ինչպես հրապարակման մեջ նշված հոդվածի, այնպես էլ՝ վերոնշյալ 114 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների կողմից իրականացրած գործողությունների հետ:
Ուշագրավ է նաև, որ կայքի հրապարակման մեջ օրենսգրքերից արված մյուս մեջբերումներն ունեն հղումներ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի հղումը տեղադրված չէ:
Հույս ենք հայտնում, որ նման կեղծիքի հրապարակումը թյուրիմացության կամ չիմացության արդյունք է, և չի հետապնդում քաղաքացիներին դիտավորյալ թյուրիմացության մեջ գցելու, իրավապահ համակարգի գործունեությունը վարկաբեկելու նպատակ: